Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն Շևչենկոն շնորհակա՞լ է 44-օրյա պատերազմի, Լեռնային Ղարաբաղի հայության շրջափակման, 2023թ. սեպտեմբերի պատերազմի համար, երբ էթնիկ զտման պայմաններում հայությունը բռնի տեղահանվեց. «Գարդման Շիրվան Նախիջևան»

Հուլիս 23,2024 13:13

Ադրբեջանի պետական համակարգը չի դադարում իր քաղաքական առաջնահերթությունների տարածման գործընթացում ներգրավվել անաչառությունից և անկողմնակալությունից չափազանց հեռու գտնվող խոսիչների, որոնք վերածվում են ադրբեջանական այլակերպումները տարածելու խողովակների։

Հուլիսի 20-22-ը Շուշիում տեղի ունեցած երկրորդ գլոբալ մեդիա ֆորումը կրկին վերածվեց հակահայկականության արտահայտման հարթակի, որի ժամանակ ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն ստանձնեց ադրբեջանական «արդարության» խոսիչի դերը՝ անուղղակի կերպով մեղադրելով հավաքական Արևմուտքին «սուտ նարատիվների» ստեղծման և տարածման մեջ, որոնք իբրև թե «որոշում են», թե պատմականորեն որ ժողովուրդը որտեղ է ապրել և հետևաբար ինչպիսի պատմական լեգիտիմություն ունի։ Բնականաբար, հասկանալի է, որ այս հայտարարությունն իր սուր ծայրով ուղղված է երկրամասում հայության պատմական օրինակարգության խեղմանն ու զրոյացմանը։ Շևչենկոն ողջունում է Ադրբեջանին այդ «սուտ նարատիվներին» հարված հասցնելու համար։ Այս վերջին միտքը կարծես գալիս է հաստատելու այն իրողությունը, որ Ադրբեջանը հարվածում է «սուտ նարատիվների» բնորոշման տակ ընկած պարզ ճշմարտություններին։ Սակայն Շևչենկոն դժվարությամբ է կողմնորոշվում իր համոզմունքների մեջ և հաջորդիվ՝ որպես «սուտ նարատիվների» համոզված քննադատ, ձևավորում է սեփական «սուտ նարատիվը» Հայաստանի տարածքի, Հայաստանի պատմության և Հայաստանի ժողովրդագրության վերաբերյալ՝ չխորշելով մտնել անգամ Հայաստանի տեղանունների այլախեղման ադրբեջանական փնթի կոնցեպտների մեջ և 1980-ական թթ․ վերջինների մասին խոսելիս, չգիտես, թե ինչու, չնկատելով Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումները։

Խոսելով հումանիտար բանակցությունների հնարավորության մասին և իր աջակցությունը հայտնելով ադրբեջանցիների «պատմաբարոյական» իրավունքներին՝ որպես հումանիզմի արտահայտություն, Շևչենկոն մոռանում է 1988 թ․ Սումգայիթի հայության նկատմամբ տեղի ունեցած վայրագությունները, անտեսում է 1990 թ․ Բաքվի հայության ջարդը, 1992 թ․ Մարաղայի կոտորածը և առհասարակ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության էթնիկ զտումներն ու բռնի տեղահանումները, որոնք ընդամենը շարունակությունն են դեռևս XX դարի սկզբից սկսված հայատյաց քաղաքականության գործնական կիրառման։ Դրանցից և ոչ մեկը մինչ այսօր անհրաժեշտ պատմաքաղաքական գնահատականի չեն արժանացել և հանգեցրել են այն պարզ իրողությանը, որ հենց Շևչենկոն իր ուրախությունն է արտահայտում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանականացման կապակցությամբ և անգամ դրա համար շնորհակալություն հայտնում Ադրբեջանի նախագահին և ի դեմս վերջինիս նաև Ադրբեջանի ժողովրդին։ Այսինքն Շևչենկոն շնորհակա՞լ է 2020 թթ․ 44-օրյա պատերազմի՝ որպես բազմավեկտոր հանցագործության համար, շնորհակա՞լ է Լեռնային Ղարաբաղի հայության 10-ամսյա շրջափակման և այն հումանիտար աղետի համար, որում ստիպված եղավ ավելի քան 120 հազար խաղաղ քաղաքացիական հայ բնակչությունը գոյատևել, շնորհակա՞լ է 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի պատերազմի համար, երբ ադրբեջանական հայատյացության ամենախորը դրսևորման՝ էթնիկ զտման պայմաններում հայությունը, որը հազարամյակներով բնակվել էր Լեռնային Ղարաբաղում, բռնի տեղահանվեց՝ ադրբեջանական վարչակարգի կողմից որակվելով որպես ադրբեջանական «ինտեգրացիան» մերժող։

Ի պատասխան Շևչենկոյի «խիստ հումանիտար» հարցադրմանը, թե կարող են արդյոք վերականգնվել ադրբեջանցիների որոշակի խմբի «պատմաբարոյական» իրավունքները, Ադրբեջանի նախագահը պատասխանեց, թե դա կախված է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքից։ Իլհամ Ալիևը, ով իր ավելի քան երկտասնամյա նախագահության ընթացքում, քաղաքական կամք կարողացել է դրսևորել սեփական վարչակարգի և իր ընտանիքի ժառանգական պաշտամունքի արմատավորման, բռնապետական կառավարչաձևի տիրապետման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ոտնահարման, խավիարային դիվանագիտության և զազրելի այլ բազմաթիվ գործողությունների հարցում, որոնք հասցրել են ուժի և պատերազմի գաղափարի առաջմղմանը, հանկարծ քաղաքական կամք է ակնկալում Հայաստանից։ Իսկ արդյո՞ք Ադրբեջանն ունի բավարար քաղաքական կամք՝ հաշվի նստելու, օրինակ, այն իրողության հետ, որ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Գետաշենում, Մարտունաշենում և պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայկական ու հայաբնակ վայրերում ռասիզմի և էթնիկ խտրականության բորբոքման հիմքով 1988-1992 թթ․ հայությունը ենթարկվել է ամենաիսկական ցեղասպանության, արդյո՞ք Ադրբեջանն ունի քաղաքական կամք՝ խոստովանելու, որ, օրինակ, Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը սեփական «սուտ նարատիվը» ձևավորելու տխրագույն փորձ էր, ունի արդյո՞ք Ադրբեջանը քաղաքական կամք՝ ընդունելու, որ հումանիզմից չի կարող խոսել մի պետություն, որը հերոսացրել է հայ սպային ամենադաժան կերպով սպանած զինվորականին։ Եվ ամենակարևորը, ունի՞ Ադրբեջանն արդյոք քաղաքական կամք վերականգնելու Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնի տեղահանված, փախստական դարձած մեկ միլիոնը գերազանցող հայերի բոլոր իրավունքները, ներառյալ՝ վերադարձի, տնտեսական վնասի փոխհատուցման, սոցիալական, մշակութային և շատ այլ: Սրանք նվազագույն իրողություններն են, որոնց հարցում Ադրբեջանը ոչ միայն չունի քաղաքական կամք, այլ փոքրագույն իսկ ցանկություն՝ ընդունելու դրանք որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Մաքսիմ Շևչենկոյի «արդարամտությունը» «սուտ նարատիվների» ժխտման և նորերի կերտման հարցում։ Խորհուրդ ենք տալիս վերջինիս՝ երկրամասի ընթացիկ իրողությունների շուրջ պատմական անցյալին հղում կատարելիս, բարի լինել ծանոթանալ այդ իրողություններին ադրբեջանական դասագրքերից դուրս, որոնցում ճշմարտությունը նույնքան հազվադեպ է, որքան ազատությունն Ադրբեջանում։ Հորդորում ենք նաև Հայաստանի մասին խոսելիս ուշադիր գտնվել տեղանունների հարցում, այլապես տպավորությունն այնպիսին է, թե Շևչենկոն խոսում է Իրանի հյուսային նահանգներից մեկի մասին՝ ունկնդիրների մոտ առաջացնելով տարածաժամանակային անփութության տպավորություն։ Իսկ Ադրբեջանի նախագահը պետք է հասկանա, որ նման խոսիչների վարձակալության փոխարեն ժամանակն է զբաղվել միջազգայնորեն ստանձնած այն պարտավորությունների կատարմանը, որոնք որոշակի առնչություն ունեն Ալիև-Շևչենկո մտերմիկ զրույցում քանիցս չարչրկված «հումանիզմի» գաղափարի հետ։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031