Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ալիեւի պահանջները կատարելու գնով ստորագրված խաղաղության պայմանագիրը իրականում կլինի հերթական կապիտուլյացիայի եւ Հայաստանի մահվան ու «սեւ թղթի» պայմանագիրը»

Հուլիս 22,2024 17:56

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանի ապագային վերաբերող իրադարձություններին՝ ասաց. «Հարգելի հայրենակիցներ: Երեկ տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսվում էր երկար ժամանակ: Ալիեւի՝ արտաքին հարցերով պատասխանատուն պաշտոնապես Նիկոլ Փաշինյանին հրավիրեց նոյեմբերին այցելել Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայի հերթական համաժողովին:

Ինչո՞վ է ռիսկային, ինչո՞վ է վտանգավոր սա: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ընդունելու է Բաքվի հրավերը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի որոշում: Արեւմուտքը պարտադրելու է Նիկոլ Փաշինյանին՝ ընդունել Բաքվի հրավերը: Ենթադրվում է, որ Բաքվում կստորագրվի նաեւ Հայաստան-Ադրբեջան որեւէ հայտարարության տեքստ, որտեղ նախանշված կլինեն խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները եւ դրույթները: Այսինքն, կստորագրվի Հայաստանի հերթական կապիտուլյացիայի եւս մեկ թուղթը:

Ի՞նչ դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է ընդունել Բաքվի հրավերը: Եթե Նիկոլ Փաշինյանը ունենա այնքան «դուխ» եւ քաղաքական արժանապատվություն, որ պայման դնի Բաքվի առջեւ՝ ասելով, որ նոյեմբերին Բաքու կգնա միայն մի դեպքում, եթե իր հետ նույն ինքնաթիռով Բաքվից Երեւան վերադարձնի Հայաստանի եւ Արցախի ռազմագերիներին եւ Արցախի քաղաքական էլիտային՝ Արցախի նախկին նախագահներին, ԱԺ նախագահին, Ռուբեն Վարդանյանին, բոլորին, որոնք որպես քաղաքական հալածյալներ եւ քաղաքական պատանդներ պահվում են Բաքվի բանտում:

Նաիրա Զոհրաբյան

Հիմա կտեսնենք: Հայաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել պաշտոնական հրավերին, որը հնչեցվեց Հիքմեթ Հաջիեւի կողմից: Եվ երկրորդ:

Բաքուն Նիկոլ Փաշինյանին հրավիրում է մասնակցելու ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին, իսկ Ալիեւը այդ նույն կոնտեքստում խոսում է, որ չի լինելու եւ չի ստորագրվելու խաղաղության պայմանագիր մինչեւ Հայաստանը շատ արագ չանի երկու քայլ: Իսկ ի՞նչ է պահանջում Ալիեւը: Երեկ նրա ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները կախված են մեկ բանից. Հայաստանը շատ արագ, առաջիկա ամիսներին կփոխի՞ սահմանադրությունը, թե՞ ոչ: Նույն օրակարգով հանդես է գալիս Ալիեւը՝ ասելով, որ երկու նախապայման կա, որից հետո Ադրբեջանը պատրաստ կլինի Հայաստանի հետ ստորագրել խաղաղության, իսկ իրականում՝ հերթական կապիտուլյացիայի եւ Հայաստանի մահվան ու «սեւ թղթի» պայմանագիրը:

Ուժի մեջ է Ալիեւի ուլտիմատումը: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, բոլորիս անունից պիտի ընդունի, որ 90-ականներին Խոջալույում տեղի է ունեցել ցեղասպանություն եւ Հայաստանի անունից ներողություն պիտի խնդրի «Խոջալուի ցեղասպանության» համար:

Ես պիտի նորից հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում պաշտոնապես ասել է, որ Խոջալուն կազմակերպել են ադրբեջանցիները՝ «Ադրբեջանի ազգային ճակատը»: Եվ հիմա որպես խաղաղության պայմանագրի նախապայման Ալիեւը պահանջում է, որ Նիկոլը մեր բոլորի անունից ընդունի Խոջալուն որպես հայերի կողմից կազմակերպված ցեղասպանություն եւ ներողություն խնդրի:

Ես օրեր առաջ եմ վերադարձել Հաագայից: Այնտեղ միջազգային դատարանում Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի մի քանի հայց կա, որոնցից մեկը Արցախում էթնիկ զտումն է, մյուսը՝ մեր ռազմագերիների հարցը: Այնտեղ ես տեղեկացա, որ բոլոր այդ հայցերին «տորմուզ» է տրված, որովհետեւ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ մենք ընդառաջ գնանք Ալիեւի պահանջին, Նիկոլի խոսքով՝ առաջարկին: Իսկ Ալիեւը պահանջում է, որ Հայաստանը պետք է հետ կանչի միջազգային բոլոր ատյաններում ներկայացված հայցերը: Սա էլ այն պարագայում, որ նույն Ադրբեջանը միջազգային տարբեր ատյաններ Հայաստանի դեմ $ 180 միլիարդի հայց է ներկայացրել: Եվ ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել իր հայցերից, այլեւ մի բան էլ ստիպում է, որ մենք Խոջալուն ընդունենք որպես ցեղասպանություն եւ ներողություն խնդրենք:

Ալիեւը Խոջալուից բացի՝ երկու պահանջ էլ է ներկայացրել Հայաստանին Շուշիի ֆորումից՝ ասելով, որ խաղաղության պայմանագիր կնքելու համար Հայաստանը մինչեւ պայմանագրի ստորագրումը պիտի կատարի:

Պահանջ 1: Հայաստանը Ադրբեջանի հետ համատեղ պիտի դիմի ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու համար: Այն խումբը, որի մանդատի տակ 30 տարի ընթացել են Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավական ճանաչման բանակցությունները, ըստ որոնց ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա: Այսինքն, Ալիեւը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը հավերժորեն փակի Լեռնային Ղարաբաղի հայկական լինելու խնդիրը:

Պահանջ 2: Սահմանադրությունից պետք է հանվի Անկախության Հռչակագրի, այսինքն, Հայաստանի Երրորդ Հանրապետության ծննդականի հատվածը, Զինանշանի նկարագրությունից պիտի հանվի Արարատ լեռը, որից հետո միայն Ադրբեջանը կզած, նվաստացված Հայաստանի հետ պատրաստ կլինի կնքել խաղաղության պայմանագիր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031