Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա բարեկամ պետությանը կամ դաշնակցի հավակնորդ պետությանը օժանդակելուն սիմետրիկ չի կարելի դիտարկել»․ Գուրգեն Սիմոնյանը՝ ԵՄ-ի՝ Ադրբեջանին օժանդակության մասին

Հուլիս 22,2024 19:44

«Շատ բարձր եմ գնահատում այս որոշումները»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ԵՄ խորհրդի՝ այսօր ՀՀ-ի մասով կայացված որոշումները, այսպես պատասխանեց քաղաքական գիտությունների թեկնածու,  քաղաքական գործիչ Գուրգեն Սիմոնյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով այսօր որոշում կայացվեց Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։

Գուրգեն Սիմոնյանը նշեց նաև, որ վիզաների ազատականացման որոշումը սոցիալ-տնտեսական իրավիճակի ձևավորման մասին է․ «Եթե վիզաների ազատականացման հարցը բարձրացվում է, սա չի կարող անդրադարձ չունենալ տնտեսական, ռազմավարական նշանակության գործընթացների վրա։ Միանշանակ, իր անդրադարձն ունենում է և բխում է այդ գործընթացների՝ թե′ անվտանգային, թե′ տնտեսական բաղադրիչի վրա․ առավել ևս հենց խաղաղության գործիքակազմի կիրարկումը, որովհետև ՀՀ-ին ԵՄ-ն և Արևմուտքը պատրաստակամ են օժանդակություն ցուցաբերել։ Սրանք ռազմավարական նշանակության և հույժ կարևոր հիմնախնդիրներ են, որոնք ողջունելի են»։

Մեր դիտարկմանը՝ տեղյա՞կ եք արդյոք, որ ԵՄ-ն այլ միջոցներով նույնքան գումար հատկացրել է նաև Ադրբեջանին ականազերծման համար և հարցին՝ սրանք համարժեք հատկացումներ կարելի՞ է համարել, Գուրգեն Սիմոնյանն այսպես պատասխանեց․ «Իհարկե, ոչ, նա մարդասիրական է, իսկ սա ռազմավարական, անվտանգային բաղադրիչ ունեցող։ Դա խաղաղ ազգաբնակչության պաշտպանության՝ նաև ականազերծման համատեքստում է։ Դա ռազմավարական դաշնակից կամ բարեկամ պետության կամ դաշնակցի հավակնորդ պետությանը օժանդակելուն սիմետրիկ չի կարելի դիտարկել։ Սրանք տարբեր բաների մասին են։ Իմ կարծիքով՝ մարդիկ երկու դասակարգի են՝ առաջինը, որ չեն կողմնորոշվում նոր ձևավորված աշխարհի համատեքստում ՀՀ-ի տեղի ու նշանակության վերաբերյալ, չեն կարողանում պատկերացնել հետռուսական տարածաշրջանային իրողությունները և երկրորդ կատեգորիան, որ միտումնավոր են  դա անում՝ նկատի ունենալով օտար պետության ռազմաքաղաքական շահերը։ Հետևաբար պետք է իրականության աչքերին նայել, որ այս ռազմավարական մոտեցումները, որ հավաքական արևմուտքը ցուցաբերում է ՀՀ-ի նկատմամբ, հույժ կարևոր է։ Ցավոք, չենք կարող ասել, որ սա բացառապես մեր ջանքերի շնորհիվ է, որովհետև սա ռազմավարական հաշվարկ է հենց արևմուտքի կողմից, բարեբախտաբար անկախ նրանից, որ մենք տնային աշխատանքը պատշաճ մակարդակով չենք կատարում, միևնույն է, արևմուտքը ներկայանում է և ներկայանում է հաճախ նաև պարտադրողի իրավիճակից, որը կրկին ուրախալի է։ Հետևաբար, դրական գործընթացներ են մեր անվտանգության ու մեր պաշտպանունակության  բարձրացման համար, ինչն ինձ շատ է ուրախացնում»։

Մեր դիտարկմանը՝ աշխարհաքաղաքական հաշվարկները նաև չեն նշանակո՞ւմ ՀՀ-ին ռուսական ուղեծրից դուրս բերելու հետ կապված հաշվարկներին, մեր զրուցակիցը պատասխանեց․ «ՀՀ-ն արդեն դուրս է ընկած այդ ուղեծրից․ ոչ դուրս է բերվել, ոչ էլ դուրս է եկել, դուրս է ընկել հենց ՌԴ-ի պոտենցյալի նվազմամբ։ ՌԴ-ն  այլևս տեսակարար կշիռ չունի տարածաշրջանում ներկա լինելու, հետևաբար, այս վակուումային իրավիճակը կամ պիտի լրացվեր ախոյանների, թշնամական ուժերի կողմից, կամ մեր բարեկամների։ Բարեբախտաբար, մեր բարեկամները զորեղ են գտնվում և ՀՀ-ին դիտարկում՝ իբրև  քաղաքակրթական միևնույն ընտանիքի անդամ»։

Ըստ Գուրգեն Սիմոնյանի՝ այլևս ՌԴ-ն որպես գործոն չկա, և մենք պետք է շարունակենք նայել ապագա, ոչ  թե հետադիմական հայացքներ ունենալով՝ կառչած մնանք նախկին իրողություններից։

Մեր այն հարցին՝ ի՞նչ սպասումներ ունենալ վիզաների ազատականացման գործընթացից՝ հաշվի առնելով, որ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի համար դա տարիներ է տևել, Թուրքիան էլ դեռ բանակցում է․ հաջողության չի հասել, Գուրգեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ռազմավարական շրջադարձի լիարժեք կիրարկմամբ դա շատ արագ կարող է լինել ՀՀ-ի համար։ Աշխարհը փոխվել է, և նման հարցերում մոտեցումները կարող են տարբեր լինել։ Այն, ինչ պահանջվեց տարիներ, տասնամյակ Վրաստանի համար, մեզ համար կարող է երկու տարին բավարար լինել։ Պարզապես մենք պետք է դադարենք միևնույն ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքի մասը կազմել ռուսական իրողությունների։ Եթե մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, կարողանանք ռուսական կանաչ մարդուկներին դուրս բերել ՀՀ-ից, երկու տարվա ընթացքում անգամ չեմ բացառում, որ շենգեն գոտի էլ մուտք գործենք․ այդ աստիճանի արագացված տեմպերով ՀՀ-ի հետ համագործակցության բացազատման մոտեցում կա։ Բայց պետք է հասկանանք, որ սահմանային անվտանգությունը լիարժեք պետք է հայկական ծառայություններն իրականացնեն, սահմանային անցակետերը պետք է հայկական ծառայության վերահսկողության տակ լինեն՝ ամբողջ պետական սահմանի պարագծով մեկ, որովհետև վիզաների ազատականացում նշանակում է, որ ԵՄ-ի անվտանգության հարցը Բուլղարիայից տեղափոխվելու է Վրաստան և ավելի հարավ՝ Մեղրի։ Ըստ էության Մեղրին հատող յուրաքանչյուր ոք ազատական վիզայի ռեժիմ ունեցող պետության  տարածք է մուտք գործում, որը ԵՄ-ի հետ է կապված։ Այստեղ կարող է արդեն խստացվել ապօրինի էմիգրանտների հարցը ՀՀ-ում։ Սա մեզ համար շատ կարևոր է»։

Մեր հարցին՝ իսկ ՌԴ-ից էներգետիկ ու տնտեսական կախվածության հա՞րցը, եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից, այն, ինչ տալիս է ԵՄ-ն արդյոք չեզոքացնո՞ւմ է այն վտանգները, որ ՀՀ-ն օբյեկտիվ պատճառներից ելնելով կարող է կրել, եթե  հատկապես ԵԱՏՄ-ից դուրս գա, Գուրգեն Սիմոնյանը պատասխանեց․ «Կարճաժամկետ՝ այո։ Նրանք իրենց ուսերին հուր հավիտյան հայկական բեռը չեն պատրաստվում տանել։

Նրանք կարող են  կարճաժամկետ, միջանկյալ շուկաներ ձևավորել ՀՀ-ի համար, որ մեր ցածրորակ ապրանքը կարողանանք սպառել և տնտեսական կորուստներ չկրենք։ Ի վերջո, պետք է հասկանանք, որ մենք ցածրորակ ապրանքներ արտադրող պետություն ենք։ Կարճաժամկետ միջանկյալ շուկաներ կան Մերձավոր Արևելքում, աֆրիկյան պետություններում, Հնդկաստանում, որ կարող են ամբողջ ՀՀ-ի արտադրանքը գնել էլ ավելի մեծ գներով, քան ՌԴ-ն։ Մենք մինչև հիմա ԽՍՀՄ պետական ստանդարտներով առաջնորդվող երկիր ենք։

Եթե կարողանանք վերաարժևորել պետական ստանդարտները ISO ստանդարտներին համապատասխան, մեր մասնավոր սեկտորում  գործառնվող տնտեսություններին գերշահույթ ապահովելու փոխարեն ներդրում անենք,  որակական թռիչք ապահովենք՝ նոր հաստոցներ, կադրերի վերապատրաստում, սննդամթերքի որակի բարձրացում, ապա ԵՄ շուկան արդեն կսկսի գնել հայկական ապրանքը, որը հինգ անգամ ավելի գնողունակ և շատ ավելի վճարունակ ու շատ ավելի բարձր արժեքներով գնող շուկա է, քան ռուսականը։ Մեզ համար զարգացման աննախադեպ հնարավորություններ են բացվել, և պետությունը կարող է այդ մթնոլորտը ձևավորել, եթե պատշաճ տնային աշխատանք կատարի, իսկ  մասնավոր սեկտորի հետ աշխատանքի պարագայում էլ ես կասկած չունեմ․ մեր բիզնեսն այնքան արագ արձագանքող է արտաքին մարտահրավերներին, որ կկարողանա մեկ տարիուկես-երկու տարվա ընթացքում այնքան թռիչքաձև զարգացում ունենալ, որ որակյալ  ապրանքներ, արտադրանք տա։ Սա նաև մուլտիպլիկատիվ իր անվտանգային բաղադրիչը  կունենա, և սոցիալական, հանրային առողջության վրա դրական ազդակներ կլինեն, կսպառենք բարձրակարգ սննդամթերք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գուրգեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031