Լրահոս
Օրվա լրահոսը

Սանդղակի մոտ 60 տոկոսը աղքատության կամ դրանից մի քիչ ցածր ու բարձր սահմանին է․ «Փաստ»

Հուլիս 20,2024 09:45

Վերջին օրերին շուկայում նորից նկատելի է գնաճ: Խոսքն առավելապես միրգ-բանջարեղենի մասին է: Ոմանք այդ գնաճը պայմանավորում են այս ամիսներին զբոսաշրջիկների մեծ հոսքով, մյուսներն՝ այլ գործոններով: «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասում է՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, կա գնանկում:

«Փոքր՝ մեկ տոկոսի սահմաններում, բայց գնանկում կա: Սա, սակայն, վստահելի չէ: Գնաճը միգրացիոն պրոցեսների հետ ուղիղ կապ ունի: Մեր երկիր շատ են գալիս Ռուսաստանից, Հնդկաստանից, այլ երկրներից: Կա սեզոնային գործոնը ևս: Սեզոնի ավարտին մոտ ծիրանը, պոմիդորը և ձմերուկը թանկանում են: Որոշ ժամանակ հետո գները կկայունանան և կվերադառնան իրենց նախկին տեսքին: Բայց կարևորն այստեղ այն է, որ գնաճի ընդհանուր տեմպը չի նվազում: Մեզ մոտ չկա դիֆերենցում, այն է՝ տարբերակում: Կա բոլոր ապրանքների ընդհանուր պատկեր և առաջին անհրաժեշտության ապրանքների պատկեր: Նույնիսկ եթե ընդհանուր պատկերն ունի գոհացուցիչ արդյունքներ, այն է՝ քիչ գնաճ կամ գնաճի բացակայություն, դա դեռ բավարար ցուցանիշ չէ: Առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանում պետք է առանձին վիճակագրական ուսումնասիրություն կատարվի, որը մեզ մոտ չկա: Մեզ մոտ ընդհանուր ձևով են հարցին մոտենում, դրա համար էլ հստակ պատկերը չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նրա խոսքով, ներկայում գնաճը, վստահաբար, չորս տոկոսից բարձր է: «Մեր օրենսդրության մեջ՝ կառավարության և մնացած ծրագրերում, ամրագրված է, որ սակագները պետք է ունենան կայուն աճի տեմպ ոչ պակաս, քան 4,5 տոկոսը: Սա ամրագրված է, բայց իրական կյանքում ցուցանիշներն այլ են: Պետք է ընդամենը շուկա գնալ գնումներ կատարելու, խոսքը բանջարեղենի, մրգի մասին է: Գոյություն ունի երկու՝ սպառողական զամբյուղ և կենսապահովման նվազագույն զամբյուղ: Դրանց միջև տարբերությունը բավականին մեծ է: Մեզ մոտ այս երկու զամբյուղներն էլ անտեսում են: Ուսումնասիրում են մեկը, թվեր ստանում, բազմապատկում համապատասխան գործակցով և ստանում մի թիվ, որը վերաբերում է կենսապահովման զամբյուղին, բայց արդյունքում ստացվում է, որ մյուս զամբյուղը չուսումնասիրվեց: Միայն թվեր գումարել-բազմապատկելով հնարավոր չէ պատկերացում ստանալ իրական վիճակի մասին: Իմ բնորոշմամբ, սա ուղղակի աբսուրդ է: Այս բոլոր ցուցանիշները կարևոր են ու պետք են վերլուծությունների, ուսումնասիրությունների համար, բայց դրանք ցույց չեն տալիս իրական պատկերը, այն, ինչ ունենք գետնի վրա: Այս պարագայում էլ ստիպված ենք առաջնորդվել մեր փորձով, դատողություններով, ուսումնասիրություններով, բայց դրանք չեն կարող այդքան ստույգ լինել, ինչպես պետական վիճակագրությունն է»,-հավելում է Պողոսյանը:

Ստացվում է, որ քաղաքացիները, փորձագետներն ինչ-որ առումով «առաջնորդվում» են սեփական գրպանի պարունակությամբ, այն է՝ որքան եկամուտ ունեցան, որքան ծախսեցին և ինչի համար, կարողացան խնայել, թե ոչ: Քաղաքացիների գնողունակության մասին խոսելիս նա անդրադառնում է դեցիլային խմբերին: Նշենք, որ, ըստ բնակչության եկամուտների և ծախսերի մակարդակի, տոկոսային հավասարաչափ բաշխված 10 խումբ կա: «Մի 10 տոկոսը ամենաբարեկեցիկ կյանք ունեցողներն են, հաջորդ 10 տոկոսը՝ ավելի քիչ, և այդպես շարունակ, մինչև վերջին 10 տոկոսը: Հիմա տեսեք՝ առաջին խմբում մեկ շնչին բաժին ընկնող միջին ծախսի ցուցանիշը 200 հազար դրամին մոտ է, վերջին խմբում՝ 15 հազարին մոտ: Սա սարսափ է, ոչ մի զարգացած երկրում նման բան չկա: Օրինակ՝ Շվեդիայում ընթացիկ ծախսերի ցուցանիշի տարբերությունը վեց անգամ է: Մեզ մոտ այդ սանդղակը ոչ թե համաչափորեն է, այլ թռիչքաձև: Առաջին 10-15 տոկոսանոց խավը ոչ մի պրոբլեմ չունի, նրան ապրանքների գները չեն հետաքրքրում, իսկ սանդղակի մոտ 60 տոկոսը աղքատության կամ դրանից մի քիչ ցածր ու բարձր սահմանին է, այսինքն՝ կամ աղքատության սահմանին մոտ է, կամ մի քիչ ցածր ու բարձր է»,-ասում է ՀԿ նախագահը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031