WTA վարկանիշային դասակարգման նոր ցուցակի 76-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, որը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, վստահ հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի Յասսի քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում: Սկսելով 1/16 եզրափակիչ փուլից՝ Էլինան 6:1, 6:2 ջախջախիչ հաշվով առավելության է հասել իսպանուհի Լեյրե Ռոմերո Գորմազի նկատմամբ:
Մի որոշ ժամանակ առաջ լուրեր տարածվեցին, թե Էլինա Ավանեսյանը մտադրություն ունի փոխել մարզական քաղաքացիությունը: Aravot.am-ը վստահելի աղբյուրներից տեղեկացավ, որ թենիսիստուհին դիմել է Հայաստանի քաղաքացիություն եւ անձնագիր ստանալու խնդրանքով եւ նրա դիմումը նախագահի հրամանագրով բավարարվել է: Հայկական անձնագիրը ստանալուց եւ մի քանի տեխնիկական հարցեր կարգավորելուց հետո Էլինա Ավանեսյանը ոչ հեռու ապագայում միջազգային մրցասպարեզներում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
Aravot.am-ը փորձեց ճշտել նաեւ ռուսաստանաբնակ Կարեն Խաչանովի ծրագրերը: Խաչանովը արդեն իսկ ունի հայկական անձնագիր, սակայն Հայաստանը ներկայացնելու մտադրություն չի հայտնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ