Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն արձագանքում Ալիեւին, հա՞շտ են նրա դիրքորոշման հետ, թե՞ եթե արձագանքեն, կպարզվի, որ խաղաղության օրակարգ չկա»

Հուլիս 23,2024 10:37

«Առավոտի» զրուցակիցն է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

-Շուշիում անցկացված մեդիա համաժողովի ընթացքում Ալիեւը դարձյալ տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանին՝ խոսելով այսպես կոչված ադրբեջանցի «փախստականների» վերադարձի մասին։ Ի՞նչ ծրագիր է սա եւ ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար։

-Ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի ղեկավարն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը «Արեւմտյան Ադրբեջան» կոչել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթում, որովհետեւ դրան նախորդել էին Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղը եւ ՀՀ որոշ հատվածներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունները։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարը մեր պետության տարածքը սկսեց կոչել «Արեւմտյան Ադրբեջան»։

Դրան հաջորդեցին Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների երկու նամակները ՄԱԿ՝ 2023 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին, որտեղ հստակ նշվում էր այդ ծրագիրը։ Այսինքն՝ իրենք միջազգային հանրությանը կոնցեպտուալ ներկայացնում էին, թե ինչպես են պատկերացնում այդ ամենը։ Ներկայացնում էին, որ «հայերն իրենց դեմ իրականացրել են ցեղասպանություն, իրենք իրենց պատմական հողերից հեռացել են եւ պետք է վերադառնան, վերականգնեն իրենց իրավունքները»։

Նաեւ ասել են՝ քանի որ հայերի հանդեպ վստահություն չկա, իրենք պետք է Հայաստանում ունենան սեփական զինված ուժեր, որը կպաշտպանի իրենց։

Այդ կոնցեպտը հստակ է, ադրբեջանական ամբողջ քարոզչադաշտը լծվեց դա ներկայացնելուն, արդեն տեւական ժամանակ է՝ կա հեռուստաընկերություն, այլ ալիքներով հատուկ հաղորդումներ կան այդ թեզին նվիրված, եւ ամբողջ Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանցիների «պատմական հող»։ Եվ այդ տրամաբանության մեջ հայերը ներկայացվում են որպես «ցեղասպան» ժողովուրդ, որոնք «եկվոր» են, եկել են, այդ հողերին տիրացել են եւ ադրբեջանցիներին քշել են այս տարածքներից։

Դրան զուգահեռ գնում է հայկական ինքնության յուրացման քարոզչություն․ երբ իրենք հայ թագավորներին եւ նախարարաց տների տարբեր ներկայացուցիչների փորձում են իրենց եթերներով ներկայացնել որպես թուրքեր, դա հենց այդ նպատակն է հետապնդում՝ ամբողջ հայկական ինքնության եւ հայկական պետության յուրացման հստակ ծրագիր է դրված այս ամենի հիմքում, որն Ադրբեջանը հետեւողական իրականացնում է։

Այստեղ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ հայկական կողմի անարձագանք քաղաքականության հետեւանքով սա Ադրբեջանն արդեն հանգիստ ներկայացնում է միջազգային հանրությանը։ Այնպես չէ, որ ինքն իր ներքին լսարանի համար է սա անում, այս մասին խոսում են նաեւ դիվանագետների հետ հանդիպումների շրջանակներում։

Տաթեւիկ Հայրապետյան

-Պետական մակարդակով ի՞նչ հակազդեցություն պետք է լինի այս քաղաքականությանը, եւ ինչո՞ւ չկա այդ հակազդեցությունը։

-Հակազդեցությունը պետք է լիներ տարիներ առաջ։ Ես կարծում եմ, որ այս թեզը կարելի է Ալիեւի համար դարձնել գլխացավանք, որովհետեւ հենց այնպես ուրիշ պետության տարածքը համարել քո տարածք ու շարունակել այդ քաղաքականությունը, միջազգային ընկալումներում դա աներեւակայելի բան է։ Հայաստանը պետք է այնքան խոսեր եւ քաղաքական, դիվանագիտական, քարոզչական մեթոդներով մատնանշեր այս հանգամանքը, որ Ադրբեջանը նույնիսկ չհամարձակվեր այդ թեզը դնել շրջանառության մեջ։

Այստեղ մեկ այլ խնդիր է, որ ինքը խոսում է ադրբեջանցիների վերադարձի մասին, շատերը դրա վրա են ֆիքսվել, բայց հատկանշական է այն, որ քո պետության տարածքը անվանում են իրենցը։ Սրանից ակնհայտ է, որ ինքն ունի երկարաժամկետ զավթողական նկրտումներ։ Եվ այդ ամենը մնում է անարձագանք, Ալիեւը երեք ու կես ժամանոց հարցուպատասխանի ժամանակ  բազմաթիվ նման արտահայտություններ է անում, բայց Հայաստանի ԱԳՆ-ն չի արձագանքում։ Մինչդեռ, այդ հարցուպատասխանը միջազգային լրագրողների ներկայությամբ էր։ Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները հա՞շտ են այդ դիրքորոշման հետ կամ նորմա՞լ են համարում նման ելույթը։ Թե՞ ուղղակի չեն արձագանքում, որովհետեւ եթե արձագանքեն, կպարզվի, որ խաղաղության օրակարգ չկա, եւ Ադրբեջանը կարծես թե բոլորովին այլ ուղղությամբ է գնում։

-Ալիեւը վերջին շրջանում դարձյալ առաջ քաշեց այն նախապայմանը, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխվի։ Այսինքն՝ շարունակական պահանջներ են ներկայացվում, այնինչ, հայկական կողմը շարունակաբար խոսում է այն մասին, որ խաղաղության հասնելու հնարավորություն կա։ Ի՞նչ են ցույց տալիս այս զարգացումները, խաղաղության օրակարգ կա՞ կամ կարո՞ղ է լինել։

-Իրականում չի էլ եղել այդպիսի օրակարգ, որովհետեւ երբ Ադրբեջանը գնացել է պատերազմի ճանապարհով եւ հետո ստիպում է քեզ ընդունել պատերազմի ճանապարհով ձեւավորված իրողությունները, դա խաղաղության մասին չի խոսում։ Խաղաղություն կլիներ այն դեպքում, եթե լինեին բանակցություններ, խոսակցություն իրավունքների, անվտանգության, հետագա կյանքի մասին։

Ադրբեջանն ընդամենը իր քաղաքականությամբ հասել է նրան, որ Արցախում հայ չի ապրում, հիմա Ադրբեջանն իր քաղաքականությամբ փորձում է հասնել նրան, որ Հայաստանում էլ հայ չլինի։ Այդ ամբողջ քաղաքականությունը դրան է միտված՝ հայերի տարածքների, ինքնության յուրացումը չի կարող զուգահեռվել խաղաղության մասին կեղծ զրույցներով, այդպիսի խաղաղություն չի լինում։

Ադրբեջանը հստակ զավթողական նպատակներ ունի եւ մի քանի ուղղություններով է աշխատում։ Եթե Ադրբեջանը կես տարվա մեջ 60 համատեղ ու անհատական զորավարժություններ է անում, պա՞րզ չէ, որ այդ պետությունը չի գնում խաղաղության հաստատման ճանապարհով։

-ԱՄՆ-ն հայտարարեց, որ խաղաղություն հնարավոր է, բայց դա կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ եւ ծանր փոխզիջումներ: Ի՞նչ նկատի ունեն՝ ասելով «ծանր փոխզիջում», էլ ի՞նչ պետք է զիջի Հայաստանը։

-Ինձ համար, մեղմ ասած, տարօրինակ է ԱՄՆ քաղաքականությունը, որովհետեւ նույն Ադրբեջաննն ամեն կերպ նվաստացնում ու արժեզրկում է ԱՄՆ հեղինակությունը տարածաշրջանում։ Նույն ելույթի շրջանակներում Ալիեւը հեգնական ասում է, որ ԱՄՆ պաշտոնյաներն են ասել, որ Ադրբեջանի հետ նույն ձեւով չեն շարունակելու աշխատել Արցախի էթնիկ զտումից հետո։ Ասում է՝ հետո եկան, սկսեցին աշխատել։ Եվ բազմաթիվ նման դրվագներով ու քարոզչական մեթոդներով ինքն արժեզրկում է ԱՄՆ հեղինակությունը տարածաշրջանում։ Եթե ԱՄՆ-ին թվում է, որ շարունակ Ադրբեջանին հաճոյանալով՝ ինչ-որ կառուցողականություն է ապահովում, չարաչար սխալվում են։

Ես ուզում եմ հիշեցնել, որ նույն Օ’Բրայենի այցից հետո, որը փաստացի Ադրբեջանին միջանցք է առաջարկում ՀՀ սուվերեն տարածքով, Ադրբեջանը երկու օր անց գնաց եւ Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագիր կնքեց։ Դա էր Ադրբեջանի առաջարկն ԱՄՆ-ին։ Եվ եթե դրանից հետո էլ նրանք դժվարություն ունեն հասկանալու, թե ինչ քաղաքականություն է վարում Ալիեւը, դա իրենց վարչակազմի խնդիրն է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031