Լրահոս
Օրվա լրահոսը

«Բայդենի վարչակազմն իր առաջ նպատակ է դրել մինչեւ նոյեմբերի նախագահական ընտրություններ հասնել նրան, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ»

Հուլիս 22,2024 14:00

Ըստ Արմեն Վարդանյանի՝ Արեւմուտքը փորձում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրումով գոնե մի հաջողության պատմություն ունենալ։

«Իրականում փակուղի վաղուց է մտել»,-«Առավոտի» հիշեցմանը՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ հայկական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիեւ հանդիպում ունենալ ՄԹ-ում, բայց ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը, մյուս կողմից ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Փաշինյանն է հրաժարվել հանդիպումից եւ հարցին՝ սա չի՞ նշանակում արդյոք, որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտնում, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Նա հիշեցրեց՝ բանակցությունները փակուղի են մտել, երբ Ադրբեջանը դրեց անիրատեսական եւ անիրականանալի պահանջ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ այն է՝ ՀՀ-ն պետք է փոխի իր Սահմանադրությունը. «Իսկ Սահմանադրություն փոխելը խաղ ու պար չէ. տարիներ շարունակվող աշխատանք է պահանջում եւ դեռ պարզ չէ՝ արդյոք այդ աշխատանքը կատարելուց հետո ՀՀ հասարակությունը կքվեարկի՞ այդ սահմանադրության օգտին, թե՝ ոչ։ Այնպիսի պայման է դրել, որն ի սկզբանե անիրականանելի է։ Իսկ ամերիկյան Բայդենի վարչակազմն իր առաջ նպատակ է դրել մինչեւ տարեվերջ՝ մինչեւ նոյեմբերի նախագահական ընտրություններ հասնել նրան, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ, քանի որ Բայդենի վարչակազմը լուրջ խնդիրներ ունի վերընտրվելու հետ կապված եւ արտաքին քաղաքականության ասպարեզում իրենք հաջողության պատմություն չունեն։ Տեսնում ենք, որ Ուկրաինայում այդպես էլ չկարողացան բեկում մտցնել. Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները չեն դադարում։ Եվ միայն այսպես փորձում են ՀՀ-ի եւ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրումով գոնե մի հաջողության պատմություն ունենալ, որը տեղի չի ունենում, որովհետեւ Ադրբեջանը տորպեդահարում է, ինչը խիստ սպասելի էր»։

Մեր այն հիշեցմանը՝ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը խոսել էր «ծանր փոխզիջումների» մասին եւ հարցին՝ էլ ի՞նչ զիջում են ուզում կորզել ՀՀ-ից, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Կա տեսակետ, որ սրանով ընդամենը դիվանագիտական լեզվով կողմերին խորհուրդ էր տրվում այլեւս լրացուցիչ բաներ չպահանջել միմյանցից, եւ մեկ այլ տեսակետ, որ ԱՄՆ-ն պահանջում է, որ ՀՀ-ն ավելի փափուկ դիրքորոշում որդեգրի Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որ ավելի թեթեւ ռեժիմով ադրբեջանցիները գնան ու գան։ Ադրբեջանական բեռնատարների անցման մասին է խոսքը եւ հնարավոր է այն, որ պետք է միջանցքը վերահսկեն ոչ թե ռուսները, այլ Հայաստանը։ Կա նաեւ տեսակետ, որ ԱՄՆ-ն ՀՀ-ից խնդրում կամ պահանջում է մի քիչ ավելի փափուկ, ոչ կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանից ՀՀ-ի տարածքով դեպի Նախիջեւանի Հանրապետություն եւ այնտեղից Թուրքիա անցնող բեռնատարների համար ճկուն մոտեցում որդեգրի, որ բեռնատարներն ավելի հեշտ անցնեն»։

Արմեն Վարդանյանը նաեւ կարծում է, որ հնարավոր է՝ Ալիեւը փակ դռների հետեւում, ոչ հրապարակային ամերիկյան կողմից պահանջի, որ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար եւս մեկ նախապայման կարող է լինել այդ միջանցքով անցնող բեռնատարների նկատմամբ արտոնյալ ռեժիմ սահմանելը։ «Նախկինում Ադրբեջանն ու ՌԴ-ն պահանջում էին, որ այնտեղ պետք է լինեն ռուսական անվտանգության ուժերը, ՀՀ-ն չնայած բոլոր ճնշումների դա մերժեց, հետագայում Թուրքիան, Ադրբեջանը հայտարարեցին, որ իրենք կարող են ՀՀ-ի տարածքը շրջանցող եւ Իրանի տարածքով անցնող նոր երթուղի կառուցել, եւ կարծես թե վերջին շրջանում ձեռքները լվացել էին այն գաղափարից, որ ռուսներն էին վերահսկելու այդ միջանցքը եւ հնարավոր է՝ Ալիեւը մեկ այլ պայման է դրել, որ եթե դուք չեք ուզում, որ ռուսները դրանք վերահսկեն, գոնե արտոնյալ պայմաններում մի քիչ ավելի ճկուն մոտեցում ցուցաբերեն եւ իրենց բեռնատարները անցնեն ՀՀ-ի տարածքով»։

Մեր այն դիտարկմանը՝ տպավորություն է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն արագացնի, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Դա տպավորություն է, որը շատ մոտ է իրականությանը։ Իրենց պետք է հաջողության պատմություն արտաքին քաղաքականության մեջ ձեռքբերման մասին, իսկ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, դա մեծ ձեռքբերում կարող է լինել, դա խաղաղության նոբելյան մրցանակին համարժեք է։ Դա կարող է լուրջ իրադարձություն լինել, որը կարող են իրենք օգտագործել իրենց ներքին քաղաքականության մեջ ընտրապայքարում։ Սա է ամբողջ հարցը, որ իրենք պահանջ են դրել, որ արագացված տեմպերով կողմերը խաղաղության պայմանագիր ստորագրեն, բայց Ալիեւը չի գնում դրան, քանի որ պատճառներից մեկն այն է, որ Պուտինին խոսք է տվել, որ որեւէ դեպքում որեւէ պայմաններում արեւմտյան հարթակներում եւ արեւմուտքի հովանու ներքո չի ստորագրվելու խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանն ուզում է, որ ՀՀ-ն լինի չկայացած, իզգոյ պետություն, եթե խաղաղության պայմանագրի ստորագրումը ՀՀ-ի առաջ շատ դռներ է բացելու. Թուրքիայի հետ սահմանները կբացվեն եւ այլն։ Նաեւ իրենք զգում են՝ քանի դեռ հաղթել են պատերազմում կարող են էլ ավելի բաներ կորզել եւ դրա համար չեն գնում դրան։ Բոլորի համար ակնհայտ է, որ եթե ՀՀ-ից պահանջում են անիրականանալի պահանջ, դա նշանակում է, որ Ադրբեջանը դիտավորյալ տորպեդահարում, տապալում է գործընթացը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031