Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող իշխանության համար հաջորդ ընտրություններում լուրջ խնդիր է լինելու 50+1 հավաքելը․ «Հրապարակ»

Հուլիս 20,2024 10:20

Վերջերս կայացած Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել՝ հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում կայուն մեծամասնություն ձեւավորելու սահմանադրական պահանջից: Այս դրույթը հանելը շատ կարեւոր է, որպեսզի 50 տոկոսից պակաս քվեներ ստանալու դեպքում էլ ՔՊ-ն կարողանա ապագայում իշխանություն ձեւավորել: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշ անդամներ եւս օրերս հայտարարեցին, որ պատրաստվում են հարցը քննարկման դնել իրենց խորհրդում եւ ՀՀ ԱԺ-ին առաջարկել, որ այդ դրույթն իրենք փոխեն` Ընտրական օրենսգրքից հանելով կայուն մեծամասնության դրույթը: Եվ դա անեն մինչեւ հաջորդ ընտրությունները եւ նոր սահմանադրության ընդունումը: Ի դեպ, հիշեցնենք, Սահմանադրությունը պատրաստվում են ընդունել 2026-ի ընտրություններից հետո` 2027-ին։ Հիշեցնենք, որ, ըստ Ընտրական օրենսգրքի, կայուն մեծամասնություն գոյություն ունի այն ժամանակ, երբ ընտրություններին մասնակցած ուժերից մեկը միայնակ հավաքել է ձայների 54 տոկոսը, կամ` ընտրությունից հետո յոթ օրվա ընթացքում խորհրդարան անցած 3 ուժ ձեւավորում են կոալիցիա, որն ունենում է մանդատների 54 տոկոսը։ Այս դրույթը ենթադրում է, որ եթե չի ձեւավորվում կայուն մեծամասնություն, ապա պետք է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ լինի, որին, ըստ Սահմանադրության 89-րդ հոդվածի, մասնակցում են ամենաշատ քվե ստացած առաջին երկու ուժերը։

2015 թվականի Սահմանադրության մեջ ամրագրված այս դրույթի համար ընդդիմադիրները տարիներ շարունակ քննադատում էին ՀՀԿ-ին, որ Սահմանադրությունը «կարել» է իր հագով, որ հարկ եղած դեպքում կայուն մեծամասնություն ձեւավորի՝ հավերժ վերարտադրվելով եւ իշխանությունը պահելով: Իսկ խորհրդարանում էլ կարողանան միայն իրենց ուժերով ընդունել բոլոր նախագծերը` առանց խորհրդարան անցած մյուս ուժերի աջակցության։ Սակայն 2015-ից սկսած՝ այդ դրույթը չի կիրառվել, որովհետեւ, ի հեճուկս 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունները նախագծողների, Հայաստանի ԱԺ-ում ձեւավորվում է ոչ թե կայուն, այլ կայունից էլ կայուն մեծամասնություն․ թե՛ 2018-ի, թե՛ 2021-ի ընտրություններից հետո ՔՊ-ն բացարձակ մեծամասնություն է դարձել` առանց որեւէ ուժի աջակցության։ Եթե այս մասին հայտարարվեր գոնե մեկ տարի առաջ, գուցե կարելի էր ընկալել, թե ինչու է իշխանությունը գնում նման փոփոխության՝ փորձելով հրաժարվել Սերժի «կոստյումից», մանավանդ որ սիրում են պարծենալ, թե ունեն ժողովրդի վստահությունը ու եթե այսօր էլ ընտրություններ անեն, մեծամասնության քվեն նորից ստանալու են: Սակայն, նկատի ունենալով Երեւանի վերջին ընտրությունները, երբ ՔՊ-ին չհաջողվեց ընտրությունների արդյունքներով 50+ ձայն հավաքել, իշխանությունը ձեւավորվեց կոալիցիայի ճանապարհով, ուստի առնվազն տարօրինակ է, թե ինչու են ՔՊ-ում կողմ, որ կայուն մեծամասնության դրույթը հանվի։ Երեւանի ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանության համար հաջորդ ընտրություններում լուրջ խնդիր է լինելու 50+1 հավաքելը, ուստի ճիշտ ժամանակն է օգտվել կայուն մեծամասնության դրույթից։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031