Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովյան աշխարհ՝ Գյումրիում․  ցուցահանդեսը բացվեց միստիկ միջավայրում

Հուլիս 21,2024 17:20

Գյումրու քաղաքապետարանի ներքնահարկում գտնվող «Կումայրի պատմամշակութային արգելոց- թանգարանի» ցուցասրահում «Գյումրու Կումայրի պարային համույթի» երիտասարդ պարուհիների միստիկ կատարումների ներքո բացվեց 20-րդ դարի հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը։

Այն  նվիրված է մեծանուն արվեստագետի 100-ամյակին։

Ինչպես իր ելույթում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, Փարաջանովի տուն-թանգարանից Գյումրի են տեղափոխվել նրա մոտ 40 աշխատանքներ։

Ըստ բանախոսի, գյումրեցիները Փարաջանովի գործերը կարող են վայելել մինչև սեպտեմբերի 9-ը, այն կլինի բաց ցուցադրությամբ՝ մուտքն անվճար է․ սա բացառիկ հնարավորություն է այս քաղաքի բնակիչների համար։

Գյումրի բերված աշխատանքներում ներառում են ֆիլմերից դրվագներ, ճամփորդական նոթեր, բանտում ապրած տարիներ ու դիմապատկերներ։

Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն էլ  ասաց, որ հոբելյանական տարին նշում են մշակութային օջախներում՝ «Փարաջանով 100» խորագրի ներքո՝ տարբեր միջոցառումներով։

«Այս ցուցահանդեսը ևս մեկ առիթ է զգալ Փարաջանովի արվեստի ինքնատիպությունն ու  կախարդանքը, տեղափոխվել Փարաջանովի աշխարհ»,-ասաց Լուսինե Սանոյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031