«Տնտեսական ծանր իրավիճակը և բնակչության ցածր գնողունակությունը բերել է նրան, որ «Նոյյան տապանի» գոյությունը սպառնալիքի տակ է։ Մեր գնումներն այնքան են իջել, որ խանութը սկսել է աշխատել վնասով։ Դա է պատճառը»,-մեր փաստմանը՝ լուրեր են տարածվել, որ «Նոյյան տապան» գրատունը փակվում է, գրախանութի ֆեյսբուքյան էջում լիկվիդացիոն գների մասին հայտարարություններ են և հարցին՝ ի՞նչն է պատճառը, այսպես պատասխանեց «Նոյյան տապան» գրատան տնօրեն Լուիզա Բերբերյանը։
Կարդացեք նաև
Շուրջ 30-ամյա պատմություն ունեցող գրախանութի տնօրենից հետաքրքրվեցինք՝ չեն դիմե՞լ բարերարների, որպեսզի իրենց օգնեն, նա պատասխանեց․ «Փնտրել եմ, նման մարդիկ չկան։ Ոչ մի բարերար ցանկություն չունի աշխատելու այս երկրում, և այդ իմաստով անհուսալի մի վիճակ է։ Տարբեր մարդկանց հետ փորձել եմ խոսել, լուրջ քայլեր ձեռնարկողներ չեն եղել»։
Հարցին՝ այս իրավիճակը վերջի՞ն տարվա հետևանքն է, թե վաղուց է սկսվել, Լուիզա Բերբերյանը պատասխանեց․ «Վերջին չորս-հինգ տարվա մասին է խոսքը, այս տարիների ընթացքում մարդիկ դադարեցին ուսմանը հետևել, դադարեց ընթերցանությունը կարևորագույն խթան հանդիսանալ իրենց կյանքում, հետևաբար դարձավ հետևանք ստեղծված իրավիճակը, որ գիրք կարդալ չեն ուզում, գիրք գնել չեն ուզում, մարդիկ գնումների ի վիճակի չեն։ Այսօր փորձում են ընդամենը սննդի ծախսերը բավարարել և դրանով իրենց ընտանիքի հոգսերը հոգալ։ Լրացուցիչ ծախսեր, որոնք նախատեսում են գրքի համար հատկապես, իրենք դա տրամադրել չեն կարող։ Իսկ գրախանութ առանց գրքի անիմաստ եմ համարում․ պարզապես գիրք ու տետրը գրախանութ չէ։ Եթե գիրքը կորցնում է իր նշանակությունը մեր պատկերացումներում, մեր ինտելեկտի մասնաբաժինը չի կազմում և անհրաժեշտություն չի հանդիսանում, հետևաբար գրախանութը չի կարող գոյություն ունենալ»։
«Նոյյան տապան» գրատան տնօրենն ասաց՝ հիմա գրքի համար լուրջ զեղչեր են դրել, որ կարողանան սպառել գրականությունը․ «Ծանր, ցավալի իրավիճակ է, որ ամենաճանաչված և ամենաառաջին գրախանութը, որ մոտ 30 տարվա պատմություն ունի, այսօր դադարեցնում է իր գոյությունը, և ասեմ Ձեզ, որ մենք երևի վերջիններից ենք․ մեզնից առաջ շատ գրախանութներ են փակվել։ Փակվել են շատերը, և հենց այդ պատճառով․ մարդկանց գնողունակությունը ցածր է։ Եվ այսուհետև, եթե մեր երկրի իրավիճակը մնաց այսպիսին՝ անվտանգության բացակայություն, արդյունքում կամ մարդիկ գնալու են երկրից, կամ փորձելու են խնայել գումարը վաղվա օրվա համար։ Ու չգիտես՝ վաղն ինչ կլինի․ վաղը դու կապրե՞ս այս տանը, թե՝ այստեղից էլ դուրս կհրավիրեն։ Այնպես որ, սա զարմանալի չէ, և մենք, այսօրվա իրավիճակը ճիշտ գնահատելով, փորձում ենք քայլ անել դեպի վաղը։ Իսկ վաղն այսօր ոչ ոք մեզ չի երաշխավորում։ Ցավալի է, բայց դա փաստ է։ Իրավիճակը սա է»։
Մեր հարցին՝ հնարավո՞ր է գրախանութի գործունեությունը շարունակվի այլ ձևաչափով, Լուիզա Բերբերյանը պատասխանեց․ «Մենք մեծ ցանկություն ունենք չփակելու, այլ սեփականատիրոջը փոխելու՝ այսինքն՝ վաճառելու շատ մատչելի գնով, որովհետև մենք ունենք արված շատ մեծ աշխատանք, մեծ ճանաչելիություն թե′ արտերկրում, թե′ ԱՊՀ երկրներում։ Մենք տետրերի արտադրություն ունենք՝ հեղինակային իրավունք, որը պատկանում է միայն մեզ։ Մենք դա տասնյակ տարիներով ենք ստեղծել, զարգացրել և էլի շարունակում ենք աշխատել։ Օրագրերի ձևաչափն էր պատրաստ հայկական տարբերակով՝ Անահիտի պատկերով, պատմական Հայաստանի պատկերով, այդ ամբողջը մնաց թղթի վրա՝ որպես ծրագիր։ Մենք հիմա ունենք այդ բոլորը պատրաստի վիճակում։ Եթե ինչ-որ մեկը կգտնվի, որը կգնահատի և կուզենա շարունակել «Նոյյան տապանի» գործունեությունը, ապա մենք կհանձնենք իրեն, կվաճառենք ինքնարժեքից ցածր գնով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ