Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ասում է` կեցցե հեծանիվը, եւ դա պատահական չի արվում, արժեքների ջարդ է տեղի ունենում»․ Մետաքսե Հակոբյան

Հուլիս 22,2024 14:04

«Ադրբեջան իր հստակ սցենարով ծրագիր է իրագործում, որից որեւէ կերպ չի շեղվել։ Ո՞րն է այդ սցենարը՝ շարունակական պահանջները Հայաստանի իշխանությունների առջեւ են դրվում։ Պահանջներից մեկը Արցախի բռնազավթումն էր կամ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի նվիրումն էր։ Հերթը հասել է Հայաստանին, եւ այս իշխանությունները բնավ անհանգստացած չեն այդ ամենով։ Հակառակը, իրենք կատարում են բոլոր պահանջներն ու ցանկությունները»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա՝ վերջին չորս տարիների ընթացքում ոչ մի փոխզիջում չի եղել, անընդհատ զիջել է Հայաստանը։ «Հայաստանի Սահմանադրության փոփոխության,Հայաստանի տարածքով միջանցքի եւ մյուս պահանջների հիմքում այն բոլոր պայմանավորվածություններն են, որոնց մասին Բաքվի բռնապետն ու նրա շրջապատը պարզ խոսում են։ Այսինքն՝ այս ամենից կարելի է հասկանալ, որ կա պայմանավորվածություն ՀՀ Սահմանադրության փոփոխության եւ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Երբ հանձնվում էին Աղավնոն ու Բերձորը, ես ասում էի, որ Բաքվի պահանջը բնավ էլ Արցախը չէ, դրանք Բաքվի պահանջները չեն, Թուրքիայի պահանջներն են։ Եվ այդ պահանջները տանում են դեպի Հայաստանի տարածք, մասնավորապես, իրենց խոսքով ասած, դեպի «Զանգեզուրի միջանցք»»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա պայմանավորվածություն Սյունիքով միջանցք բացելու հարցում․ «Եվ այդ խնդիրը կարգավորում է նաեւ Արեւմուտքը։ Ի վերջո` իրենց համար միեւնույն է, թե Հայաստանն ինչ մակերեսով կմնա, Արեւմուտքի համար գերխնդիր է, որ այդ վերահսկողությունը չլինի Ռուսաստանի կողմից։ Այսօր ամբողջ խնդիրը դա է, իսկ պայմանավորվածությունները վաղուց ձեռք են բերվել։ Հենց դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը շտապողականություն է դրսեւորում»։

Անդրադառնալով Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ նրանք այնտեղ կտտանքների ու բռնության են ենթարկվում, անմարդկային պայմաններում են պահվում։ Իսկ Հայաստանի իշխանությունները նրանց վերադարձի ուղղությամբ քայլեր չեն անում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, պատգամավորի խոսքով, գերիների թիվն ավելացել է, ոչ թե պակասել։

«Եվ այս իշխանությունները որեւէ հարթակում չեն խոսում մեր գերիների մասին, Արցախի մասին։ Իրենք Արցախի մասին որեւէ ձեւաչափով խոսել չեն ուզում։ Հայկական հետքն Արցախից վերացվում է, նույնիսկ Արցախն ատողները երեւի կխոսեին հայկական ժառանգության պահպանման մասին, բայց այս իշխանությունները որեւէ հայտարարություն չեն անում։ Սա իրենց կերպարն է՝ ոչնչացնել այն ամենը, ինչը կապ ունի Արցախի ու Հայաստանի հետ»,- հավելեց նա։

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վարքագծին անդրադառնալով՝ Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Չեմ սիրում խոսել այդ կնոջ մասին, որովհետեւ դա միայն ցավ, տառապանք ու մահ է հիշեցնում։ Եվ իր ակտիվությունը վախ է առաջացնում, որ դեռեւս աղետ կա, որի միջոցով մենք բոլորս ենք անցնելու, իսկ ինքն ուղղակի ժպտալու է։ Ես ցավով եմ հիշում Շուշիում իր գտնվելը՝ Գորգերի, Քարերի թանգարաններում իր գտնվելը, ինչից կարճ ժամանակ անց մենք չունեցանք Արցախի մի զգալի հատվածը։ Որեւէ մեկի մտքով չէր անցնում, որ Շուշին եւս կանցնի թշնամու տիրապետության տակ։ Նորից վերհիշելով իր այնտեղ գտնվելն ու իր պահվածքը, հասկանում ես, որ, այո, դա հենց դա էր նշանակում, որ դա երկկողմ պայմանավորվածություն էր ՀՀ իշխանության եւ Բաքվի բռնապետի միջեւ։

Հաջորդը, որը ցավով ու սարսափով եմ հիշում, 2020 թվականի սեպտեմբերի 30-ին այդ տիկնոջ այցելությունն էր Արցախի Ազգային ժողով, որտեղ այդ էակը հանդիպում ունեցավ ԱԺ պատգամավորների հետ եւ տեսախցիկների առջեւ ինքը փորձում էր համոզել, որ մեր դարերով բարեկամ պետությունը հենց ինքն է մեղավորը, եւ բնավ Ադրբեջանը չէ մեղավորը։ Մյուս դրվագն այն է, որ պատերազմից հետո մի առավոտ արթնացանք եւ տեսանք, որ գիշերվա ընթացքում փորձել են եղեւնին զարդարել եւ ինչ-որ տոնախմբության վրաններ են տեղադրել Ստեփանակերտի հրապարակում։ Դա սարսափ էր, եւ այդ տիկնոջ արձագանքը, երբ ասում էր, որ ինքը փորձում էր տոն պարգեւել։ Պատկերացնո՞ւմ եք, տոն պարգեւել որբացած երեխային, որը պատրաստվում էր իր Նոր տարին դիմավորել եղբայրական գերեզմանոցում։

Մյուս դրվագն այն է, որ թշնամու կողմից շրջափակված Արցախում ուղղակի սով էր, եւ այդ տիկինը ցուցադրաբար, ինչպես իր ամուսինն ասաց, աջաբ-սանդալ էր պատրաստում։ Եվ երբ Արցախից արձագանքը շատ ուժեղ եղավ, ամուսինն իր կնոջ արածը արդարացնում էր։ Սույն տիկինը հագել էր մի վերնազգեստ, որտեղ Էյնշտեյնի նկարն էր եւ գրված էր, որ փախստականը իր երկրից հեռանալիս իր հետ տանում է մի կապոց գիրք։ Այն ժամանակ մենք դեռ հույս ունեինք, որ իրենք իրենց նպատակին չէին հասնելու։ Բայց, ցավոք, իրենք նախազգուշացրեցին եւ արեցին այն, ինչ արեցին»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հեծանիվ վարելուն՝ Մետաքսե Հակոբյանն ասա․ «Երբ այդ հեծանվավազքի մեկնարկը տրվեց, ինձ ամենաշատը ցնցեց խոսքը՝ կեցցե հեծանիվը։ Մենք 30 տարի լսել ենք՝ կեցցե մեր զինվորը, կեցցե մեր բանակը, հայրենիքը։ Մենք այսօր լսում ենք՝ կեցցե հեծանիվը, եւ դա պատահական չի արվում, արժեքների ջարդ է տեղի ունենում»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031