«Ապառաժ». ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարարի խորհրդական, երկարամյա մանկավարժ, հոգեբան Աիդա Գյանջումյանը տեղահանությունից հետո շարունակում է զբաղվել երեխաների կրթությամբ եւ դաստիարակությամբ։
-2023-ի սեպտեմբերին կրեցինք հազարամյա Արցախի ամենածանր կորուստը, Արցախը հայաթափվեց․․․ Ինչպե՞ս հաղթահարեցիք․․․
-Մեր կյանքի ամենացավալի ու ծանր օրերն էին։ Իհարկե, դժվար էր ընդունել իրականությունը, որ ստիպված պետք է լքենք մեր բնօրրանը։ Բազմիցս է քննարկվել․ ինչո՞ւ է լքել արցախցին իր տունը, ինչպե՞ս դա եղավ իրականում։ Այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն սեփական մաշկի վրա այդ ցավն զգացած և ինը ամիս շրջափակումը հաղթահարած մարդը։ Այստեղ հաճախ են հարցնում, որ եթե շարունակվեր բլոկադան, կապրեի՞ք արդյոք Արցախում։ Արցախահայության անունից ես համոզված պատասխանում էի, որ մենք կշարունակեինք հաղթահարել դժվարություններն ու կապրեինք Արցախում։ Արդեն նախապատրաստվում էինք ձմեռելուն, մառաններն էինք ցանկանում լցնել՝ իհարկե մեր բանջարանոցների բերքից։ Իմ մտքով երբևէ չէր անցնում, որ կարող է մի օր լքեմ Արցախը։ Բոլորս սպասում էինք շրջափակման ավարտին, ավաղ, այն վատթարագույն ավարտն ունեցավ, և արցախահայությունը դարձավ փախստական։ Բռնատեղահանվելուց հետո հաճախակի ենք լսում, որ թողել, դուրս ենք եկել Արցախից, բայց ինչպես կարող է մարդ ինքնակամ թողնել իր օջախը, տարիների վաստակը ու գնալ ապրել վարձով, նոր աշխատանք փնտրել։ Համոզված եմ, որ ինձ նման է մտածում արցախահայության զգալի մասը։ Մենք ստիպված ենք դուրս եկել՝ անելանելի վիճակից ելնելով։ Սեպտեմբերի 19-ին հասկացել ենք, որ անհնարին ու վտանգավոր է մնալ Արցախում։ Ինչպես երեխան կվազի դեպի մոր գիրկը, այնպես էլ մենք վազեցինք ու հիմա Մայր Հայաստանում ենք, բայց մեր ծննդավայրը Արցախն է, ու դա երբեք չի մոռացվի։
-Այսօր բոլորս փորձում ենք ինտեգրվել․․․
Կարդացեք նաև
-Այո՛, իրավացի եք։ Մենք չենք հուսահատվում, որովհետև դժվարությունները մեզ ավելի են ուժեղացրել, ու այստեղ մենք պարտավոր ենք վերագտնել մեզ։ Որքան էլ դժվար լինի՝ պետք է մնանք Հայաստանում։ Իմ ընտանիքը ուրիշ ոչ մի տեղ չի կարող ապրել, ամեն տեղ մեզ համար օտար կլինի։ Արցախից մտավորականների հզոր ներուժ է եկել Հայաստան։ Եթե մենք միասին ներդնենք մեր բոլոր ուժերը, ապա կհզորացնենք ու կպահենք Հայաստանը՝ մտքում միշտ ունենալով Արցախ վերադառնալու հավատը, բայց միայն հայկական դրոշի ու օրենքների ներքո։ Շարունակում եմ նվիրված մնալ երեխաների դաստիարակության գործին, որը համարում եմ իմ միակ առաքելությունը։ Առանց երեխաների ես կյանք չունեմ։ Հաճախակի զանգեր եմ ստանում իմ նախկին սաներից, գործընկերներից, և դա ինձ թևեր է տալիս՝ անելու ավելին։ Նպատակս է կրթել ու դաստիարակել հայեցի սերունդ՝ չտարանջատելով ոչ ոքի։ Մեր սերունդը չկարողացավ լիարժեք պաշտպանել մեր երեխաներին, նրանց անհոգ մանկություն տալ, փոխարենը ծանր բեռ թողեցինք նրանց ուսերին, ու ես իմ առջև նպատակ եմ դրել այնպես դաստիարակել հայ մանկանը, որ նա առողջ, հայրենասեր և ուժեղ մեծանա։
Կարինե Բախշիյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: