Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքը մարդու կյանքի վրա քարոզչություն անող է. Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին

Հուլիս 22,2024 21:22

Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մասնակիցների հանդիպմանն այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին առաջարկվել էր խոսել խորհրդարանական դիվանագիտությունից:

Պատգամավորը խոստովանեց, որ շատ բարդ է խոսել մի բանից, ինչը գոյություն չունի. «Փաշինյանն է կարողանում խոսել բաներից, որոնք գոյություն չունեն: ՀՀ իշխող կուսակցության խորհրդարանական  դիվանագիտությունն ուղղված է Փաշինյանի իշխանությունը պահելուն: Իրենք դիվանագետներ չեն, իրենք Փաշինյանի աթոռապահներն են:

Այն բոլոր զեկույցները, բոլոր գործողություններ, որ արվում են, միտված են նրան, որ գնան ու աշխարհում համոզեն, խաբեն, ասեն ՝ ՀՀ-ում բոլորը Փաշինյանի հետ համաձայն են: Որ ՀՀ-ում բոլորը որեւէ խնդիր չեն տեսնում Արցախի, ՀՀ հողերի հանձնման հետ կապված ու այսպես շարունակ: Հետո էլ խաբեն, որ ՀՀ-ում ժողովրդավարություն է: Սա է ՔՊ-ի խորհրդարանական դիվանագիտությունը»:

Պատգամավորը նկատեց, որ  հայ-ադրբեջանական խորհրդարանական ձեւաչափ է ստեղծվել, հանդիպել են, բայց ո՛չ օրակարգ կա, ո՛չ որոշում կա, ո՛չ արդյունքն կա. «Բայց իրենք հանդիպում են լուրջ դեմքով: Կամ ՀՀ-ում մարդու իրավունքների մասին զեկույցներ են գրվում, ցինիզմ են ունենում ասել, որ հա, ոստիկանները հունիսի 12-ին խաղաղ ցուցարարներին ծեծում են, նռնակներ են շպրտում, ուժ են կիրառում, բայց դա հո «մարտի 1» չէ: Մարտի 1-ի հետ կապված ֆիքսենք, չկա հայ, որի համար «մարտի 1-ը» սեւ էջ չէ, բայց հունիսի 12 –ն ու «մարտի 1-ն» ունեն մեկ առանցքային ընդհանրություն, երկու պարագայում էլ մարդկային զոհերի, պատճառված վնասների,  առողջությանը պատճառված վնասների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»:

Հայկ Մամիջանյանը նաեւ հայտնեց, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնելու են հունիսի 12-ին  ոստիկանության գործողությունները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում. «Տեսնեմ՝ էդ ոնց չեն ստեղծելու: Մեկ այլ դիվանագիտական իրադարձություն է  տեղի ունենում: Դեռեւս ամիսներ առաջ Ադրբեջանը դիմեց ՀՀ-ին, որ համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին, որ այն լուծարվի:

Ադրբեջանն ուզում է, որ ոչ միայն փակվի Արցախի էջը, այլեւ որ ՀՀ-ն դրա համանախաձեռնողը  դառնա: Այս իշխանություն կոչվածների  կողմից դեռ որեւէ հոդաբաշխ պատասխան չեմ լսել, ոչ մեկը չի բացառել դրա հնարավորությունը»:

Անդրադառնալով Լոնդոնի վեհաժողովին՝ պատգամավորը շարունակեց. «Չհասկացանք՝ ՀՀ-ն չուզե՞ց մասնակցել, թե՞ Ադրբեջանը հրաժարվեց, որովհետեւ Փաշինյանը վեց տարի շարունակ սուտ է խոսել, հիմա նրա ասածին հավատացող չկա: Դրա համար իրողությունը պարզել հնարավոր չէ: Որեւէ հոդաբաշխ պատասխան չկար նաեւ օրեր առաջ, երբ Ալիեւը պաշտոնական միջոցառման ժամանակ ՀՀ-ն անվանեց Արեւմտյան Ադրբեջան»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերը միջազգային դատարաններից հետ կանչելու մասին Ադրբեջանի պահանջներին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ կասկածներ կան, որ խնդիրն արդեն լուծված է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը վերջին շրջանում այդ մասին քիչ է խոսում:

Պատգամավորը նաեւ փոխանցեց Ադրբեջանի  մեջլիսի մի պատգամավորի պատասխանը այն հարցին, թե ինչու չեն լքում ՀՀ տարածքը՝  օրինակ Ջերմուկում. «Ասում  է՝ դեմարկացիա-դելիմիտացիան սկսենք, եթե պարզվի, որ դա հայկական հող է, հետ կքաշվենք: Այսինքն՝ Ջերմուկից մեկ կիլոմետր էն կողմ հլը պետք է պարզեն՞ք հայկական հող է, թե չէ՞: Մի շնչավոր ՔՊ-ական չկա, որ վեր կանա, ասի դեմարկացիայի արդյունքում օրինակ Ջերմուկում իրենց գրաված տարածքներից հետ են քաշվելու: Կամ ինչպես կարելի է  գնալ բանակցությունների առանց պայման դնելու մեր գերիների վերադարձը, չնայած գիտենք, որ մեր գերիների վերադարձը Փաշինյանի համար ընդամենը նախընտրական քարոզչության համար անհրաժեշտ գործողություն է: Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկած Ադրբեջանը պահանջում է  ականապատ տարածքների քարտեզներ:  Տալ-չտալու մասին չենք խոսում այս պահին, որովհետեւ դրանք տալուց հետո մեր տղերքը վերադարձան հայրենիք: Բայց ինքը դա արեց կես տարի հետո, որ ընտրություններից երեք շաբաթ առաջ էդ տղերքին նկարի որպես իր քարոզչություն: Ինքը մարդու կյանքի վրա քարոզչություն անող է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031