Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հողի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ցանկացած փորձ պետք է հանգեցնի Արևմուտքի կողմից արագ գործողությունների, ինչպիսիք պատժամիջոցներն են. շվեդ պատգամավոր. «Արմենպրես»

Հուլիս 22,2024 10:23

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում Բաքվից հնչող սպառնալիքներին, նշել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու ցանկացած փորձ պետք է հանգեցնի Արևմուտքի կողմից արագ գործողությունների, մասնավորապես՝ պատժամիջոցների:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում շվեդ պատգամավորն անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող հարաբերություններին, Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատում իրականացնելու շուրջ համաձայնությանն, ինչպես նաև Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հնարավորություններին:

– Պարոն Հելսբորն, վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես են ամրապնդվում ու խորանում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները, կողմերն ավելի սերտ գործընկերության մեջ են, քան երբևէ։ Ձեր կարծիքով որքանո՞վ է կարևոր Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացումը տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար։ Ինչպե՞ս կգնահատեք այդ կապերը: 

– Միջազգային հարաբերությունները կարևոր են ցանկացած երկրի համար, բայց առավել կարևոր են այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Վերջին մի քանի տարիների ընթացքում կառուցված ԵՄ-Հայաստան հարաբերությունները դրական են, և այդ աշխատանքը պետք է շարունակվի։ Ավելի սերտ կապերն օգուտ կբերեն երկու կողմերին էլ:

– Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Ինչպե՞ս կգնահատեք այս համաձայնագիրը և, ըստ Ձեզ՝ կարո՞ղ է այն խաղաղություն բերել երկու երկրներին ու հարավկովկասյան տարածաշրջանին։ 

– Սահմանային տարաձայնություններն, իհարկե, պետք է լուծվեն, որպեսզի լինի երկարատև խաղաղություն։ Այնուամենայնիվ, նման համաձայնագրի մանրամասները, հավանաբար, բարդ խնդիր կհանդիսանան: Ես հետևել եմ Հայաստանի և հայկական սփյուռքի բանավեճերին և տեղյակ եմ, որ կան մարդիկ, ովքեր քննադատում են, թե ինչպես է կառավարությունը վարում իրավիճակը: Իմ իրավունքը չէ ասելը, թե ով է ճիշտ այս պարագայում:

– Վերջին տարիներին շատ է խոսվում Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ միաժամանակ սպառնալով այն ստանալ ուժով։ Պարոն Հելսբորն, ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման ագրեսիվ և չպատճառաբանված վարքագիծը։

– Ալիևի ռեժիմի հռետորաբանությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի է: Քննարկվող տարածքը պատկանում է Հայաստանին, և Ադրբեջանն իրավունքներ չունի այդ հողի նկատմամբ, իրավունք չունի նաև դրա վերաբերյալ որևէ պահանջ ներկայացնելու։ Հայկական հողի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ցանկացած փորձ պետք է հանգեցնի Արևմուտքի կողմից արագ գործողությունների, ինչպիսիք պատժամիջոցներն են:

– Ի պատասխան ադրբեջանական կողմի այս պնդումների՝ նախորդ տարի ՀՀ կառավարությունը նախաձեռնեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ։ 

– Ես չեմ կարդացել նախագծի վերաբերյալ բոլոր մանրամասները: Սակայն ընդհանուր հավակնությունը դրական է: Ժողովրդավարությունը, առևտուրը և համագործակցությունը կարևոր են երկարատև խաղաղության և կայունության համար:

Դավիթ Մամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031