44-օրյա պատերազմում զոհված մայոր Արմեն Աղաջանյանի այրին՝ Մերի Աղաջանյանը, 3 որդիների հետ վերջերս հաստատվել է Երևանում, սակայն բնակարանի խնդիր ունեն՝ պետության կողմից տրամադրվող աջակցությանը գումար են ավելացնում՝ բնակվարձ տալիս։ Մերին աշխատանք չունի՝ փնտրում է․․․
Մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը Մերի Աղաջանյանն աշխատում էր Կաշենի ոսկու հանքում՝ որպես խոհարար։
«Ամուսինս պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ծառայությունը պաշտպանության բանակում՝ ծառայելով Արցախի տարբեր զորամասերում։ Մարտակերտում էր ծառայում, որտեղ էլ ծանոթացել և ամուսնացել ենք։ Դժվարություններ շատ ենք ունեցել, ամենամտահոգիչը բնակարանային խնդիրն էր։ Տասնյակ տարիների մեր երազանքն իրականացավ մեր ամուսնության 14-րդ տարում, վերջապես մենք էլ բնակարան ստացանք, սակայն երկար վայելել չկարողացանք»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Արմեն Աղաջանյանի այրին։
Կարդացեք նաև
Ամուսնու զոհվելուց մեկ տարի անց ընտանիքի անդրանիկ որդին հասավ զորակոչիկի տարիքի։
«Արենս ծառայության անցավ այն նույն զորամասում, որտեղ տարիներ շարունակ ծառայում էր հայրը։ Որոշ ժամանակ ոսկու հանքում աշխատելուց հետո փոխեցի աշխատանքս և ծառայության անցա նույն զորամասում»։
2022-ին միջնեկ որդին՝ Կարենը, զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության։
Ընտանիքի երեք անդամները նույն զորամասում էին, որտեղ տասնյակ տարիներ ծառայում էր Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, տանկիստ Արմեն Աղաջանյանը։
«Այդպես էլ ապրում էինք՝ աստիճանաբար հարմարվելով կյանքի թելադրած նոր պայմաններին, իրողություններին, սփոփանք գտնելով ծառայության մեջ։ Ընտանիքով ամուսնուս կիսատ թողած գործն էինք շարունակում։ Մտքի ծայրով անգամ չէի անցկացնում, որ մի օր կարող ենք ստիպված լինել լքել մեր ծննդավայրը, մեր նախնիների հողն ու ջուրը։ Ամենասարսափելին կրկին թանկ կյանքեր խլած պատերազմն էր, բենզինի պահեստի պայթյունին զոհ գնացած տղաները, որոնցից շատերը հրաշքով փրկվել էին թշնամու շրջափակումից»,-ասում է տիկին Աղաջանյանը։
Ամուսնուն ծննդավայր Ասկերանի եղբայրական գերեզմանոցում են հուղարկավորել։
«Բռնագաղթից առաջ հասցրել ենք գոնե վերջին անգամ այցելել ամուսնուս շիրիմին։ Նրան կորցնելուց հետո մեր մեջ սփոփանք ենք գտել նրա վաստակին արժանի շիրմաքար տեղադրելու մեջ նաև։ Արմենս ժպտերես էր, նրա ծիծաղկոտ աչքերից բարություն էր թափվում, ու հենց այդ հայացքն էլ դաջվեց գրանիտե սառը քարին, որի հետևի մասում վճռել եմ, որ մեր համատեղ լուսանկարն է նաև լինելու»,- ասում է Մերին։ Իրեն փորձում է սփոփել այն մտքով, որ իր ներկայությունը սիրելիի կողքին հավերժացրել է։
«Ամեն անգամ, երբ խոսում են, որ մեր սրբությունները թշնամին ավիրում է՝ սիրտս ճմլվում է, տեղս չեմ գտնում»։
Հայաստանում նրա ընտանիքին ամուսնու ընկերն է օթևան տվել՝ սատարել՝ ինչով կարողացել է։ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում էին ապրում։
«Հայաստանում հաստատվելուց հետո երկու որդիներս զորացրվել են։ Մի քանի ամսվա ընթացքում ավագ որդիս՝ Արենը, որ Ստեփանակերտի Գ.Նարեկացի համալսարանի ուսանող էր, յուրացրել է վարսահարդարի մասնագիտությունը և աշխատանքի անցել գյուղում։ Ես էլ աշխատում էի խանութներից մեկում, որպես վաճառողուհի։ Կրտսեր որդիս՝ Նարեկը 10-րդ դասարանում էր սովորում, այստեղ ուսումը չշարունակեց»։
Այժմ Երևանում են հաստատվել, քանի որ տղաների համար մայրաքաղաքում ավելի հեշտ է աշխատանք գտնելը։
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում