2021 թվականին Ստեփանակերտում բացվեց Արսենյան ատամնաբուժական կլինիկան, որտեղ 10-15 մարդ էր աշխատում։ Չնայած նորաբաց էր, սակայն բարի համբավ էր վայելում և ուներ հաճախորդների մեծ բանակ։ «Հետպատերազմական բավականին դժվար և ծանր ժամանակաշրջան էր, սակայն անկախ նրանից, թե Արցախում ապագա ունենալու ենք թե չէ, վճռել եմ ռիսկի գնալ` բավականին ներդրումներ կատարելով։ Ատամնաբուժարանը հագեցած էր նորագույն սարքավորումներով, ատամի խնդրի հետ կապված ցանկացած հարց տեղում լուծվում էր»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է ատամնաբույժ Արթուր Արսենյանը։
Բազմաթիվ հայրենակիցների պես ընտանիքով արհավիրքների միջով են անցել ու շարունակում են հաղթահարել պատուհասած դժվարությունները։ Երեք մանկահասակ երեխաների հայրն ասում է, որ սկզբնական շրջանում ամենադժվարը երեխաների համար էր։ «Առաջնահերթ երեխաների մասին էինք մտածում, քանի որ նրանց մանկական ուղեղը շատ նուրբ հարցերի պատասխաններ էր պահանջում։ Ու պետք էր կարողանալ գտնել պատասխաններ, որոնք շատ չեն ցավացնի։ Այդպես, քայլ առ քայլ գնում ենք դեպի ինտեգրում նոր իրողություններին։ Մենք էլ մեր հերթին փորձում ենք մեր երեխաների հաջողություններով սփոփվենք։ Ինքներս մեզ գոտեպնդում ենք, որ մեր մայր հայրենիքում ենք, աշխատում ենք ամուր կանգնել, չընկճվել»։ 2023 թվականի հոկտեմբերի 2-ից բժիշկ Արսենյանն իր մասնագիտությամբ աշխատանքի է անցել Երևանի ատամնաբուժական կլինիկաներից մեկում։
«Խիզախություն և վճռականություն էր պետք՝ այդքան դժբախտություններ տեսնելուց հետո չկոտրվել, այլև կրկին արարել, ստեղծել։ Ապագայում գուցե կարողանամ հասնեմ նրան, որ կրկին իմ կլինիկան կունենամ։ Որակավորման դասընթացների, սեմինարների, կոնֆերանսների եմ մասնակցում, անում եմ ամեն ինչ մասնագիտական կարողություններս ավելի զարգացնելու, իմ կարիերայի մեջ աճ ապահովելու համար։ Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, աշխատանքս կատարում եմ ամենայն պատասխանատվությամբ
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում