Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը օրերս տեսանյութ էին հրապարակել Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանութունից: Տեսանյութում երեւում էր, որ դեսպանատան պատերին կտավներ կան, մասնավորապես դրանցից երկուսը Սարյանի «Ծաղիկներ Քալակիից» եւ «Հայաստան» գործերն էին հիշեցնում:
Aravot.am-ը Հայաստանի ազգային պատկերասրահից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դրանք բնօրինակներն են եւ արդյո՞ք բացառիկ մշակութային արժեք հանդիսացող այդ գործերը դուրս են հանվել պատկերասրահից:
Ի պատասխան՝ Հայաստանի ազգային պատկերասրահից մեզ հետեւյալը հայտնեցին. «Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ Քալակիից» (1914թ., կտավ. տեմպերա, 88×79 սմ ) և «Հայաստան» (1923թ., կտավ. յուղաներկ, 138×103 սմ) աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում են, այժմ բնօրինակները գտնվում են ՀԱՊ-ում, ավելին` «Հայաստան» կտավը ժամանակավոր ցուցադրվում է որմնանկարների սրահում»:
Կարդացեք նաև
Նաեւ հետաքրքրվել էինք՝ Կառավարության հատուկ ցանկով սահմանված ի՞նչ արժեքներ կան (Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից), որոնք ներկայումս գտնվում են ՀՀ պաշտոնյաների աշխատաենյակներում: Հայաստանի ազգային պատկերասրահից հավաստիացրին, որ երկրորդ հարցին կպատասխանեն առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին մաքսանենգ ճանապարհով Սարյանի 7 գործ էր հանվել, իսկ ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանել էին, թե դրանք հաշվառված չեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների ֆոնդերում:
Հավելենք, որ ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N1348-Ա որոշմամբ սահմանված է այն հեղինակների հատուկ ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման վկայագրի հիման վրա։ Մարտիրոս Սարյանի անունը եւս այդ ցանկում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ