Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ եմ, որ պատմական փաստերը փորձենք վերախմբագրել. Ստյոպա Սաֆարյան

Հուլիս 20,2024 21:23

«Ես դեմ եմ, որ Ալիեւն ինչ բլթացնում է, մենք դրան տոն տանք: Մանավանդ որ այդ Անկախության հռչակագրի գրածը, ըստ էության, ՀՀ-ն արդեն չեղյալ է հայտարարել: 1995 թվականի Սահմանադրությամբ եւ 1992 թվականի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ դիրքորոշում փոխելով կամ վերասահմանելով՝ արդեն Արցախը դուրս ենք դրել, դա, ցավոք սրտի, արդեն փաստ է: Եթե նույնիսկ հասկանամ՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չտալով ոչինչ չի փոխվում, այնուամենայնիվ, դեմ եմ, որ պատմական փաստերը փորձենք վերախմբագրել: Որովհետեւ դրանք վերախմբագրման ենթակա չեն: Միեւնույն է, դրանից չի փոխվելու Հայաստանի դիրքորոշումը: 1992 թվականին միջազգային կառույցներին անդամակցելիս Հայաստանը ճանաչել է ԱՊՀ երկրների տարածքային ամբողջականությունը ոչ միայն Ալմա-Աթայի հռչակագրով, այլեւ միջազգային կառույցներում հայտարարելով, որ տարածքային հավակնություններ չունի ու սահմանել է  Արցախի խնդիրը որպես ինքնորոշման հարց: Եվ եթե մինչեւ 1995 թվականն ունեցել ենք Գերագույն խորհրդում Արցախի պատգամավորներ, դրանից հետո չենք ունեցել: Արցախն ինքներս ենք մեզնից անջատել, այս առումով դա լրիվ հակառակ է եղել 1995 թվականի Սահմանադրությանը: Այսինքն՝ այդ թվականի Սահմանադրությունն այդ առումով անկյունաքարային է եղել, ինչքան էլ հղում է կատարել  Անկախության հռչակագրի վրա, ճիշտ հակառակն է  արել՝ միացումը բացառելով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղում տալ- չտալու մասին քննարկումներին:

«Ես դեմ եմ, որ պատմության վրա մանիպուլյացիաներ են տեղի ունենում, որոնցից պատմությունը չի փոխվում: Հիմա Սահմանադրության նախաբանում կպահպանվի այդ հղումը, թե չի պահպանվի, դրանից իրականությունը չի փոխվելու, մնալու ենք այդ իրականության մեջ: Ես դեմ եմ ուղղակի՝ եթե Ալիեւը դրա մասին խոսում է, ՀՀ-ն հենց նույն  պահին զրույց բացի ու կատարի այդ հիմար պահանջները, մանավանդ, որ դրանք կարծես թե մեր ներքին միջավայրից բացի`  որեւէ մեկը լուրջ էլ չի ընդունում»,- հավելեց պարոն Սաֆարյանը:

Ի դեպ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։

Սահմանադրության նախաբանին և/կամ Անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031