Լրահոս
Օրվա լրահոսը

10 մլն եվրո աջակցություն ՀՀ-ին ԵՄ-ից՝ բարձրացնելու ՀՀ ԶՈՒ նյութատեխնիկական կարողությունները

Հուլիս 22,2024 15:04

ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով այսօր որոշում կայացվեց Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։

Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ԵՄ-ն ՀՀ զինված ուժերին կտրամադրի 10 մլն եվրո արժողությամբ աջակցության միջոց։

Մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես ամրագրված է․ «ԵՄ-ն առաջին անգամ է որոշում կայացրել օժանդակել ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո։ Օժանդակության այս միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Այն նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի ճկունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ երկրի հնարավոր հետագա մասնակցության դեպքում միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից տեղակայվածներին: Կոնկրետ ընդունված աջակցության միջոցը թույլ կտա գումարտակի չափով ստորաբաժանման համար ապահովել լիարժեք տեղակայվող վրանային ճամբար»:

ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այս առիթով հայտարարել է․ «Անվտանգությունը Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների կարևոր տարր է։ Եվրոպական խաղաղության գործիքի այս միջոցառումը հետագայում կնպաստի երկրի ճկունությանը: Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք ավելի ընդլայնելու մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ՝ նաև դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին»։

ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ ԵՄ-ն հավատարիմ է ընդլայնելու Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և էլ ավելի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարթություններում: Դա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում՝ ընդգրկելով նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031