Շուրջ երկու ժամ տեւած գեղեցիկ ծրագիր եւ երեք բիս՝ «Սիմֆոնիկ Ջեքսոն» նախագիծը բացառիկ ջերմությամբ է ընդունվում: Հուլիսի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: «Մեղավորը» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն էր՝ իր եւ նվագախմբի հերթական ինքնատիպ նախագծով:
Այս անգամ մաեստրոյի ղեկավարությամբ եւ նոր մեկնաբանությամբ եւ Մարտին Ուլիխանյանի հոյակապ մշակմամբ հնչեցին փոփի արքա հռչակված Մայքլ Ջեքսոնի ճանաչված ու սիրված երգերը՝ Thriller , They don’t care about us, Smooth criminal, Earth Song, Will you be there , Little Susie, Billie Jean, Heal the world, Black or white, You Are Not Alone եւ այլն: Մայքլ Ջեքսոնի չհնացող հիթերը ունեն ուղերձներ, որոնք հուզում են բոլորին, իսկ հայ ունկնդիրն այդ առումով բացառություն չէ:
Չմոռանանք նշել, որ համարներն էլ ավելի գունեղ դարձրին Գեւորգ Ղազարյանը (էլ.կիթառ), Գևորգ Սմորոդինովը՝ բասկիթառ, Էդուարդ Պապոյան՝ հարվածային գործիքներ, Դմիտրի Արզումանյանը՝ տենոր սաքսոֆոն, Բագրատ Տերտերյանը (դիջեյ եւ բիթբոքս), Հարություն Չքոլյան (դուդուկ) եւ բնականաբար՝ Լուսինե Կչոզյանի, Ժաննա Դավթյանի, Նարե Զաքարյանի, Սոնա Շիրոյանի ու Թեհմինե Արաբաչյանի հիասքանչ վոկալը:
Կարդացեք նաև
Փաստենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բոլոր նախագծերն են յուրահատուկ եւ պահանջված՝ Խաչատրյանական եւ «Արմենիա» այցեքարտային փառատոներից մինչեւ «Սիմֆոնիկ Հոլիվուդ», «Սիմֆոնիկ Մանսուրյան» ու «Սիմֆոնիկ ռոք», իսկ «Սիմֆոնիկ Ջեքսոնը» գալիս է լրացնելու այս գեղեցիկ ներկապնակը:
Սերգեյ Սմբատյանը համոզված է, որ «Սիմֆոնիկ Ջեքսոն» ոչ միայն Հայաստանում պետք է կատարվի, այլեւ հասու դառնա դրսի ունկնդրին: Իսկ «դրսի» հետ կապված որեւէ խնդիր չկա, նվագախումբը հանդես է եկել աշխարհի լավագույն համերգասրահներում, իսկ Սերգեյ Սմբատյանը՝ ղեկավարել լավագույն նվագախմբերը:
Ի դեպ, սկսած 2023/2024 համերգաշրջանից Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։ Ինչ վերաբերվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, այն «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ