Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական կյանքը պետք է բաժանվի քաղաքականությունից

Հուլիս 23,2024 10:00

Աննա Հակոբյանը մենակ կամ ընտանիքով զբոսնում է Լոնդոնի կամ Բեռլինի փողոցներով, լուսանկարվում է, այս կամ այն ձեւով հագնվում է: Ինչո՞ւ է դա «հեյթի» ալիքներ առաջացնում: Կամ՝ ինչո՞ւ էր նույնատիպ ռեակցիա առաջանում, երբ, օրինակ, ժամանակին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինն էր լուսանկարվում տարբեր ծաղկեփնջերի կողքին:

Ընդհանրապես, սկսած Ռաիսա Գորբաչովայից, խորհրդային եւ հետխորհրդային մարդկանց սիրտը սկսում է ավելի արագ բաբախել, երբ խոսվում է բարձրաստիճան պաշտոնյաների կանանց մասին կամ ընտանիքի այլ անդամների մասին: Իր դերն է, հավանաբար, խաղում կեղծ ասկետիզմը, որով դաստիարակում էին մարդկանց իմ պատանեկության եւ երիտասարդության տարիներին: Ինչու կե՞ղծ՝ որովհետեւ 1970-80-ական թվականներին կոմունիստական վերնախավը բացարձակապես ժուժկալ չէր:

Լյումպենական ստորին բնազդների հիմքի վրա գեներացվում  են պոպուլիզմով շաղախված ատելության ալիքները՝ «ժողովուրդն այստեղ սոված է, իսկ նա»… Հենց այս՝ անձնավորված, անտակտ, քաղքենիական քարոզչությունն է, որ մինչեւ 2018 թվականը սաստկացրել էր «նախորդ իշխանության» նկատմամբ ատելությունը, եւ դա մեծապես նպաստեց իշխանափոխությանը: «Սաշիկ» խորհրդանիշը դարձել էր ընդդիմադիր քարոզչության հիմնական թեման, իսկ հետո շատ արագ մոռացվեց:

Հիմա նմանատիպ քարոզչությունը շարունակվում է ներկայիս ընդդիմության եւ, համապատասխանաբար, ապագա իշխանության կողմից: Բնականաբար, եթե որեւէ մեկը ճոխ է ապրում անօրինական եկամուտներով, դա պետք է բացահայտվի, եւ իրավապահները պետք է դրանով զբաղվեն: Դրա համար է, մասնավորապես, գործում եկամուտների հայտարարագրման ինստիտուտը:

Բայց այն քարոզչությունը, որի մասին հիմա գրում եմ, դրա հետ կապ չունի: Այն վկայակոչում է տարրական նախանձը եւ «ամեն ինչ կիսելու» շարիկովյան երազանքը:

…Ինձ համար քաղաքականությունն ու անձնական կյանքը խստորեն բաժանված են: Փաշինյանի քաղաքականությունն աղետաբեր է մեր պետության համար ու բերելու է դրա փաստացի վերացմանը: Իսկ թե որտեղ է նա զբոսնում եւ ինչ հեծանիվ է քշում, դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Անձնական կյանք՝ պետբյուջեի հաշվի՞ն (https://www.aravot.am/2024/07/23/1434049/):
    «Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ:» Սա է աշխատանքային այցին վերաբերող միակ հաղորդագրությունը կառավարության կայքում: Մեկ էլ այն, որ հուլիսի 15-ից վարչապետն արձակուրդի մեջ է:
    Ես ու ինձ պես հազարավոր հայեր պատերազմի ժամանակ զգալի գումարներ ենք տրամադրել Հայաստան համահայկական հիմնադրամին: Դրանց մեծ մասն ուղղվել է ՀՀ բյուջե ու օգտագործվել նաև վարչապետի ու իր ընտանիքի այս կարգի շարիկովյան զվարճանքների համար: Կամ էլ, օրինակ, Պրագա կատարած աշխատանքային այցի համար, որտեղ կառվարության ղեկավարը նաև իմ ու Ձեր անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց:

  2. Հայ says:

    Ես դեռ չեմ լսել քննադատություններ թե ինչու է Հենրիկ Մխիթարյանը Ֆերարի գնում և այլ ճոխ ծախսեր կատարում։
    Մարդիկ պարզապես չէին կարողանում ընդունել,որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների մտերիմ հարազատները օրհնված էին բիզնեսմենի բացառիկ ունակություններով։ Կարող է լինել մեկ զուգադիպություն ,երկու զուգադիպություն,երեք զուգադիպություն,կարելի է ատամները կրճտացնեկով, ընդունել նաև չորրորդ զուգադիպությունը,բայց երբ նման զուգադիպությունները մոտենում և անցնում են 100 ը, արդեն սկսում ես ինչ որ բան կասկածել, եթե նույնիսկ շատ միամիտ մարդ ես։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031