«Անցյալ տարվանից Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) կազմակերպում է 3 ընդունելության քննություն, առաջինը՝ հունվար- փետրվար ամիսներին, երկրորդը՝ հունիսին եւ երրորդը՝ հուլիսին։ Հունվար-փետրվար ամիսներին դիմորդները նշում են առավելագույնը 2 առարկա եւ հանձնում քննություններ, հունիսին, բացի քննություններից՝ նշում են բուհը եւ մասնագիտությունը։ Նույնը անում են լրացուցիչ՝ երրորդ փուլում։ Այս բոլորի արդյունքում հուլիսի 18-ին կազմակերպում ենք մրցույթի հիմնական փուլը եւ հրապարակում բուհ ընդունվողների եւ չընդունվողների արդյունքները»,- ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում։
ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, այս տարի երրորդ փուլը այլ կերպ է իրականացվել․ «Կառավարության որոշմամբ՝ նախկին կարգի կետերով թույլատրված էր մասնակցելու օտարերկրյա ուսումնական հաստատություններում սովորող շրջանավարտներին, բանակից զորացրվածներին եւ քննության ընթացքում հիվանդացած դիմորդներին։ Այս տարի երրորդ փուլում թույլատրվել է մասնակցել նաեւ Տավուշի մարզի 12-րդ դասարանի շրջանավարտներին։ Նրանք թեստերը գրել են նոր չափորոշիչներով։ Տավուշում մասնակցել է շուրջ 900 դիմորդ։ Առայժմ արդյունքները վերլուծվում են, համեմատվում նախորդ քննությունների արդյունքների հետ»։
Նա տեղեկացրեց, որ քննություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 14776 դիմորդ, բուհ դիմողների ընդհանուր թիվը, ներառյալ ներբուհական քննություն հանձնողներինը՝ 14332 է։ «Արձանագրենք, որ շրջանավարտների 72 տոկոսը դիմել է բուհ։ Կան բուհեր, որոնց քննությունները եւ մրցույթը ԳԹԿ-ն չի կազմակերպում, դրանք են Սլավոնական, Ֆրանսիական, Ամերիկյան համալսարանները, Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղը, Պլեխանովի անվան համալսարանի մասնաճյուղը եւ այլն։ Ստացվում է, որ բուհ դիմողների թիվը 72 տոկոսից ավելին է»,-հավելեց Նասիբյանը։
ԳԹԿ փոխտնօրենի խոսքով՝ բուհ եւ մասնագիտություն չի նշել 444 հոգի, այսինքն` նրանք գնում են այնպիսի բուհեր, որոնց մրցույթը ԳԹԿ-ն չի կազմակերպում։ «Հատկացված անվճար տեղերը՝ 2117 էին, վճարովին՝ 13921։ Ընդհանուր թիվը կազմում է՝ 16038։ Այսինքն՝ մենք դիմորդների թվից ավելի հատկացված տեղեր ունեինք, որից ընդունվել են 1849 անվճար եւ 7569 վճարովի։ Հիմնական փուլի ընդունվածների ցուցակները հրապարակելուց հետո ԳԹԿ-ն հրապարակում է նաեւ թափուր տեղերը։ Մրցույթից դուրս մնացածները կարող են մասնակցել թափուր տեղերի համար հայտարարված մրցույթին։ Դեռեւս շարունակվում է թափուր տեղերի մրցույթի համար հայտագրման գործընթացը, որը կավարտվի հուլիսի 26-ին ժամը 18-ին։ Թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ