Լրահոս
Օրվա լրահոսը

Պանրխաշ՝ ճեմափողոցում․ ի՞նչ է ակնկալում Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Հուլիս 21,2024 15:28

Գյումրու Աբովյան ճեմափողոցում անցկացվեց Շիրակի մարզի ավանդական կերակրատեսակներից մեկի՝ պանրխաշի փառատոնը, որն աննախադեպ էր Հայաստանում, նման գաստրո փառատոն երբևէ չէր անցկացվել։

Այն, ինչպես ավելի վաղ Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել էր Գյումրու փոխքաղաքապետ Լուսինե  Սանոյանը, ունի հստակ նպատակ․ խթանել զբոսաշրջության զարգացմանը և պանրխաշի բաղադրության մեջ մտնող չեչիլ  պանիրն ընդգրկել տալ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Լավաշը, որը նույնպես այս կերակրատեսակի մաս է կազմում, արդեն իսկ ընդգրկված է։

Բացի այդ, ըստ փոխքաղաքապետի, փառատոնի միջոցով նպաստել չեչիլ պանրի հանրահռչակմանն ու վաճառքին․ զբոսաշրջիկները, համտեսելով պանրխաշը, հենց ոտք դնեն Գյումրի, կշտապեն շուկա՝ չեչիլ պանիր գնելու։

Գյումրու սիրտը համարվող Աբովյան ճեմափողոցում 13 ռեստորանների ու սրճարանների խոհարարներ մրցակցում էին միմյանց հետ․ Գյումրվա կոլորիտով զարդարելով սեղանը՝ նրանք տեղում պատրաստում ու ստիպում էին բոլորին համտեսել պանրխաշի իրենց տարբերակը։

Ի դեպ, կային ռեստորաններ, որոնք չեն բավարարվում ավանդական պանրխաշ պատրաստելով, որոշակի նորամուծություններ էին արել, օրինակ՝ փորձել էին այն բաստուրմայով մատուցել։

Ինչևէ, փառատոնը, ինչպես ակնկալում էին քաղաքային իշխանության ներկայացուցիչները, անցավ մեծ թվով մարդկանց մասնակցությամբ։

Փառատոնը բավական մեծ աշխուժություն էր մտցրել կոլորիտային այս քաղաքում, այն ոչ միայն տնից հանել էր գյումրեցիներից շատերին, այլ այս քաղաք էր բերել Հայաստանի այլ մարզերի բնակիչների ու  օտարերկրյա զբոսաշրջիկների։

Ի դեպ, փառատոնին մասնակցում էր նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր  դեսպանը Պետր Պիրունչիկը։

Մասնակիցների շարքում կային նաև բլոգերներ, որոնք տեղում նկարահանում ու իրենց էջերում ցուցադրում էին Գյումրվա ավանդական այս կերակրատեսակի պատրաստման ընթացքը։

Ի սկզբանե որոշվել էր, որ այն մրցույթ-փառատոն է լինելու, անցնելու է քվեարկությամբ ու աստղ են շնորհելու սննդի այն օբյեկտին, որն ամենաշատ ձայներն է տարել։

Քվեարկություն բնականաբար տեղի ունեցավ, սակայն Գյումրու քաղաքային իշխանությունը չնեղացրեց և ոչ մի ռեստորանատիրոջ․ աստղը շնորհեց փառատոնի գաղափարի հեղինակին՝ «Մարիամ և Երանուհի  Ասլամազյան քույրերի պատկերասրահի» աշխատակցուհի Անի Հակոբյանին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031