Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագան «երգող» թղթինն է, ընդ որում՝ եւ «երգող», եւ «երգեցնող»

Հուլիս 22,2024 12:00

Հյուրընկալել ենք Եվրոպայում թուղթ արդյունաբերողների մեր տարածաշրջանի ներկայացուցիչ Օլգա Անտրոպովային

– Տիկին Անտրոպովա, աշխարհում վաղուց թղթային կրիչները թվայինով գործընթաց է։ Կարելի՞ է ենթադրել, որ այդ պատճառով ավելի քիչ ծառ է կտրվում։

– Երկրներ կան, որ անխնա հատում են անտառները, երկրներ էլ կան՝ մեկ կտրած ծառի փոխարեն 4-5-ն են տնկում։

Իհարկե, թուղթ են արտադրում նաեւ այլ բույսերից ստացված ցելյուլոզայից, տեխնոլոգիաները գնալով բարդանում են, թղթի տեսակներն ավելանում են՝ կախված, թե ինչ է պետք արդյունաբերողներին ու սպառողներին առհասարակ։ Սա՝ առաջին, երկրորդը՝ մշակվում են թղթի նոր տեսակներ, որոնց թափոնները չեն վնասում բնությանը։ Բայց առայժմ թուղթն անփոխարինելի է։

– Մեր դիտարկմամբ, օրինակ՝ հենց մեր երկրում արտադրվում են թղթե տարբեր իրեր՝ զուգարանի թուղթ, անձեռոցիկ, բաժակներ, ափսեներ, տոպրակներ, գրքեր, ամսագրեր… Ստացվում է՝ այդ ամբողջի հումքը դրսի՞ց է ներմուծվում։ Եվ խնդրում ենք տեղեկացնել մեր տարածաշրջանի մյուս երկրների վիճակը։

– Հայաստանում հիմնականում վերամշակվում է թղթի թափոնը եւ արտադրվում է, ասենք՝ հենց ձեր նշած զուգարանի թուղթը։ Փորձեր են եղել նաեւ արտադրել օֆսեթ թուղթ։ Նույնը ձեր հարեւան երկրներում է։ Բայց թղթի այն տեսակները, որոնցից պատրաստվում են տուփեր, փաթեթներ, ձեր նշած ամսագրերն ու գրքերը, դրանք պատրաստվում են ներմուծած թղթի տեսակներից։ Ընդ որում, նույնը վերաբերում է դեկորատիվ թղթերին։ Բայց պետք է նշեմ, որ վերջին 20 տարիների ընթացքում ձեր երկրում մեծ փոփոխություններ են արձանագրվում։ Եթե 20 տարի առաջ պահանջվում էր միայն կավճապատ թուղթ ու ստվարաթուղթ, օֆսեթ թուղթ, ապա այսօր պահանջարկ ունեն մրգի փաթեթավորման համար թուղթը, սննդի արդյունաբերության մեջ  կիրառվող, բարձրորակ փաթեթավորման եւ տուփեր պատրաստելու համար թղթերը։ Ձեր շուկան այս տարիների ընթացքում օֆսեթ թղթից անցավ գրքի թղթի…

– Գրքի թղթի՞…

– Այո։ Եվրոպայում վաղուց գրքերը տպագրվում են փոքր-ինչ ավելի մուգ, կաթնագույն թղթի վրա, որը քչացնում է լույսի անդրադարձը, ինչի արդյունքում աչքը չի հոգնում ու մարդն ավելի երկար կարող է կարդալ։ Երեւի թե ձեր երկրում միայն դասագրքերն են տպագրվում օֆսեթ թղթով։

– Աշխարհում թուղթ արտադրողները հիմնականում մասնավո՞ր ընկերություններ են, թե՞ պետական։

– Հիմնականում մասնավոր են։ Այսպես թե այնպես, թուղթը կարեւոր նշանակություն ունի ցանկացած երկրի համար։ Տեսեք. օրինակ՝ Չինաստանը արտադրում է աշխարհում գոյություն ունեցող բարձր տեսակի թղթերը եւ առաջին հերթին այն տեսակները, որոնք սպառում են տեղական ընկերությունները։ Եվ միայն իրենց պահանջարկը բավարարելուց հետո են վաճառում թղթեր այլ երկրների։ Իսկ եվրոպական թուղթ արտադրողները հիմնականում տրանսնացիոնալ ընկերություններ են, որոնք մի երկրի տարածքում չեն գտնվում, այլ միաժամանակ ունեն գործարաններ ու ֆաբրիկաներ այլ երկրներում նույնպես։ Նույն եվրոպական արտադրողները, որպես կանոն, աշխատում են ավելի նորարար տեխնոլոգիաներով, եւ Եվրոպայում արտադրվող թուղթը մեծ համբավ ունի ամբողջ աշխարհում։ Դա շվեդական, իտալական, ֆիննական, գերմանական թուղթն է։ Մասնավորը բիզնեսում միշտ ավելի հաջողակ է, եւ դա աշխարհի փորձն է ցույց տալիս, որովհետեւ այն ունի հստակ շահ։ Բայց շփվելով աշխարհի տարբեր գործարարների հետ, մի համոզմունքի եմ հանգել. փող  աշխատելը նպատակ է, բայց ոչ առաջնային։ Առաջին հերթին, գոնե ինձ հետ շփվող գործարարները, սիրում են իրենց գործը, բարձրակարգ մասնագետներ են, անընդհատ սովորում, հմտանում, զարգացնում են իրենց տնտեսությունը, ձգտում են տիրապետել նորին, նոր «նոու-հաուների»։

– Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ թուղթը, թղթի արտադրությունը ապագա ունե՞ն, դեռ երկա՞ր կապրեն։

– Փորձեմ այսպես պատասխանել. միանշանակ, թվային տեխնոլոգիաները եւ կրիչներն այս դարում շատ զարգացան, բայց ինչպես ընդունված է ասել՝ «երգը կմնա երգ»։ Հիմա եթե թուղթը «երգող» է, ապա այն հնարավորություն է տալիս ցույց տալ գեղեցիկը, շփվել գեղեցիկի հետ, այդպես տրամադրություն բարձրացնել… Գիտեք, որ բազմաթիվ թղթե տուփեր օգտագործելուց հետո դեն չեն նետում, դրանք այլ նպատակներով էլ են օգտագործվում։ Ես կարծում եմ՝ ապագան «երգող» թղթինն է, ընդ որում՝ եւ «երգող», եւ «երգեցնող»։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031