ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում նախորդ շաբաթվա իրադարձությունները ամփոփելուց առաջ ցավակցություն հայտնեց «Սրբազան պայքարի» ակտիվ մասնակից Հովհաննես Հարությունյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
«Ինչ վերաբերում է լոնդոնյան իրադարձություններին, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ գտնվում էին Լոնդոնում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթաժողովին: Այս մասին մանրամասն վերլուծություն կներկայացնեմ վաղը երեկոյան թեմատիկ զրույցների շարքի ֆեյսբուքյան իմ էջի ուղիղ եթերում: Իսկ կարճ. նրանց այնտեղ գտնվելը նշանակում է, որ հանդիպելու հնարավորություն ունեին: Հետագայում ըստ պաշտոնական հայտարարությունների՝ պարզվում է, որ հանդիպման նախաձեռնություն երկու կողմերից էլ եղել է: Սակայն, ի վերջո, հանդիպում չի կայացել: Այսպիսի բան ինչպե՞ս կարող է լինել: Ակնհայտորեն, կամ իմանալով Ալիեւի պահանջները Նիկոլ Փաշինյանն է խուսափել, կամ Ալիեւը, տեղեկանալով, որ իր պահանջները կատարելու մասին իրեն ասելիք դեռ չունի, ինքը նպատակահարմար չի գտել հանդիպել:
Ի՞նչ պահանջներ ուներ Ալիեւը մինչեւ Լոնդոն գնալը, որ հրապարակային հայտնել էր եւ Հայաստանում սկսվել էր դրա հետ կապված գործընթացը: Այն, որ Հայաստանը պետք է ընդունի նոր սահմանադրություն՝ հրաժարվելով Անկախության հռչակագրից, որն ըստ Ալիեւի, տարածքային պահանջ է Ադրբեջանի նկատմամբ: Երկրորդը ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան, ինչի մասին նա խոսել է նաեւ Շուշիում կայացած մեդիա ֆորումի ժամանակ: Եվ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը:
Բնականաբար, այս պահանջների շուրջ պետք է տեղի ունենար այդ հանդիպումը: Փաստորեն, ստացվում է, որ այսպես ասած հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը միայն խոսույթ է հայ ժողովրդին լավատեսական սպասումներով կերակրելու եւ դեպի նոր արհավիրքների, նոր պատերազմի տանելու համար: Որովհետեւ այդ մասին խոսում են 2022 թվականից եւ ամեն անգամ հայտարարում, որ մինչեւ տարեվերջ այդ պայմանագիրը կարող է կնքվել: Իսկ խաղաղության բանակցությունների մասին խոսել սկսել են 2021-ից:
Կարդացեք նաև
Ու պարզվում է, որ Ալիեւը նախապայմաններ է ներկայացնում՝ նոր սահմանադրություն, որի կատարումը գործնականում անհնար է, եւ խաղաղության պայմանագիր չի կնքվելու: Իսկ դա էլ ըստ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, որը Հայաստանի արտաքին հարաբերություններում այսօրվա բանակցողն է, նշանակում է, որ հնարավոր է Ադրբեջանը նոյեմբերին հարձակում գործի Հայաստանի վրա: Այսինքն, ըստ էության, իրեն իր ադրբեջանցի գործընկերը տեղեկացրել է այդ մասին՝ նշելով նույնիսկ ամիսը:
Նույնը հայտարարել է նաեւ Ալիեւը՝ հիշեցնելով, որ Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե Հայաստանը, պարտավորություն է ստանձնել. միջանցք տրամադրել Ադրբեջանին, որպեսզի իրենք արդեն օկուպացված տարածքներից անխոչընդոտ գնան Նախիջեւան: Իլհամ Ալիեւի պատկերացումներով՝ այդ միջանցքը պետք է լինի այն ռեժիմով, որ այդ միջանցքով անցնող ոչ մի ադրբեջանցի՝ քաղաքացիական անձ, զինվորական, բեռնատարի վարորդ եւ այլն, իր ճանապարհին չպետք է հանդիպի ոչ մի հայ անձնագրային հսկողի, ոչ մի մաքսավորի, ոչ մի զինվորականի: Այսինքն, ինչպես իրենք Բաքվից գնում են Կիրովաբադ եւ ոչ մի հայի չեն տեսնում, այդպես էլ Նախիջեւան գնալիս չպետք է որեւէ հայի հանդիպեն: Եվ սպառնում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվի իր ստանձնած պարտավորությունները կատարելուց, ապա իրենք ուժով, այսինքն, ռազմական գործողության միջոցով այդ ճանապարհը բացելու են: Դա Սյունիքի, Վայոց Ձորի լիարժեք օկուպացիա է նշանակում»:
Էդգար Ղազարյանն ամփոփեց, թե ըստ այդմ՝ Փաշինյանը «թափառում է եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, խրախճանքներ է անում, այստեղ մարդկանց զբաղեցնում է մեծ ողբերգության սպառնալիքին ընդառաջ: Եվ այդ ողբերգությունը կանխելու համար նույնիսկ բանակցություններ չի վարում այն պետության, այն մարդու հետ, որը այդ հնարավոր ողբերգության, ագրեսիայի սպառնալիքն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ