ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Նախորդիվ նշել է, որ հուլիսի 20-ին Բաքվի բռնապետ Ալիևը օկուպացված Շուշիում անցկացվող «Կեղծ տեղեկատվության բացահայտում. ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով 2-րդ գլոբալ մեդիա ֆորումի շրջանակներում անցկացվող հարցուպատասխանի ժամանակ հանդես է եկել ծավալուն հայտարարություններով։ Ավելի քան երեք ժամ տևած այդ հարցուպատասխանը ես նայել եմ ամբողջությամբ։ Քանի որ հայկական մեդիա տիրույթում որոշ հայտարարություններ ակտիվորեն քննարկվել էին, կցանկանամ անդրադառնալ այն հատվածներին, որոնք դուրս են մնացել ուշադրությունից։
Նախ, ուշադրության է արժանի, որ հարցուպատասխանի մոդերատորը «Euronews» հեռուստաընկերության պրոդյուսեր Ռեբեկա Մակլաֆլին Իսթհեմն է։ Սա շատ բան է ասում, թե «Euronews»-ի և թե այդ տիկնոջ արժեհամակարգի ու «սկզբունքայնության» մասին։ Նա շռայլ էր բռնապետ ու ագրեսոր Ալիևի հասցեին իր հաճոյախոսություններում։
Ուշագրավն այն է, որ Ալիևը ևս շռայլ էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի հասցեին ուղղված իր հանդուգն ու հեգնական ձևակերպումներում։ Բերեմ մի քանի օրինակ՝
Կարդացեք նաև
«Մենք ուժով և քաղաքական միջոցներով վերականգնեցինք Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, որը գտնվում էր օկուպացիայի տակ։ Իսկ մենք պատժամիջոցների տակ ենք եղել։ Այնպես որ, իհարկե, շատ հիասթափեցնող է, ավելի հիասթափեցնող է այն բառապաշարը, որն օգտագործվում էր տարբեր հանրային միջոցառումների ժամանակ։ Ադրբեջանի հետ սովորականի պես չենք աշխատելու (No business as usual with Azerbaijan). մենք բոլորս հիշում ենք այդ հայտարարությունը, իսկ հետո ի՞նչ եղավ։ Բիզնեսը, ինչպես միշտ, շարունակվեց, և մենք ոչինչ չարեցինք այդ չափազանցված և անիրատեսական պահանջները բավարարելու համար…»։ Սրանով Ալիևն ուզում է շեշտել, թե որքան անարժեք են ԱՄՆ-ից բարձր մակարդակով եկող հայտարարությունները ու որքան արագ դրանք կարող են փոխվել, մինչդեռ շեշտում է, թե որքան հետևողական է ինքը իր քաղաքականության մեջ։
Ալիևը նաև շեշտում է, որ անտարբեր է միջազգային կառույցների ու նրանց կարծիքների նկատմամբ։ «Մենք պարզապես որոշեցինք մեր տնային աշխատանքը կատարել, կենտրոնանալ մեր երկրի, մեր ժողովրդի վրա, և ուշադրություն չդարձնել, թե ով ինչ է ասել Եվրախորհրդարանում կամ Եվրոպայի Խորհրդում։ Մենք բացարձակապես անտարբեր ենք դրա նկատմամբ»։
Իրեն «նեոկոլոնիալիզմի» պայքարի «առաջամարտիկ» հռչակած բռնապետը չի մոռանում նաև Ֆրանսիայի հասեցին խոսքեր շռայլել․ «…այն, ինչ անում է Ֆրանսիան, անընդունելի է, զզվելի է և պետք է դադարեցվի: Նրանք իրավունք չունեն վերահսկելու իրենց տարածքից ավելի քան 10000 կիլոմետր հեռավորության վրա ապրող մարդկանց իրավունքները, որոնց նրանք նվաստացնում են, ում ասիմիլացիայի են ենթարկում և սպանում․․․»։
Սա ասում է մի բռնապետ, որն իր քաղաքականությամբ ու ագրեսիայով հազարավոր մարդկանց սպանության պատճառ է դարձել, ով ավելի քան տաս ամիս սովի է մատնել 120,000 հայի՝ նրանց ենթարկացնելու, ստորացնելու ու բռնի տեղահանելու համար։ Իհարկե, սա աբսուրդ է, բայց այս աբսուրդին Ալիևը նաև հասել է ոչ միայն Հայաստանի, այլև հենց Արևմուտքի անհետևողական ու վտանգավոր քաղաքականության պատճառով, քանի որ նրանք այնքան էին կենտրոնացել ռուսներին դուրս բերելու վրա, որ չհասկացան, թե ինչ անկառավարելի բռնապետի է վերածվում Ալիևը իրենց իսկ անուղղակի, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի օգնությամբ։