ԵՄ խորհուրդն այսօր ընդունել է որոշում Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին 10 մլն եվրո ծավալի աջակցության միջոցառումները հաստատելու մասին:
Եվրոպական միության կողմից որոշում է ընդունվել Հայաստանին երբևէ առաջին անգամ Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով օժանդակություն տրամադրելու մասին։ Աջակցության միջոցառումների նպատակն է բարձրացնել ՀՀ զինված ուժերի լոգիստիկ կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պայմանների բարելավմանը: Միաժամանակ այն միտված է բարձրացնելու Հայաստանի դիմակայունությունը, ինչպես նաև արագացնելու ՀՀ զինված ուժերի փոխգործունակությունը՝ երկրի համար ապահովելու հնարավոր ապագա մասնակցություն միջազգային ռազմական առաքելությունների և գործողությունների, այդ թվում՝ ԵՄ կողմից տեղակայված։ Մասնավորապես, աջակցության միջոցառումների հաստատումը թույլ կտա բավարարել մեկ գումարտակ զանգվածով ստորաբաժանման համար լիարժեք հագեցվածությամբ վրանային ավանի ծավալումը:
«Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններում անվտանգության բաղադրիչը հետզհետե ավելի կարևոր է դառնում: Խաղաղության եվրոպական գործիքակազմի այս գործողությունները կնպաստեն երկրի դիմակայունության մակարդակի հետագա բարձրացմանը: Մենք փոխադարձ հետաքրքրություն ունենք ավելի ընդլայնելու արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ երկխոսությունը՝ դիտարկելով ԵՄ առաքելությունների և գործողությունների շրջանակում Հայաստանի ապագա մասնակցությունը»:
ԵՄ բարձր ներկայացուցիչ, Հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորել
Կարդացեք նաև
Այսօրվա որոշմամբ հաստատված օժանդակությունը կտրամադրվի Հայաստանի հետ ընդհանուր արժեքների վրա խարսխված ԵՄ գործընկերության շրջանակներում, որն ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարեկեցության խթանմանը։
Եվրոպական միությունը հավատարիմ է Հայաստանի հետ՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերության ընդլայնմանը, և մեր հարաբերությունները բոլոր հարթություններում էլ ավելի ամրապնդման հանձնառությանը։ Այն ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացումը՝ ներառյալ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (ՔՀԶԾ) ոլորտում:
Ընդհանուր ակնարկ և հաջորդ քայլեր
Խաղաղության եվրոպական գործիքակազմը նախաձեռնվել է 2021 թվականի մարտին՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում՝ նպատակ ունենալով ֆինանսավորել հակամարտությունների կանխման, խաղաղության պահպանման և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման ուղղությամբ գործողություններ: Մասնավորապես՝ Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Եվրոպական միությունը հնարավորություն ունի ֆինանսավորել գործողություններ՝ ուղղված երրորդ պետությունների և տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ռազմական և պաշտպանական հարցերին առնչվող կարողությունների հզորացմանը։
- Խաղաղության եվրոպական գործիքակազմ․ քաղաքական շրջանակ
- Անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ համագործակցություն (ընդհանուր տեղեկատվություն)
ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն