Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք չեք տեսնի ՔՊ-ական պաշտոնյայի հայտարարություն, որը «ցնցվում է» աշխարհի տարբեր հատվածներում հայերի դեմ թշնամական հարձակումներից․ Քրիստինե Վարդանյան

Հուլիս 20,2024 19:46

ՀՀ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ատելության հողի վրա 2-րդ հարձակումն է եղել Երուսաղեմում գործող հայկական բիզնեսի վրա: Ծայրահեղականը պղպեղի հեղուկ է ցողել հայկական պանդոկի մուտքից ներս, տուժել են պանդոկի այցելուները: Մի քանի օր առաջ երկու այլ ծայրահեղականներ ներխուժել էին նույն պանդոկ, ահաբեկել այցելուներին, վնասել գույքը:
Երուսաղեմում կրոնական և ազգային հողի վրա հայերի վրա հարձակումները վերջին տարիներին դարձել են պարբերական, գնալով ավելի հանդուգն ու ագրեսիվ:

Բացի անհատական հարձակումներից, արդեն մի քանի տարի է, ինչ շարունակվում են հայապատկան հողերը և բացառիկ նշանակության ժառանգությունը խլելու նպատակով իրականացվող կազմակերպված բնույթի հարձակումները, որոնք մի քանի անգամ վերածվել են ծայրահեղականների ու ժառանգությունը պաշտպանող հայերի միջև բախումների:

Այս ամենը հասցրել են դատապարտել անգամ տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները, Իսրայելի պետությանը կոչ արել պաշտպանել ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

Շուրջ 3 տարի ձգվող այս ճգնաժամի մեջ ամենաանհաղորդ կողմը շարունակում են մնալ հայկական պետության ներկայացուցիչները: Այս ողջ ժամանակահատվածում որևէ դատապարտող հայտարարություն, որևէ պաշտոնական արձագանք, որը կօգներ զսպել ծայրահեղականներին, պատժել տարիների ընթացքում տասնյակ հանցագործությունների հեղինակներին, չի եղել: Աշխարհի միակ պետական սուբյեկտը, որն ունի հայերի իրավունքները պաշտպանելու պարտականություն, ոչ միայն ձեռքերը լվացել է այդ գործից, այլ դիրքորոշում է արտահայտում գրեթե բոլոր ճգնաժամային իրավիճակներում, բացի այն դեպքերի, երբ հանցագործությունը ուղղված է սեփական ազգի ներկայացուցիչների դեմ:

Դուք չեք տեսնի ՔՊ-ական պաշտոնյայի հայտարարություն, որը «ցնցվում է» աշխարհի տարբեր հատվածներում հայերի դեմ թշնամական հարձակումներից: Մինչդեռ դա տարբեր կառավարություններին ուղղված հստակ ուղերձ կլիներ առ այն, որ իրենք գործ ունեն մարդկանց հետ, որոնց շահերը պաշտպանող պետություն գոյություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031