Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հայ քանոնահարուհին ճապոնական կոտո նվագեց

Հուլիս 22,2024 19:10

Քանոնահարուհին, հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր Մարիաննա Գեւորգյանին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ունկնդիրը հանդիպեց ճապոնական կոտո նվագարանով:  Այն թատրոնը Ճապոնիայից ձեռք է բերել Գրիգոր Խաչատրյանի բեմադրած Շեքսպիրի «Համլետ» ներկայացման համար, որի ժամանակ էլ նվագում էր Մարիաննան:

Aravot.am-ի հետ զրույցում երաժիշտը ներկայացնելով Կոտոն՝ ասաց, որ այն ճապոնական ավանդական լարային կսմիթային նվագարան է, նմանատիպ գործիքները տարածված են նաեւ Կորեայում ու Չինաստանում, որոնք էլ տարբերվում են լարերի քանակով, նվագելու տեխնիկայով, անվամբ (կա նաեւ բաս կոտո): Կոտոն համարվում է արքունական նվագարան, ըստ ծագումնաբանության՝ 8-րդ դարից է: Ըստ ճապոնացիների, կոտո նվագելը ասոցացվում է արիստոկրատության, իմաստության եւ էլեգանտության հետ:

Մեզ հետ զրույցում Մարիաննա  խոսելով իր եւ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի համագործակցության մասին՝ հետեւյալը նշեց. «Երբ Գրիգոր Խաչատրյանն առաջարկեց կոտո նվագել «Համլետում», այնքան գեղեցիկ ներկայացրեց գաղափարը, որ առանց վարանելու ընդունեցի առաջարկը, բայց թե ինչպես էի նվագելու այդ գործիքի վրա, չէի էլ մտածել: Չնայած  համագործակցություն ունեցել էի ճապոնացի կոտոյահար երաժշտի հետ, գործիքը ծանոթ էր ինձ, ծանոթ էի նաեւ մակոտո գործիքի հետ, քանի որ քանոնի հետ համատեղ կատարումով հանդես էինք եկել: Առաջադրանքին սիրով ու նվիրվածությամբ մոտեցա, դրան գումարվեցին նաեւ պատասխանատվությունն ու մասնագիտական վարպետությունը, եւ  արդյունքում այդ  «մարտահրավերը» հաղթահարվեց»:

Մարիաննա Գեւորգյանը անդրադառնալով Գրիգոր Խաչատրյանի պրոֆեսոինալիզմին եւ ռեժիսորական ինքնատիպ մտածողությանը՝ շնորհակալություն հայտնեց իրեն վստահելու եւ յուրահատուկ ձեւով ներկայանալու հնարավորության մասին: Նաեւ խորհուրդ տվեց բոլորին անպայման դիտել նորովի բեմադրված «Համլետը», որտեղ այդքան ջանք կա ներդրված:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031