Պարզվել են Կապան քաղաքի բնակչուհու կողմից Քաջարան քաղաքի երկու բնակչի` դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը և շարժառիթը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հուլիսի 17-ին Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին, գտնվելով ոչ սթափ վիճակում, Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ընկերուհու կողմից հնչեցրած հայհոյանքների կապակցությամբ իրենց տաղավարի հարևան տաղավարում գտնվող անձանց կողմից կատարված դիտողությունների պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում, խուլիգանական դրդումներով, իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, չնչին առիթն օգտագործելով, դանակի գործադրմամբ դիտավորությամբ հարվածել է Քաջարան քաղաքի 35-ամյա բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այնուհետև, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, 27-ամյա կինը, նույն դանակի գործադրմամբ, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ հարվածել է նաև Քաջարան քաղաքի մեկ այլ՝ 46-ամյա տղամարդուն՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ կարճատև քայքայումով:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություններ, հարցաքննվել մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք դանակը:
Կարդացեք նաև
Տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Նախաքննության ընթացքում կինը տվել է խոստովանական ցուցմունք և զղջացել կատարվածի համար։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Կապան քաղաքի նշված բնակչուհու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան մեղադրանք է ներկայացվել։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցներին:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե