2024 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 23:36-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքում օտարերկրացի մի քաղաքացի խնդրել է զանգահարել 1-02 և ասել, որ ոստիկան մոտենա:
Ահազանգով մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ահազանգի վերաբերյալ պարզաբանումներ իրականացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրել նշված օտարերկրացուն, ով գտնվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում և օգտվելով հերթապահի օգնականի զբաղվածությունից ու անուշադրությունից, ինքնասպանություն գործելու նպատակով, վերցրել է հերթապահ մասի սեղանի տակ գտնվող «AKM» տեսակի ինքնաձիգը և այն բերել մարտական վիճակի։
Այդ նկատելով` ոստիկանության 2 աշխատակից, նախնական տվյալներով, փորձել են ինքնաձիգը վերցնել վերջինիս մոտից, սակայն այդ ընթացքում անձը կրակահերթ է արձակել, այնուհետև փողը մոտեցնելով իրեն՝ կրկին կրակահերթ է արձակել, ինչի արդյունքում վերջինս և ոստիկանության երկու աշխատակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:
«Աբովյան» ԲԿ-ից ստացված հաղորդման համաձայն` ոստիկաններից մեկի մատն է վնասվել, մյուսի՝ ձեռքի ափը, իսկ օտարերկրացին հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ մասի շրջանում։
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը), 173-րդ հոդվածի 1-ին մասով(Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 337-րդ հոդվածի 1-ին մասով(Հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), նախաձեռնվել քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասից հայտնաբերվել և վերցվել են ինքնաձիգի կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վերցվել է նաև «AKM» տեսակի ինքնաձիգը։
Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ