Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուսնուս լուսանկարը մնաց գյուղի տան պատից կախված»․ տիկին Լորան համոզված է՝ արցախցին արարող, ստեղծող է. «Ա1+»

Հուլիս 22,2024 23:50

Լորա Պողոսյանը Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում էր դասավանդում։ 38 տարվա մանկավարժական փորձ ունի, որից 34-ը՝ ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրենի։ Տիկին Պողոսյանն այսօր ընտանիքի ապրուստի միջոցը հոգում է հրուշակագործությամբ։ Ընտանեկան բիզնեսում յուրաքանչյուրն իր բաժին պարտականությունն ունի։

«Արցախում դեռևս 1995-ից էի զբաղվում քաղցրավենիքի արտադրությամբ, մանկավարժի աշխատանքի հետ մեկտեղ Արցախի ազգային-ավանդական փախլավայի, գաթայի եւ այլ հրուշակեղենի պատվերներ էր միշտ ստանում։ Արցախում հիմնական աշխատանքիս զուգահեռ էի հրուշակագործությամբ զբաղվում, սակայն Արցախից բռնի տեղահանվելուց հետո այժմ այն մեր ընտանիքի համար եկամտի հիմնական աղբյուր է։ Տանն եմ աշխատում։ Աղջիկս պատվերներն է ամրագրում, տղաս՝ առաքումն իրականացնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Լորա Պողոսյանը։

Նա Արցախի Մարտունի քաղաքից է։ Բարձրագույնն ավարտելուց հետո նշանակում է ստացել դասավանդելու հարազատ շրջանի Կաղարծի գյուղում։ Այստեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն։ Ընտանիք են կազմել, չորս զավակ ունեցել։

«Ամուսինս արցախյան առաջին ազատամարտի տարիներին ծանր վիրավորում էր ստացել։ 2003-ին հիվանդությունը կրկին գլուխ է բարձրացրել և նա կաթվածից մահացել է՝ թողնելով 4 անչափահաս երեխաների հետ միայնակ։ Մեծ դժվարությամբ եմ նրանց մեծացրել։ Այսօր այդ դժվարություններն անցյալում են։ Ես տարիներով Կաղարծիում եմ ապրել, աշխատել դպրոցում, իսկ երբ զավակներս ուսանողներ դարձան, տեղափոխվեցի նրանց մոտ։ Իհարկե, կապը գյուղի հետ երբեք չէինք կտրում։ Հաճախ էինք գյուղում լինում, հողը մշակում»։

Շատ է ափսոսում՝ Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը թշնամու կողմից փակ լինելու պատճառով բռնագաղթից առաջ չեն կարողացել գյուղ գնալ՝ ամուսնու գերեզմանին։

«Արցախցու ցավը շատ խորն է ու անպատմելի։ Մեր հերոս տղաները, ժողովրդի հոգեկան վիճակը, երեխաների ապրած սթրեսը՝ իհարկե այս ամենն առողջության վրա անդրադառնում ու անդրադառնալու է։ Սուրբ մասունքներ եմ թողել Կաղարծիում, ամենաանգինը ամուսնուս գերեզմանը, մեր կառուցած տունն ու ընտանեկան լուսանկարներն են, որոնք մեր խտացած կյանքն էին ու մնացին ակնհայտության մեջ, ինչպես որ մենք մնացինք անհայտ ճակատագրով ու բնակության վայրով։ Ամուսնուս լուսանկարը մնաց գյուղի տան պատից կախված, որը չկարողացա վերցնել»,- դառնությամբ նշում է տիկին Պողոսյանը։

Ամեն քայլափոխի դժվարություններ են՝ ասում է, սակայն անկախ բոլոր տեսակի դժվարություններից՝ արցախցին արարող ու ստեղծող է։

«Աշխատանքում հիմնական դժվարությունն անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն է ներկայում։ Սառնարանի խնդիր ունենք, ինչը հրուշակագործության մեջ անհրաժեշտություն է՝ մանավանդ ամառվա այս շոգ եղանակին, մեր ունեցածը չափազանց փոքր է»։

Չեն դժգոհում, ժամանակին ստանում են պետական աջակցության ծրագրերից։ Ստանում է մանկավարժական վաստակի թոշակ, այդ ուղղությամբ խնդիրների չի հանդիպել։ Հավատում է, որ մի օր էլ իրենց սեփական տունը կունենան։ Հույսները չեն կտրում, աշխատում են օր ու գիշեր՝ բնական հումքից պատրաստելով արցախյան ազգային-ավանդական փախլավա, գաթա և այլ հրուշակեղեն, որը ներկայացնում են նաև տարբեր փառատոններում և ցուցահանդեսներում։ Երևանի ողջ տարածքում առաքում ունեն։

Վերջերս մասնակցել են Երևանի «Ռեստորանային օրեր» փառատոնի շրջանակներում կազմակերպված «HandMade Yerevan» փառատոնին։ Արտադրանքի իրացման խնդիրներով աղջիկը՝ Նանարն է զբաղվում։ Հպարտությամբ է մայրը նշում՝ աղջիկը միակ արցախցին է, ով հաղթահարել է Արարատի գագաթն ու ամրացրել Արցախի դրոշը։

«Ինչպես բռնի տեղահանվելուց հետո, այնպես էլ եռօրյա փառատոնին մեր հայրենակիցների աջակցությունը, կարեկցանքն ու հոգատարությունն արցախցիներիս նկատմամբ ուղեկցում էր մեզ։ Զգացել ենք, որ միայնակ չենք մեր խնդիրների հետ։ Իսկ արտադրանքի իրացման ուղղությամբ ուղղակի խոսքեր չեմ գտնում արտահայտելու։ Հիմա նույնիսկ մտածում ենք տարածք վարձակալելու մասին»,- ասում է Լ․ Պողոսյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031