Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրանալուց առաջ և հետո․ փոփոխությունների պատկերը կնոջ օրգանիզմում

Հուլիս 22,2024 23:13

Հղիությունն ու մայրությունը կնոջ օրգանիզմում շրջադարձային փոփոխություններ են առաջացնում, և պտղի կյանքի սկզբնավորման հետ մեկտեղ սկսվում է կնոջ «երկրորդ կյանքը»։ Ինչպիսի՞ նկարագիր և ռիսկեր ունեն այդ փոփոխությունները՝ այս մասին պիտի տեղեկացված լինի յուրաքանչյուր կին՝ բժշկի օգնությամբ թե՛ իրեն, թե՛ պտուղը հնարավոր բարդություններից պաշտպանելու համար։

Մեր զրուցակիցը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ​​կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ հետբուհական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ․ Լուսինե Մանուկյանն է։

-Ինչպիսի՞ ընթացք ունեն փոփոխությունները հղի կնոջ օրգանիզմում։ Որո՞նք են առաջնային ռիսկերը։

-Նախ՝ արձանագրենք առաջնայինը․ հղիության 9 ամիսների կամ 40 շաբաթների ընթացքում կնոջ օրգանիզմում ընթանում են բնական և, միևնույն ժամանակ, շրջադարձային գործընթացներ, որոնք հանգեցնելու են Աստծո մեծագույն պարգև ու մեծագույն պատասխանատվություն հանդիսացող մայրությանը։ Սա բացառիկ զգացողություններով լի շրջան է կնոջ համար, բայց զերծ չէ նաև ռիսկերից՝ օրգանիզմի բոլոր համակարգերի ծանրաբեռնված աշխատանքով, հոգեբանության, միջավայրի, սննդի և այլ գործոններով պայմանավորված։ Առաջին հղիությունը ևս պարունակում է որոշակի ռիսկեր, սակայն առաջինին հաջորդած հղիությունների ժամանակ նկատվող բարդությունները ոչ պակաս ռիսկային են, առավել ևս, եթե զուգորդվում են կնոջ՝ տարբեր օրգան համակարգերի հիվանդություններով։ Ընթացող ֆիզիոլոգիական փոփոխություններին հարմարվելով՝ սիրտ-անոթային, նյարդային, աղեստամոքսային, հորմոնալ և մյուս համակարգերը միասնաբար նախապատրաստում են պտղի ճիշտ զարգացումը, հասունացումն ու ծնունդը։

Առավել հաճախ պատահող բարդությունների շարքում նախևառաջ նշեմ տոքսիկ՝ թունավոր հղիությունը, որը առաջին եռամսյակում արտահայտվում է փսխումներով, սրտխառնոցով, հոտերի նկատմամբ զգայունակության բարձրացմամբ, ախորժակի անկմամբ և այլն։ Թեթև սրտխառնոցը, օրինակ՝ առավոտյան ժամերին, հղիության դեպքում բնական երևույթ է, բայց եթե հանգեցնում է հաճախակի փսխումների, ապա անպայման պետք է դիմել  բժշկի օգնությանը։ Հարկ է առանձին անդրադառնալ նաև սիրտ-անոթային համակարգին, քանի որ հղիության ընթացքում առաջանում է երկրորդ արյան շրջանառություն՝ պտղինը, շրջանառվող արյան ծավալը երկու անգամ մեծանում է, և հղի կնոջ՝ կրկնակի ծանրաբեռնվածությամբ աշխատող սիրտը կարող է ռիսկային վիճակների հասցնել, եթե կինը նախքան հղիությունն ունեցել է սրտանոթային խնդիրներ կամ, առավել ևս, հիվանդություններ։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ​​կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ հետբուհական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ․ Լուսինե Մանուկյան

Տեղեկացվածությունն այս առումով ամենամեծ զենքն է, և կինը նախապես պիտի բժշկի կողմից իրազեկված լինի, թե հղիանալուց հետո ինչ բարդությունների հավանականություն կա, և ինչպես է պետք կանխարգելել կամ մեղմել դրանք։ Նույնը վերաբերում է երիկամների աշխատանքին, քանի որ կրկնակի ծավալով շրջանառվող արյունը պետք է ֆիլտրվի և անխոչընդոտ դուրս գա օրգանիզմից, իսկ դա պահանջում է առողջ երիկամներ։

Հղիության տոքսիկոզին իր տարածվածությամբ չի զիջում կրելախախտը, երբ հղի կինն ինչ-ինչ պատճառներով չի պահպանվում հղիությունը։ Բժշկագիտական վերջին հետազոտությունների տվյալներով՝ կրելախախտի կամ վիժման քանակական ցուցանիշը մեծապես աճել է։ Սա արտահայտվում է կա՛մ չզարգացող հղիության «սցենարով», կա՛մ վիժումներով։ Ինչ վերաբերում է հղիության երկրորդ կեսին, ապա հղիները, սկսած 20-րդ շաբաթից, պիտի տեղեկացված լինեն՝ այդ ընթացքում ամենավտանգավոր պաթոլոգիան պրեէկլամպսիան է, որն արտահայտվում է զարկերակային ճնշման բարձրացմամբ, երիկամների ֆունկցիայի խանգարմամբ, այտուցներով և այլնով․ սա միայն հղիությանը բնորոշ երևույթ է և ծանր դեպքերում վտանգ է ներկայացնում մոր և պտղի կյանքի համար։

Ի վերջո, ռիսկերի մեծ տոկոսը կարող է լինել կառավարելի, եթե հղիության հանդեպ մոտեցումը գրագետ է, պատասխանատու և հոգատար։ Գերադասելի է, որ ապագա մայրերը նախապես խորհրդատվություն անցնեն բժշկի մոտ՝ հղիության պլանավորման նպատակով, ինչը կնվազեցնի ռիսկի գործոնը։

-Կնոջ օրգանիզմում պատկերն ինչպիսի՞ն է դառնում մայրանալուց հետո։

-Ծննդաբերությանը հաջորդած քառասուն օրերի ընթացքում, ինչը մենք ավանդաբար կոչում ենք «քառասունք», կինն աստիճանաբար վերադառնում է իր նախկին ֆիզիոլոգիական վիճակին, իսկ նորածինը հարմարվում է արտաքին աշխարհի կենսապայմաններին։ Այդ յոթ շաբաթը չափազանց կարևոր է ծննդաբերած կնոջ համար, քանի որ նա դեռևս շատ փխրուն է ու խոցելի։ Թեպետ մեզանում ընդունված է առաջին հերթին երեխային պահպանելու մասին մտածելը, սակայն պիտի հաշվի առնենք, որ նորածինները կյանքի առաջին 2-3 ամիսներին ի ծնե ունեն կայուն իմունիտետ վիրուսների և այլ ռիսկային երևույթների հանդեպ, մինչդեռ ծննդկանն ավելի խոցելի դերում է, հատկապես՝ եթե եղել է բարդ ծննդաբերություն․ նա պիտի կատարելապես առողջ լինի, որպեսզի մայրական կաթի միջոցով միայն առողջ տարրերով սնունդ փոխանցի մանկանը։ Հետևաբար՝ մոր խնամքը ոչնչով չպիտի զիջի նորածնի խնամքին։

Շեշտեմ, որ մայրանալուց հետո կանանց շրջանում հաճախ ռիսկային գործոն է դառնում  հետծննդաբերական դեպրեսիան, որը կարող է արտահայտվել և՛ թեթև, և՛ ծանր դրսևորումներով։ Սա բնական է․ կինը նորածնի մասին հոգալիս գիշերները չի քնում, գերհոգնածություն է ունենում, իրեն կարող է միայնակ և ուժասպառ զգալ, եթե ընտանիքի կողմից չի ստանում օգնություն և չի տեսնում հոգսերը հավասարաչափ բաշխելու պատրաստակամություն։ Չմոռանանք, որ երեխայի «հեղինակները» երկուսն են, և հայրերը չպիտի անմասն մնան։

Հետծննդաբերական դեպրեսիայի մասին, հատկապես՝ վերջին տարիներին, ավելի ու ավելի մեծ թվով ուսումնասիրություններ են հրապարակվում։ Հետաքրքրական է, որ, ըստ մի շարք ուսումնասիրությունների, հետծննդաբերական դեպրեսիան իրականում ի հայտ է գալիս ոչ թե ծննդաբերությունից հետո, այլ դեռևս հղիության շրջանում, և սա բացատրելի է։ Նույնիսկ կենդանական աշխարհում, երբ ձագ է ծնվում, կենդանին բնազդաբար թույլ չի տալիս մոտենալ իր ձագին, որպեսզի վտանգներից պահպանի վերջինիս։ Մարդկանց պարագայում ևս «խոսում է» բնազդը․ մայրը, ով մեկ ամբողջություն է կազմում երեխայի հետ, դեռևս հղի լինելով՝ ներքուստ անընդհատ անհանգստանում է նրա գոյության ու անվտանգության համար, և եթե այդ տագնապը ձեռք է բերում պաթոլոգիկ երանգ՝ հանգեցնելով հոգեհուզական անառողջ վիճակի, ապա գործ ենք ունենում հենց հետծննդաբերական սուր դեպրեսիայի հետ։ Այս առումով մենք՝ բժիշկներս, մեծ անելիք ունենք՝ փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ ձևավորել հղիի հետ, ներգրավել հոգեբաններին, տարբեր միջոցներով բարձրացնել հղիների տեղեկացվածության մակարդակը․․․ Հենց այդ նպատակով էլ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ​​կենտրոնում վերաբացել ենք «Մայրության դպրոցը», որն անվճար գործում է ամուսնական զույգերի, հղիների, հետծննդաբերական փուլն անցնող կանանց համար։

-Ծննդկանները հաճախ կաթնարտադրության սակավության հետ կապված խնդիր են ունենում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Նախ նշեմ, որ այսօր, առավել, քան երբևէ, մենք՝ մանկաբարձ-գինեկոլոգներս, խրախուսում ենք նորածնին կրծքով կերակրելը, և սա համաշխարհային միտում է։ Մայրական կաթն անփոխարինելի է։ Ինչ վերաբերում է կաթնարտադրության անհրաժեշտ քանակությանը, ինչի համար «պատասխանատու է» պրոլակտին հորմոնը, ապա գրագետ մոտեցման դեպքում այդ բացը վերականգնվում է, և մայրերի չնչին տոկոսի պարագայում է միայն, որ արդյունք չի ապահովվում։ Երբեմն կարող է խանգարել հոգեբանական-հուզական գործոնը, մասնավորապես՝ կրծքով կերակրելը կարող է ցավ առաջացնել, բայց բժշկի օգնությամբ գտնվում են լուծումներ։ Ամենակարևորը՝ կինը պիտի գիտակցի, որ կրծքով կերակրելով՝ երեխայի առողջության հիմքն է դնում։

-Որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ ինչպե՞ս եք վերաբերվում հղիության արհեստական ընդհատումներին։

-Այս խնդրի իմ ընկալումը չի սահմանափակվում միայն հղիությունը պահպանող բժշկի մասնագիտական տեսանկյունով․ ես այն դիտարկում եմ նաև որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի, ով անհանգստանում է իր երկրի ապագայի համար։ Մենք 44-օրյա պատերազմում ունեցանք մի ամբողջ սերնդի կորուստ, ավելին՝ այդ սերնդի սերուցքի կորուստ, և պետք է հնարավոր բոլոր միջոցներով խրախուսենք ու խթանենք ծնելիությունը։ Մինչդեռ մեզանում դեռևս առկա է մտահոգիչ պատկեր աբորտների, այդ թվում՝ սելեկտիվ աբորտների ցուցանիշի առումով։ Մեզանում պետք է արմատավորվի այն գիտակցումը, որ աղջիկները՝ որպես անհատներ և ապագա մայրեր, մեր հասարակության հիմնասյուներից են։ Ի դեպ, հաճախ աբորտի պատճառ է դառնում աղջիկների տարրական չտեղեկացվածությունը․ նրանցից շատերը, սկսելով ապրել սեռական կյանքով և նպատակ չունենալով վաղ տարիքում մայրանալու, անզգուշաբար հղիանում են և մտածում աբորտի մասին։

– Վերջերս ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը հակասական արձագանքի արժանացավ։ Ըստ նախագծի հեղինակների՝ առաջարկվում է գործող օրենքն ավելի համահունչ դարձնել բժշկագիտական նոր մոտեցումներին և իրողություններին, մասնավորապես՝ հնարավորություն տալ մինչև 8 շաբաթական հղիության դեպքում դեղորայքային աբորտ կատարել ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում: Սա, ինչպես նշվում է, առավել հասանելի և անվտանգ է դարձնում հղիության արհեստական ընդհատումը։ Համամի՞տ եք։

-Այս հարցը չենք կարող մեկ տեսանկյունից դիտարկել։ Մի կողմից՝ աբորտն օրենսդրորեն խստիվ արգելող երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ արգելքը հաճախ հանգեցնում է հակառակին՝ աբորտների թվաքանակի աճի։ Մյուս կողմից՝ աբորտը չպիտի դառնա այնքան հասանելի ու թույլատրելի գործողություն, որ ցանկացած կին, առանց բժշկի խորհրդատվության, կարողանա դիմել դրան։ Առայժմ արձանագրենք, որ ժամանակակից աշխարհում նախապատվությունը տալիս են դեղորայքային աբորտներին՝ ամբուլատոր հսկողության պայմաններում՝ որպես կնոջ համար առավելագույնս անվտանգ համարվող միջոց․ հղիները պոլիկլինիկաներից ստանում են համապատասխան դեղորայք, նրանց բացատրվում է դեղորայքի օգտագործման եղանակը, մնացյալն արվում է տանը՝ բժշկի խորհրդատվությամբ և հեռավար հսկողությամբ։ Եթե առաջանում են բարդություններ, բժշկի կողմից արդեն ձեռնարկվում են այլ գործողություններ՝ ըստ իրավիճակի։

Իհարկե, ամեն դեպքում, եթե հարցն արդեն հասել է աբորտ անելուն, ստացիոնար պայմաններում հսկողության տակ լինելը բուժառուի համար շատ ավելի ապահով է։ Առհասարակ, այսպիսի նախաձեռնությունները թղթից իրական կյանք տեղափոխելու դեպքում շատ հարցեր են առաջացնում, որ մեր երկրի պայմաններում հստակեցման կարիք ունեն։ Թեկուզ՝ մարզկենտրոններից հեռու գյուղական բնակավայրերում ապրող կանանց հարցը․ եթե ընդունել են նշված դեղորայքը, ինչ ձևով պիտի ապահովեն մշտական կապը համապատասխան բժշկի հետ, կամ ինչպես պետք է իմանան, թե հատկապես ո՛ր պահին է պետք անպայման դիմել բժշկի ոչ հեռակա օգնությանը։ Կարծում եմ՝ թե՛ աբորտների ցուցանիշի աճը կանխարգելելու, թե՛ նշված օրենսդրական փոփոխությունները գրագետ ձևով կյանքի կոչելու համար նախապատրաստական, վերապատրաստողական, բացատրական և այլ բնույթի լուրջ աշխատանքներ են պետք հանրության հետ, որոնք պիտի կազմակերպվեն հնարավորինս արագ։

Անուշ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031