Հուլիսի 21-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեծ շուքով նշվեց հայ մեծանուն գրող Վահան Տերյանին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը։
Միջոցառման շրջանակներում հյուրերը շրջայց կատարեցին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից վերականգնված Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահ, մասնակցեցին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված պատարագին, որին հաջորդեց Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից և ՋԱՀ-ի աջակցությամբ կազմակերպված համերգային ծրագիրը։
Տոնակատարությանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ա.Սմբատյանը, Սամցխե-Ջավախեթի նահանգապետի տեղակալ Դ. Վարդիաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ս.Մանուկյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Ա. Մոսոյանը և ՏԻՄ ներկայացուցիչներ, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ս․ Վանցյանը և Կ․ Գոմկցյանը, ՋԱՀ-ի տնօրեն Ս․ Մկոյանը, Վահան Տերյանի ծոռը՝ Գ․ Էմին-Տերյանը, Առնո Բաբաջանյանի որդին՝ Ա․ Բաբաջանյանը և բազմաթիվ հյուրեր Վրաստանից, Հայաստանից, ՌԴ-ից ու Ֆրանսիայից։
ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանն իր խոսքում նշեց Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման կարևորությունը, քանի որ տուն-թանգարանը փլուզման եզրին էր գտնվում և շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին մշտապես հիմնադրամի կողքին լինելու ու թանգարանի վերականգնմանը աջակցելու համար։ Այն բարերարները, ովքեր ներկա էին միջոցառմանը, ստացան շնորհակալագրեր և հայտարարվեց բացակա բարերարների անունները։
Կարդացեք նաև
Մշակութային ծրագրում հանդես եկան սիրված երգիչներ Վահագն Ռաշն ու Հակոբ Օհանյանը և պարախմբեր, հնչեց Տերյանի բանաստեղծություններն ու դրանց հիման վրա գրված երգերը:
Մամուլի հաղորդագրություն