Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Շուշիում Իլհամ Ալիեւի արած հայտարարությանը եւ դրան Հայաստանի իշխանության զրո արձագանքին:
«Շաբաթ օրը Շուշիում ընթացող ինչ-որ գլոբալ ապատեղեկատվության դեմ պայքարի մեդիա ֆորումում Ալիեւը հերթական խայտառակ հայտարարություններն է արել, որին Հայաստանից շաբաթ օրը, կիրակի օրը արձագանք չեղավ: Եվ տեսնում եմ՝ այսօր էլ չկա:
Ի՞նչ է ասել Ալիեւը այդ համաժողովում: Ասել է, որ Հայաստանից ակնկալում է հստակ պատասխան, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ արեւմտյան Ադրբեջանից, արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց «պատմական հողեր», այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ: Հետո ասել է, թե իրենց ունեցած բավական հավաստի տվյալների համաձայն, այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են:
Ի՞նչ պետք է պատասխանել: Պարզ է ու բոլորս գիտենք, որ Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածում, երբ որ Բաքվում սկսել են հայտնի погром-ները, երբ որ հայերին սկսել են ջարդել, բռնաբարել , սպանել, այդ վայրագությունների արդյունքում հայերն սկսել են այնտեղից, ով ինչ տարբերակ ունի, մազապուրծ փախչել:
Կարդացեք նաև
Ալիեւի այս հայտարարությունը Հայաստանին չի ուղղված եւ պատասխանը Ալիեւին չի ուղղված լինելու: Ալիեւը սա առաջին անգամ չի ասում, եւ մենք դա գիտենք: Նա այս նոր նարատիվը հարթում է միջազգային հանրության համար, նա հերթական քաղաքական օրակարգն է ձեւավորում:
Հայաստանում կա տպավորություն, որ եթե չարձագանքենք, կմոռացվի, կգնա: Նման բան գոյություն չունի: Փորձը ցույց է տվել, որ ամեն մի ձեւավորված քաղաքական օրակարգ հետո դարձել է միջազգային տարատեսակ խաղացողների կողմից մեր առջեւ սեղանին դրվող ճնշման գործիք, թե Ալիեւը այսպիսի բաներ է ասում՝ պետք է ցավոտ զիջումների գնաք եւ այլն:
Երբ Ալիեւն ասում է «այժմյան Հայաստանից», պետք է պատասխանել, որ Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շամխորի, Եվլախի, Շեքիի, Մինգեչաուրի, Նախիջեւանի, Շահումյանի եւ էլի այլ շրջանների հայերը՝ շուրջ 400 հազար փախստական, եւ նրանց ժառանգները, երեխաները, թոռները եւ սերունդները իրավունք ունեն վերադառնալ այդ տարածքներ: Եվ, որ այս հարցը չի կարող միակողմանիորեն բարձրացվել: Ադրբեջանը բարձրացնում է, որովհետեւ Հայաստանը հայերի իրավունքների՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը չի բարձրացնում: Նաեւ այս թվարկված քաղաքներից եւ գյուղերից վտարված հայերի իրավունքների հարցը չի բարձրացնում:
Լավ, վերջինը թվարկված դեպքերը տեղի են ունեցել 30 եւ ավելի տարի առաջ: Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը հո նո՞ր է տեղի ունեցել: Ալիեւը փորձում է այս ամենը խառնել իրար, որ ցանկացած ամերիկացու, շվեդի, եվրոպացու համար անհասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը: Որ եթե հայերը էթնիկ զտման են ենթարկվել Լեռնային Ղարաբաղում, Ալիեւն էլ ասում է՝ ադրբեջանցիներն էլ էթնիկ զտման են ենթարկվել Հայաստանում: Եվ այս իրավիճակը հավասարվում է ու վերջ:
Բայց չի հավասարվում, որովհետեւ շուրջ 400 հազար հայ էթնիկ զտման է ենթարկվել դեռեւս Խորհրդային Ադրբեջանի շրջաններում եւ այս մարդիկ իրավունք ունեն վերադառնալու: Եվ այս մարդիկ ինչո՞ւ չեն կարողանում վերադառնալ: Որովհետեւ նորօրյա, այսօրվա Ադրբեջանը հայատյացության բաստիոն է: Հայերի նկատմամբ ատելության մակարդակը մանկապարտեզից սկսած մինչեւ ծերանոց ու բոլոր պետական հաստատություններում սերմանվում է եւ անհնար է, որ հայերն այնտեղ վերադառնան:
Դրա համար Հայաստանի պատասխանը պիտի լինի հետեւյալը. քանի որ այս 400 հազար հայի եւ նրանց սերունդների վերադարձը անհնար է Ադրբեջան, Ալիեւի բացած հարցը արհեստական է եւ անհնար է նրանց վերադարձը դեպի Հայաստան: Եվ չի կարող լինել նման բան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ