Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրենք ի՞նչ կարող էին անել, Եվրոպա գնացե՞լ են, հեծանիվ վարե՞լ են: Էլ ի՞նչ եք ուզում. «Փաստ»

Հուլիս 23,2024 11:31

2018 թվականի իշխանափոխությունից հետո պարբերաբար ահազանգել ենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտը խորացնում է իր արմատները, ինչը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել, բայց իշխանությունները, որպես կանոն, արհամարհել են այդ մտահոգությունները։ Ավելին՝ հենց իշխանություններն են ներքին թշնամանքի գեներացման հեղինակը։ Ու այս թշնամանքն այնքան է արմատավորվել, որ դուրս է եկել քաղաքական տիրույթից և տեղափոխվել միջանձնային տիրույթ։

Նաև դրա արդյունքում է, որ գրեթե օր չկա, որ մամուլում հրապարակումներ չլինեն հաշվեհարդարների, ծեծկռտուքի, դանակահարության ու հրազենային կրակոցների մասին։ Ու ամենացավալին այն է, որ այս դեպքերն ավարտվում են նաև մահացու ելքով։ Մի փոքր միջադեպը «մի կաթիլ մեղրի» նման կարող է վերածվել ողբերգական դիպվածի։ Քրեածին տարրերը վխտում են, այնինչ իշխանությունները կառավարության նիստերի ընթացքում խոսում էին քրեական ենթամշակույթի ու դրա կրողների դեմ պայքարի մասին։ Ակնհայտ է, որ հանցավորությունը անասելի չափերի է հասել, քանի որ ոչ միայն նախականխող միջոցներ չեն ձեռնարկվել և չեն էլ ձեռնարկվում, այլև անտեսվում են առկա սպառնալիքները։ Իշխանություններն իրավապահ համակարգը դարձրել են մի կողմից՝ շոուների ցուցադրման, իսկ մյուս կողմից էլ՝ ընդդիմադիրներին ճնշելու գործիք։ Այնինչ քրեական վարքով աչքի ընկնող տարրերը իրենց զգում են ինչպես ձուկը ջրում ու զենքերով օրը ցերեկով շրջում են փողոցներում։

Իսկ մինչ հայը հայի նկատմամբ ատելություն է տածում, հակառակորդը ձեռքերը ծալած չի նստել։ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ լայնածավալ հարձակման։ Ու պատահական չէ, որ Բաքուն մեծ քանակությամբ սպառազինություններ է ներկրում Թուրքիայից, Իսրայելից, Սերբիայից ու այլ երկրներից։ Ալիևն էլ իր հերթին նախապատրաստում է հարձակման սցենարը՝ միաժամանակ առաջ քաշելով տարբեր պահանջներ, որոնք լիովին անընդունելի են հայկական կողմի համար։ Հերթական անգամ Ադրբեջանի նախագահը, հոխորտալով Հայաստանի հասցեին, պահանջել է, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, հայկական կողմը ձեռնամուխ լինի Սահմանադրության փոփոխությանը և համատեղ դիմում հղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։ Բայց այս հոխորտանքներին համապատասխան արձագանք չի հնչում Երևանից։

Ու, ընդհանրապես, Հայաստանի բարձրագույն ղեկավարության համար, կարծես, առանձնահատուկ ոչինչ էլ չի կատարվում։ Կամ՝ գուցե կատարվում է այնպես, ինչպես իրենք ուզում էին, պլանավորել էին և այլն: Այսինքն, այդպես էլ պետք է լինի: Փաշինյանը մեկ ամսով արձակուրդ է գնացել, Բեռլինում ու Լոնդոնում հեծանիվ է վարում ու նկարներն էլ տարածում է համացանցում։ Ինչ մեծ ծառայություն է մատուցում երկրին։ Նա հանրային միջոցների հաշվին վայելում է կյանքը, մինչ իր իսկ պատճառով երկիրը գլորվում է անդունդը։ Եվ երբ Ադրբեջանն ամիսներ անց հարձակվի ու տարածքներ գրավի, իշխանությունները նորից կտարածեն, թե դրանում էլի նախկիններն են մեղավոր, ռուսներն են մեղավոր, ընդդիմությունն է մեղավոր, Եկեղեցին է մեղավոր: Իրենք ի՞նչ կարող էին անել, Եվրոպա գնացե՞լ են, գնացել են, հեծանիվ վարե՞լ են, վարել են, տեղը տեղին արձակուրդ գնացե՞լ են, գնացել են։ Էլ ի՞նչ եք ուզում:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031