Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կարողանանք Փարիզ-2024-ում 10 միլիվայրկյան էլ մեր նախորդ արդյունքը բարելավել, արդեն մեծ բան է. Վարսենիկ Մանուչարյան

Հուլիս 22,2024 17:37

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վարսենիկ Մանուչարյան. «Հաղթանակած աղջիկը»՝ գիրք, որ դեռ գրվելու է

Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը փոխել է լողաոճն ու կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

Վարսենի՛կ, երբվանի՞ց եք զբաղվում լողով, և ինչո՞վ է այս մարզաձևը Ձեզ գրավում:

– Ջրի հանդեպ սերը շատ մեծ է եղել, և լողալը միանգամից է ստացվել: Ես սիրում եմ պայքարել ու միշտ առաջինը լինել: Կարծում եմ՝ սա է ինձ առաջին հերթին գրավել: Եթե ոչ լող, ապա կուզեի զբաղվել ըմբշամարտով, ձյուդոյով կամ սամբոյով: Ընդ որում` մեկ անգամ սամբոյի մարզման եմ մասնակցել մեր հավաքականի մարզիկներից Վարսիկ Գրիգորյանի հետ: Անկեղծ՝ շատ լավ էր ստացվում:

Ինչպիսի՞ն է Օլիմպիական խաղերի մթնոլորտն, ու Փարիզ-2024-ը Ձեզ համար ինչո՞վ է առանձնանում:

-Նախևառաջ առանձնանում է նրանով, որ կունենա հանդիսատես: Հանդիսատեսի ներկայությունն ու աջակցությունն ինձ շատ են ոգևորում, իսկ Տոկիոյում համավարակից հետո ամեն ինչ փակ էր:

Տոկիոյի Օլիմպիական խաղերն ինչպիսի՞ փորձառություն էին Ձեզ համար:

-Կարծում եմ՝ հասկացել ենք, թե ինչպես պետք է կառավարել էմոցիաները: Օլիմպիական խաղերում մեծ լարվածություն կա. Տոկիոյի խաղերի շնորհիվ կարողացանք սովորել վերահսկել հույզերը:

Տոկիոյի խաղերի բացմանը նաև Հայաստանի դրոշակակիրն էիք: Ինչպիսի՞ զգացողություններ  էին:

– Հովհաննես Բաչկովն էր դրոշը տանում, իսկ ես կողքով քայլում էի: Ամեն դեպքում հաճելի և պատասխանատու է, երբ ներկայացնում ես քո երկիրը նմանօրինակ խոշոր միջոցառմանը:

Մարզիկներն ասում են՝ թեև Օլիմպիական խաղերի մթնոլորտն այլ է, բայց դրան վերաբերվում են որպես հերթական մրցման: Սա օգնո՞ւմ է թոթափել լարվածությունը:

-Այո: Օլիմպիական խաղերի մասշտաբներն ավելի մեծ են: Մասնակցում են ամբողջ աշխարհի ամենաուժեղագույն մարզիկները: Օլիմպիական խաղերն ինձ համար շատ են տարբերվում՝ մթնոլորտով, անցկացման ձևաչափով և մասշտաբներով:

Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո որքանո՞վ եք փոխվել որպես մարզիկ և անհատ:

– Աշխարհայացքս է փոխվել: Ի վերջո, նաև ավելի հասուն և փորձառու եմ դարձել: Չեմ կենտրոնանում դժվարությունների վրա: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցելու Փարիզի խաղերին: Սա մեծ փորձառություն և երազանք է ցանկացած մարզիկի համար:

Իսկ ի՞նչ նախապատրաստություն եք անցել Փարիզի Օլիմպիական խաղերին ընդառաջ:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո փոխեցի լողաոճս, քանի որ հոգնել էի ազատ ոճից, կարծես՝ ստիպված էի լողում: Բատերֆլայ լողաոճում ինձ ավելի հարմարավետ եմ զգում, արդյունքներս էլ ավելի արագ աճեցին: Կարծում եմ՝ լավ մարզավիճակում եմ ու լիովին պատրաստ եմ խաղերին:

Վերջերս նաև Եվրոպայի առաջնությանը մասնակցեցիք: Արդյունքները գոհացնո՞ղ էին:

-Թիմային պայքարում գրավեցինք 7-րդ տեղը՝ դառնալով Եվրոպայի առաջնության եզրափակչի մասնակից, ինչը շատ գոհացուցիչ էր: Անհատական պայքարում էլ բավական լավ հանդես եկա՝ 50 և 100 մ լողաոճում գրանցելով Հայաստանի երկու ռեկորդ: 100 մ լողաոճն ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ արդեն ֆիզիկապես ավելի ուժեղացել եմ և կայուն եմ:

Որը՞ կլինի այն արդյունքը, որը բավարար կհամարեք Փարիզ-2024-ում:

-Թերևս անձնական ցուցանիշները բարելավելը: Եթե կարողանանք 10 միլիվայրկյան էլ մեր նախորդ արդյունքը բարելավել, արդեն մեծ բան է:

Բլից հարցեր

  • Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:
  • Լողորդներ Ադամ Փիթիի և Չադ լե Կլոսի:
  • Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:
  • Ամեն ինչ կարող ես խոսքերով լուծել:
  • Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:
  • Ուղիղ խոսելն ու ազնիվ լինելը:
  • Ձեր կյանքի կանոնները:
  • Չհանձվել և երկրորդը չլինել:
  • Ինչի՞ց եք վախենում:
  • Նպատակներիս չհասնելուց:
  • Ինչի՞ն եք հավատում:
  • Ինքս ինձ, կամքի ուժին:
  • Ի՞նչ վերնագիր կունենար Ձեր մասին գիրքը:
  • «Հաղթանակած աղջիկը»:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031