Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղանակային պայմանները նպաստում են սրտային պատահարների ավելի հաճախ հանդիպմանը». Արսեն Մկրտչյան

Հուլիս 22,2024 12:30

Ինչպես հայտնի է, եղանակային պայմանները մեծ ազդեցություն ունեն մեր ինքնազգացողության վրա, պատահական չէ, որ կոնկրետ գանգատներով կոնկրետ եղանակներին դիմելիությունն ավելանում է։ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ցավոք, սրտային պատահարների թիվն այնքան է աճել, որ արդեն սեզոնայնությունը կապ չունի, բայց, այո, եղանակային պայմանները նպաստում են այս կամ այն սրտային պատահարների ավելի հաճախ հանդիպմանը։

Բժիշկը նշում է, որ ռիսկի խմբում են հիմնականում արական սեռի ներկայացուցիչները, ավելորդ քաշ ունեցողները, ծխողները, պասիվ ապրելակերպ վարող, շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձինք։

Նրանք հիմնականում դիմում են հետեւյալ գանգատներով՝ օդի պակասի զգացում, ցավ, սեղմոցի զգացում հետկրծոսկրային շրջանում, սրտի անկանոն աշխատանքի զգացում, ստորին վերջույթների այտուցվածություն: «Շատ կարեւոր է այս գանգատների դեպքում դիմել բժշկի եւ չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ սրտային պաթոլոգիաների դեպքում առավել եւս կարեւոր է ժամանակին մասնագիտացված մոտեցում ցույց տալը»,-ասում է Արսեն Մկրտչյանը։

Բժիշկը շեշտում է, որ տեխնիկական հագեցվածության եւ պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ այսօր ունենք սրտային պատահարներից մահացության եւ հաշմանդամության դեպքերի կտրուկ նվազում, բայց միշտ ավելի լավ է կանխարգելել, քան բուժել։ Իսկ առողջ սիրտ ունենալու համար ինվազիվ սրտաբանը խորհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ, հրաժարվել ծխելուց, զբաղվել սպորտով, պայքարել ավելորդ քաշի դեմ, ունենալ առողջ սննդային վարքագիծ, խուսափել սթրեսներից:

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031