Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողը երեք դատական ատյաններից հետո դիմեց Սահմանադրական դատարան

Հուլիս 22,2024 13:00

ՍԴ-ն անհատական դիմումով հուլիսի 17-ին գործի քննությունը մերժեց, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողը մնաց ձեռնունայն

Նախկին զինծառայողը, երբ դիմում էր ՀՀ վարչական դատարան, գտնում էր, որ 2021թ. ապրիլի 30-ին ընդունված որոշումը՝ իրեն բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ դրական եզրակացություն չտալու մասով ապօրինի կայացվել է նյութական եւ դատավարական իրավունքների խախտմամբ եւ ենթակա է անվավեր ճանաչման: Այս տարվա հունիսին, երբ դիմեց Սահմանադրական դատարան, պնդում էր, որ 2019 թվականի հունիսի 20-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն ակնհայտորեն վատթարացրել են իր իրավական վիճակը, ուստի չէին կարող կիրառվել իր նկատմամբ։ Ըստ դիմողի՝ նշված օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը՝ 2019 թվականի հունիսի 20-ին ուժի մեջ մտած խմբագրությամբ, իրավակիրառ պրակտիկայում, հատկապես՝ իր գործով Վերաքննիչ վարչական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ, ուղղակիորեն հակասում է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին:

2021 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ վարչական դատարան դիմեց Յուրի Դանիելյանը՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ «Պարտավորեցնել պաշտպանության նախարարությանը կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ հայցվորին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ անվավեր ճանաչելով Հանձնաժողովի որոշումը՝ հայցվորին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ դրական եզրակացություն չտալու մասով եւ ՀՀ պաշտպանության նախարարի 02.07.2021թ. թիվ 717 հրամանը՝ հայցվորին բնակարանի գնման վկայագրի տրամադրումը մերժելու մասով» հայցապահանջով: Երրորդ անձ էր ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Գործը դատավոր Հրաչ Այվազյանի վարույթ ընդունվեց:

Նա հայտնել էր, որ 2010թ. հոկտեմբերի 12-ին հաշվառման է վերցվել ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից, որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայող: 2019թ. մարտի 2-ին հայցվորը սահմանված կարգով արձակվել է զինվորական ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ծառայության ընթացքում նրան բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն չի տրամադրվել:

2020թ. մայիսի 19-ին հանձնաժողովը տարածել է հայտարարություն այն մասին, որ մինչեւ 01.12.2020թ. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված եւ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագրերի միջոցով:

2020թ. հունիսի 19-ին նա դիմել է ՀՀ ՊՆ Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչություն՝ ՀՀ կառավարության 2007թ. մարտի 7-ի թիվ 384-Ն որոշման հիմքով իրեն բնակարանի գնման վկայագիր տրամադրելու, այդ կերպ անհատույց պետական աջակցություն տրամադրելու պահանջով, սակայն շուրջ 11 ամիս պատասխան չի ստացել: Դիմումին կից ներկայացվել են պահանջված փաստաթղթերը:

2021թ. մայիսի 5-ին հայցվորը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ փաստացի վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել, պահանջել է իրեն տրամադրել 2020թ. հունիսի 19-ին ներկայացված դիմումով հայցված բնակարանի գնման վկայագիրը:

Մինչեւ դիմումին պատասխան ստանալը Վարչությունից ստացվել է գրավոր տեղեկացում (թվագրված 06.05.2021թ.) առ այն, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման հարցը Հանձնաժողովի կողմից քննարկվել է 30.04.2021թ. թիվ 4 նիստում եւ «դրական եզրակացություն չի տրվել»:

19.05.2021թ. Վարչությունը պատասխանել է հայցվորի 05.05.2021թ. դիմումին՝ հայտնելով, թե 06.05.2021թ. գրությամբ արդեն իսկ հայտնել է նրան, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման հարցը Հանձնաժողովի կողմից քննարկվել է 30.04.2021թ. թիվ 4 նիստում եւ դրական եզրակացություն չի տրվել:

Ըստ էության, հայցվորը մասնակից չի դարձվել վարչական վարույթին եւ զրկված է եղել իր՝ լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունից…

Զինծառայողի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանը Վարչություն է ներկայացրել դիմում՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ստանալու համար: Դրանք տրամադրվել են: Ստացված արձանագրության համաձայն՝ Հանձնաժողովը որոշել է դրական եզրակացություն չտալ զինծառայողին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007թ. մարտի 7-ի 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը (բնակմակերեսը բավարարում է):

Դրական եզրակացություն չտալու մասին նշված որոշումը տվյալ դեպքում համարվել է վերջնական վարչական ակտ:

Վարչական դատարանի անդրանիկ նիստը նշանակվել էր 2022 թվականի հունվարի 12-ին, վճիռը հրապարակվել էր նույն թվականի օգոստոսի 24-ին: Դատարանը բավարարել է զինծառայողի հայցապահանջը:

Ի դեպ, մինչեւ 01.06.2019 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ կառավարության թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետի եւ ՀՀ կառավարության թիվ 540-Ն որոշմամբ լրացված 17.3-րդ կետի 1-ին ենթակետի համեմատական վերլուծության արդյունքում դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության թիվ 540-Ն որոշմամբ լրացված 17.3-րդ կետի 1-ին ենթակետի նորմը վատթարացնող նորմ է՝ մինչեւ թիվ 540-Ն որոշման ուժի մեջ մտնելը գործած կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետի համեմատությամբ: Մասնավորապես՝ մինչեւ 01.06.2019 թվականն ուժի մեջ մտած փոփոխությունը գործած խմբագրությամբ ՀՀ կառավարության թիվ 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետը Երեւան քաղաքում բնակարանների ձեռքբերման նպատակով զինծառայողներին տրամադրվող անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը հաշվարկելիս հիմք էր ընդունում թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինը, մինչդեռ, 01.06.2019 թվականին ուժի մեջ մտած փոփոխությամբ հիմք է ընդունվում թվաբանական միջինի 50 տոկոսը…

Բողոք էին բերել ՀՀ պաշտպանության, ՀՀ ֆինանսների նախարարությունները, որոնց բողոքները վարչական վերաքննիչ դատարանը բավարարել էր: Զինծառայողի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանը դիմել էր Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանն անցած տարվա դեկտեմբերին մերժեց բողոքն ընդհանրապես վարույթ ընդունել:

Այս տարվա հունիսի 7-ին ներկայացուցիչը դիմեց Սահմանադրական դատարան, խնդրելով՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասը՝ դրան դատական պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, ըստ որի՝ այն չի վատթարացնում մինչեւ նույն իրավանորմի 20.06.2019թ. ուժի մեջ մտած փոփոխությունները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հիմքով հաշվառման վերցված զինծառայողների իրավական վիճակը (ուժի մեջ մտած փոփոխությունների ուժով կառավարությանը պատվիրակելով բնակարանային պայմանների բարելավում ստանալու իրավունքի իրացման կարգը սահմանելու լիազորությունը եւ ըստ այդմ՝ հնարավորություն ստեղծելով մերժել շահառուներին պետական աջակցություն տրամադրելը նրանց բնակարանային պայմանների բարելավման հանգամանքի հիմքով), ճանաչել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031