«Հրապարակի» զրուցակիցը Լոռու մարզի Սարչապետ համայնքի 2003-2008 թթ․ ղեկավար Արգամ Պողոսյանն է։
– Օրերս գրել էինք, որ Սարչապետ համայնքի Լոք լեռան հատվածում՝ հայ–վրացական սահմանին, սահմանային ցուցանակ է հայտնվել։ Վարչական ղեկավարն ասել էր` նոր չէ, իսկ հաջորդ օրը «Հայկական ժամանակին» ասել էր, որ 2 տարի առաջ է տեղադրվել: Տեղյա՞կ եք հայ–վրացական սահմանի գործընթացներից։
– Մինչեւ 2008-ը հայ-վրացական սահման, որպես այդպիսին, գոյություն չուներ։ ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանումը հերթապահություն էր իրականացնում։ Խորհրդային տարիներից հայ-վրացական սահմանն այդ հատվածում միշտ կրել է վիրտուալ բնույթ։ Երկու կողմի պատկերացումը եղել է այն, որ սահմանն անցնում է Վիրահայոց լեռնաշղթայով, որի մաս է կազմում նաեւ Լոքի լեռնազանգվածը։ Խնդիրը, որը Դուք արծարծել եք, կապված է մատուռի հետ, որը գտնվում է Լոքի լեռնազանգվածի վրա՝ կենտրոնում։ Այնտեղով սահման անցկացնելն անհեթեթություն է, որովհետեւ, եթե լեռնագագաթը կիսում ենք, եւ հյուսիսային հատվածը մնում է Վրաստանին, այդ հատվածում ուխտատեղին է՝ Ճգնավորի խուցը, որտեղ հարյուրամյակներով ուխտագնացություն է կատարվում։ Ստացվում է, որ մատուռի մեջտեղո՞վ է անցնելու սահմանը։ Դա անհեթեթություն է։ Այդ մատուռը սովորական ուխտատեղի չէ, ամբողջ տարածաշրջանից են գալիս, հարյուրամյակներով ձեւավորված տրադիցիա է՝ Համբարձման տոնն է նշվում, ո՞նց կարող է մատուռը կիսվել, սահմանապահներ կանգնեն։ Մեր գյուղացիներն աշխարհով մեկ տարածված են՝ ԱՄՆ-ից մինչեւ Շվեդիա։ Այդ օրերին գալիս են՝ հենց մատուռ բարձրանալու համար։ Այդ վիրտուալ սահմանի վրացական հատվածում Քվեմո Քարթլի երկրամասի եւ Բոլնիսի բնակավայրերը հիմնականում բնակեցված են էթնիկ ադրբեջանցիներով։ Խորհրդային շրջանում այդ բնակավայրը կոչվում էր Ջանդարի, հետո վրացիները փոխել են անվանումը եւ դարձրել Լոք Ջանդարի։ Այս եւ մի քանի այլ բնակավայրեր էթնիկ ադրբեջանցիներով են բնակեցված՝ ամբողջ հայ-վրացական սահմանի երկայնքով մեկ, Մառնեուլի շրջանն ամբողջությամբ ադրբեջանաբնակ է։ Շատերն այս մասին տեղյակ չեն, բայց պատկերացնո՞ւմ եք՝ սահմանը գծվում է, մատուռը մեջտեղում է մնում, ու հայկական կողմից մարդիկ գնում են ուխտագնացության, ինչ ազգամիջյան խնդիրներ կարող են առաջանալ։ Ժամանակին, երբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հարց էի ուղղել սահմանի այդ հատվածի մասին, նա ինձ հստակ պատասխանել էր, որ Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվածություն կա, որ սահմանը պետք է անցնի ոչ թե լեռնաշղթաների գագաթներով, այլ բոլոր գագաթները պետք է մնան հայկական տարածքում։ Սահմանը պետք է գծվեր Վիրահայոց լեռնաշղթայի գագաթներից 300-500 մ հեռավորության վրա, իսկ կոնկրետ Լոքի հատվածում` նույնիսկ 800-ից մինչեւ 5 կմ հեռավորության վրա, որպեսզի մատուռի հետ կապված ընդհանրապես խնդիր չլինի։
– Սարչապետի ղեկավարը մեզ ասել էր, որ Google քարտեզով Լոքի հատվածը Վրաստան է։ Այսինքն՝ այս փոփոխությունը տեղի է ունեցել վերջին 2 տարիների՞ն, ինչպես GPS-ով Շուռնո՞ւխը դարձավ Ադրբեջան։
Կարդացեք նաև
– Ես Ձեզ ներկայացրի այն տեղեկատվությունը, որին տիրապետել եմ իմ ղեկավարման տարիներին։ 2008-ից հետո ինչ-որ քննարկումներ եղել են, բայց ես հանգիստ էի այն առումով, որ գիտեի՝ ընդհանուր պայմանավորվածությունն այնպիսին է, որ Լոքի լեռնազանգվածի հետ խնդիրներ չենք ունենա։ Ես 2020 թ. պանդեմիայի ամբողջ տարին անցկացրել եմ գյուղում եւ դեռեւս 20-ին նկատեցի, որ արդեն ինչ-որ սահմանային հսկողություն է ձեւավորվում՝ թե՛ հայկական, թե՛ վրացական կողմից, ու զարմանալին այն էր, որ անընդհատ խոսակցությունների մեջ շրջանառվում էր, որ սահմանն անցնում է Լոքի լեռնագագաթով։ Մենք գիտենք, թե Google-ն ինչպես է սահման գծում՝ ով վճարի, իր ուզածն են նշում։ Եվ ես վերջին օրերին առաջին անգամ ուշադրություն դարձրի, որ այդ Ջանդարի գյուղը վերանվանվել է Լոք Ջանդարի։ Սա նշանակում է, որ վրացական կողմից հավակնություններ ունեն։ Նախկինում Անդրանիկ Մարգարյանի եւ իրենց վարչապետի միջեւ եղել է բանավոր պայմանավորվածություն, հետո իրավիճակ է փոխվել, ու վրացական կողմն իր աշխատանքը կատարել է՝ թե՛ վերանվանումների հետ, թե Google-ի քարտեզների հետ կապված։
– Ստացվում է, որ վրացական կողմը փորձում է նախապես ինչ–որ արգումենտներ ստեղծել եւ օգտվել ՀՀ իշխանությունների հանձնվողական կեցվածքից ու տարածքային հավակնություններ ներկայացնել մեզ:
– Ես մի քանի անգամ հարցը նաեւ այլ ռակուրսից եմ բարձրացրել՝ Լոռու չեզոք գոտու հետ կապված։ Լոռու չեզոք գոտին 1921-ին նոր վերամիավորվել է Հայկական ԽՍՀ-ին, ու ես միշտ այդ հարցը բարձրացրել եմ եւ Տաշիրի շրջանի ազգաբնակչությանը զգոնության կոչ եմ արել, որ եթե մենք վստահում ենք այս ՔՊ-ական իշխանությանը, օրերից մի օր կարող ենք արթնանալ Վրաստանի Հանրապետությունում։ Չի բացառվում, որ հանուն «խաղաղության», այս իշխանությունը Վրաստանին էլ տարածքներ հանձնի։ Որեւէ հարցում նրանց չի կարելի վստահել։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: