Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանության պահվածքի պատճառով կողմերը ստեղծված թնջուկը առաջնահերթ փորձում են կարգավորել Հայաստանի հաշվին»

Հուլիս 22,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

– Լոնդոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը չկայացավ։ Իրարամերժ տեղեկություններ եղան, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիեւ հանդիպում ունենալ ՄԹ-ում, բայց ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Ի՞նչ է տեղի ունենում։

– Այս հանդիպման հետ կապված մտահոգիչ իրավիճակը, կարծում եմ, առաջին հերթին պայմանավորված է երկկողմ օրակարգի համաձայնեցման բացակայությամբ։ Այսինքն՝ այն, ինչ պետք է քննարկեին կողմերը հանդիպման ժամանակ, կարծես թե հենց դրա շուրջ է եղել ձախողումը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կողմերի միջեւ պայմանավորվածություն կար մինչեւ հուլիսի մեկը վերջնական համաձայնեցնել սահմանազատման աշխատանքների կանոնակարգը, ինչը ենթադրում էր փուլերի եւ քայլերի հաջորդականությունը սահմանել, ապա ըստ էության նկատելի է դառնում, որ այս գործընթացում դժվարություններ են առաջ եկել։

Երկրորդ, Ադրբեջանը վերջին շրջանում բավական ակտիվացրել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության խնդրի առաջ քաշման հարցը, որը ենթադրում է կոնկրետ հոդվածների, նախաբանի փոփոխություն։ Եվ չնայած այն հագամանքին, որ Հայաստանի իշխանությունները եւս ըստ էության դեմ չեն այդ փոփոխություններին, բայց նաեւ նրանց համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանը դա փորձում է անել հրապարակային հայտարարությունների ձեւով։ Իսկ դա երկրի ներսում բավական մեծ հակադրություն է առաջացնում։ Բնական է, որ Հայաստանի իշխանությունները մի կողմից փորձում են ցույց տալ, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դա իրենց օրակարգն է, մյուս կողմից փորձում են հակադրվել Ադրբեջանին, որպեսզի նա գոնե երեւացող մասով հետ կանգնի այդ դրույթից, որի փոփոխությունը Հայաստանի իշխանություններն առաջիկայում իրականացնելու են։

Երրորդ հարցը, որը կա, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցն է, որը եղել է դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Չնայած այդ հայտարարությունը որեւէ ձեւով չի գործում, ավելին, դրա դրույթները բավական կոպիտ ձեւով խախտվել են, հատկապես Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետերով, բայց ապաշրջափակման թեման շարունակում է մնալ ակտուալ, հատկապես այն պատճառով, որ դրանում շահագրգռվածություն են ցուցաբերում նաեւ արտաքին դերակատարները։ Եվ այս տեսանկյունից, բնական է, կա հիմնական խնդիր. Հայաստանի իշխանությունները փորձում են հրապարակային ցույց տալ, որ իրենք կողմնակից են ճանապարհին, այլ ոչ թե միջանցքին, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն առաջ են քաշում միջանցքի գաղափարը։ Այս կնճռոտ հարցերը տարբեր փուլերում արտացոլվել են, Հայաստանի իշխանությունները տարբեր փուլերում գնացել են նահանջի այլ դրույթների մասով, եւ դժվար է ասել, թե այս թեման որքան կձգձգվի։ Եվ չի բացառվում, որ մոտ ապագայում, այնուամենայնիվ, երկկողմ հանդիպում կկայանա։ Բայց փաստ է, որ կան բավական բարդ հարցեր, որտեղ Հայաստանի իշխանությունը նաեւ սեփական դեմքը փրկելու խնդիր ունի լուծելու։

– Ամերիկյան կողմը հայտարարեց, որ խաղաղություն հնարավոր է, բայց դա կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ եւ ծանր փոխզիջումներ: Ի՞նչ նկատի ունի ԱՄՆ-ն՝ ասելով «ծանր փոխզիջում», այսքան զիջումներից հետո էլ ի՞նչ պետք է զիջի Հայաստանը։

– Վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանը մշտապես զիջել է, ընդ որում, զիջել է, նահանջել սեփական մոտեցումներից, ադրբեջանական վերահսկողությանն է հանձնել մեծ թվով տարածքներ ՀՀ ինքնիշխան տարածքից, դեռ չեմ խոսում Արցախի հետ կապված գործընթացի լիակատար տապալման, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի եւ Հայաստանի իշխանությունների ցուցաբերած զիջողականության մասին։ Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունների պահվածքը Հայաստան-Ադրբեջան, հայ-թուրքական գործընթացներում, առհասարակ արտաքին քաղաքական դաշտում ստեղծել է մի իրավիճակ, որի պայմաններում կողմերը ստեղծված թնջուկը առաջնահերթ փորձում են կարգավորել Հայաստանի հաշվին։ Միջազգային դերակատարների խնդիրն այստեղ ոչ այնքան Հայաստան-Ադրբեջան հարցերն են, կոպիտ ասած՝ նրանց առանձնապես հետաքրքիր չէ, թե այս կամ այն կողմը քանի գյուղ կզիջի մյուսին։ Խնդիրը իրենց պատկերացումների շրջանակներում տարբեր խնդրահարույց հարցերի կարգավորումն է։ Եվ այս պարագայում նրանց հետաքրքիր չէ, թե ով ինչքան զիջումների կգնա, իրենց պետք է արդյունք, իրենց պետք է, որպեսզի հնարավոր հանգուցալուծումները տեղավորեն սեփական շահերի շրջանակներում։ Եվ այս պարագայում փորձում են ավելի շատ ճնշել ու զիջումներ ստանալ այն կողմից, որը շատ ավելի հավանական է, որ գնա այդ քայլին։ Հայաստանը վերջին վեց տարիներին դարձել է այն թույլ օղակը, որից մշտապես ակնկալում են զիջումներ եւ այդ զիջումները ստանում են։

– Բայց միայն մեկ կողմի զիջումների պայմաններում ինչպե՞ս է հնարավոր խաղաղության հասնել։ Այսինքն՝ խաղաղության մասին թեզերը այս դեպքում կե՞ղծ են։

– Խաղաղության թեման այստեղ հետեւյալ ձեւով է արտահայտվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար խաղաղությունը Հայաստանի նկատմամբ այնպիսի վերահսկողության ձեռքբերումն է, որը Հայաստանը մոտակա ժամանակներում կդարձնի իրենց համար կառավարելի։ Այսինքն՝ եթե համարում ես, որ դա է խաղաղությունը, դա կարող է արտաքուստ շատ կարճ ժամանակով դիտարկվել որպես խաղաղություն։ Մեծ առումով, այն, ինչ առաջադրվում է Հայաստանին տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային կենտրոնների կողմից, Հայաստանին որեւէ ձեւով երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն չի խոստանում։ Եվ այս պրոցեսը, որն առկա է տարբեր փուլերում՝ ճնշումների, ագրեսիաների, շանտաժների ձեւով, շարունակվում է։ Եվ, ցավոք, այս իշխանության՝ պետության ղեկին մնալու պայմաններում սա նույն ձեւով կայուն փուլեր է ունենալու։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031