Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է ասել, որ ներկայիս Ադրբեջանը գտնվում է պատմական հայկական հողերի վրա․ պետական մակարդակով աշխատանք պետք է տարվի»․ Գրիգորի Այվազյան

Հուլիս 22,2024 16:25

 «Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։

-Պարոն Այվազյան, Շուշիում անցկացված մեդիա համաժողովի ընթացքում Ալիեւը դարձյալ տարածքային պահանջներ ներկայացրեց Հայաստանին։ Նա խոսում է այսպես կոչված ադրբեջանցի «փախստականների» վերադարձի մասին, իսկ ի՞նչ աշխատանք պետք է տարվի հայ փախստականների վերադարձի հարցը օրակարգում պահելու համար։

-Շուշիի այսպես կոչված միջազգային մեդիա համաժողովի շրջանակներում Ալիեւը ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքում հավաքեց բոլոր հայատյացներին եւ սադրանքի դիմեց։ Ինքն իր ելույթում պնդեց, որ մինչեւ Հայաստանը չփոխի Սահմանադրությունը` ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Այդքան լկտիության մակարդակի հասավ ինքը, եւ ժամանակն է ասել, որ ներկայիս Ադրբեջանը գտնվում է պատմական հայկական հողերի վրա։ Եվ ավելի ճիշտ կլիներ ներկայիս Ադրբեջանը անվանել Արեւելյան Հայաստան։

Պատմությունից հայտնի է, որ ներկայիս Բաքուն դա փաստացի հայկական տիրապետության ներքո գտնվող Բագավան ավանն էր։ Հայկական բնակչություն ուներ, որը ադրբեջանական ԽՍՀ կազմում իջեցված թվաքանակով առնվազն կազմում էր ավելի քան կես միլիոն մարդ։ Եվ տարբեր ժամանակահատվածներում այդ տարածքը ստիպված լքած հայության թվաքանակն աշխարհում մոտ 2 մլն մարդ է։ Ինքը բարբաջում է այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, որ այստեղ պետք է առնվազն 360 հազար ադրբեջանցի թուրք վերադառնա եւ դա նույնպես դիտարկում է որպես նախապայման Հայաստանի հետ ցանկացած փաստաթուղթ ստորագրելու հարցում։ Եվ ինչքան փորձենք զիջել ու կառուցողական լինել Ադրբեջանի հետ, պարզից էլ պարզ է, որ ադրբեջանական կողմն ավելին է պահանջելու։ Մենք պետք է բավականաչափ զգուշավոր լինենք՝ հասկանալու, թե դեպի ուր է տանում դա։ Դեպի փակուղի է տանում եւ ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գոյությանը, ՀՀ ազգային անվտանգությանը, Հայաստանի բնակչությանն ու աշխարհասփյուռ հայությանը։

Մենք չպետք է մոռանանք եւ անընդհատ պետք է հիշեցնենք, որ գոյություն ունի արցախահայությունը, որը մեկ տարի էլ չի անցել, որ ցեղասպանության սպառնալիքի ներքո բռնի տեղահանվեց, ինչպես 1988-1992 թվականին ադրբեջանահայությունը ենթարկվեց ցեղասպանության ու դուրս մղվեց իր պատմական բնօրրանից։ Ուստի, միջազգային տարբեր կառույցներն ասում են, որ արցախահայությունը պետք է իրավունք ունենա վերադառնալ իր նախկին բնակավայրերը՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո։ Եվ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։

Եթե Ադրբեջանը լկտիաբար պնդում է պատմության մեջ գոյություն չունեցող ինչ -որ «Արեւմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով ՀՀ ողջ տարածքը, ապա դա բացահայտում է, թե ինչ տարածքային պահանջներ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ պատահականություն չէ, որ իրենք «պայմանական սահմաններ» եզրույթն են օգտագործում Հայաստանի հետ սահմանի մասով։ Ինքը ոչ հիմք է ընդունում Ալմա-Աթայի հռչակագիրը, ոչ այլ փաստաթուղթ։ Իրենց Սահմանադրության մեջ ամրագրված է ՀՀ տարածքի նկատմամբ 19 200 քկմ տարածքային պահանջ։

-Ինչպե՞ս պետք է դիմակայել այս ծրագրերին։

-Մենք պարտավոր ենք ոչ միայն հակադրվել դրան, այլ նաեւ նախաձեռնող լինել, որ Ադրբեջանը փորձի ինչ-որ բան հակադրել։ Մենք պետք է նախ եւ առաջ պնդենք ադրբեջանահայության օրինական իրավունքների վերականգնման եւ պաշտպանության մասին՝ քաղաքական, իրավական, գույքային եւ այլն։ Եվ թող Ալիեւը պատրաստ լինի, որ ադրբեջանահայությունը պետք է վերադառնա իր բնօրրան, պետք է ապահովի նրանց անվտանգությունը։ Իսկ հակառակ պարագայում պետք է պատրաստ լինի համարժեք փոխհատուցում վճարել բարոյական եւ նյութական կորուստների համար, այդ թվում՝ տարածքային։

Այստեղ երկրորդ շերտը կա, որը չի կարելի կշեռքի նույն նժարին դնել, դա արցախցիների անքակտելի իրավունքն է՝ վերադառնալու իրենց բնօրրան։ Դա հաստատել են բոլոր միջազգային կազմակերպությունները, եւ դա պետք է լինի մեր դիրքորոշումը։ Անընդունելի է ցանկացած խոսակցություն այն մասին, որ արցախահայության իրավունքները պաշտպանող կազմակերպությունների եւ Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության գոյությունն ու ակտիվությունը վտանգ է։ Արցախի իշխանությունը պետք է ակտիվ գործի։

Ադրբեջանը չի խորշում եւ առաջ է քաշում «Արեւմտյան Ադրբեջանի», այսինքն՝ՀՀ «վտարանդի կառավարության» խնդիրը, արդեն մեր բոլոր շրջաններում իրենց վերակացուներին են նշանակել։ Եվ այս պայմաններում մենք, որ իրավունք ունենք պահանջելու մերը, պետք է դա անենք անպայման, հակառակ պարագայում Ադրբեջանի ավելացող պահանջներն այս տարածաշրջանում կբերեն նոր սրացման։ Եվ բացառված չէ, որ պատերազմական գործողությունները կվերսկսվեն։

-Ձեր ասած դիմակայությունը նախ եւ առաջ իշխանության ու պետական մակարդակով պետք է լինի, բայց մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանությունները նպատակ չունեն դիմադրել ադրբեջանական այս քաղաքականությանը։ Ի՞նչ պետք է անել։

-Անշուշտ, նախ եւ առաջ իրավասուբյեկտը պետք է որպես պահանջատեր հանդես գա։ Այս պարագայում դա պետք է լինեն ադրբեջանահայ վտարանդի համայնքը, արցախահայությունը՝ ի դեմս Արցախի ղեկավարությանը, որոնք քաղաքական պատասխանատվություն են կրում ընտրողների նկատմամբ։ Եվ, անշուշտ, դա պետք է լինի պետական մակարդակով աջակցությամբ։ Միայն այդ պայմաններում այս նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի։ Արդեն հասարակական մակարդակում այդ աշխատանքը կա, այսինքն՝ Ադրբեջանի հանդեպ համապատասխան պահանջատիրական հայցերով հանդես գալու ուղղությամբ խմորումներ կան եւ ունեցել ենք այս ամբողջ տարիների ընթացքում։ Պետության աջակցությունը միայն կարող է դա բերել տրամաբանական հանգուցալուծման, չէ՞ որ դա անհրաժեշտություն է ՀՀ ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից։ Դա ոչ թե զուտ հումանիտար խնդիր է, այլ մեր հայրենիքի պաշտպանության ու պահպանության խնդիր է։ Եթե պետության կողմից աշխատանքը տարվի, հանգամանքներն ու փաստերը հօգուտ մեզ են խոսում, մենք ավելի շատ հնարավորություն ունենք՝ հասնելու մեզ համար դրական արդյունքի։

Մենք նկատում ենք, որ որոշ գործիչներ ֆիքսում են այն փաստը, որ շատ հնարավոր է՝ Ադրբեջանն արդեն աշնանը դիմի ռազմական ագրեսիայի Հայաստանի ուղղությամբ։ Արտաքին քաղաքականության ոլորտում մենք բավականաչափ լղոզված դիրքորոշում ունենք անգամ մեր դաշնակիցների ու թշնամիների հանդեպ։ Մենք պետք է մեզ համար գիտակցենք ու ընկալենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ համար անհաշտ թշնամի է, որոնց հետ համատեղ գոյակցությունն անհնար է։ Մենք այլեւս զիջելու բան չունենք, միայն ստանալու բան ունենք։ Եվ այդ գիտակցությունը մեր քաղաքական վերնախավում պետք է գերիշխի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Գրիգորի Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031