Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես տարբերել իսկական եւ կեղծ քաղաքագիտությունը

Հուլիս 20,2024 10:00

Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արման Գրիգորյանի հոդվածը «National Interest» պարբերականում, որի թարգմանությունը հրապարակվել է մեր թերթում, իմ միտքը տարավ հետեւյալ ուղղությամբ՝ ի՞նչ է գիտությունն ընդհանրապես եւ քաղաքագիտությունը մասնավորապես:

Ենթադրենք, ես պնդում եմ, որ ջուրը սովորաբար, որոշակի պայմաններում եռում է, երբ ջերմաստիճանը հասնում է 100 աստիճանի: Այս պնդումը գիտության ոլորտից է: Բայց եթե ես ասում եմ՝ ուզում եմ, որ ջուրը եռա 60 աստիճանի դեպքում, եթե ես բողոքում եմ, որ այդ «սրիկա ջուրը» չի եռում, երբ ես եմ դա ուզում, եթե ես առաջարկում եմ հանրաքվե անցկացնել, որոշելու համար, թե երբ պետք է ջուրը եռա, ապա իմ այդ խոսույթը գիտական չէ:

Հայաստանում առնվազն մի քանի հարյուր մարդ կա, որոնք ներկայանում են որպես քաղաքագետ: Նրանց մոտավորապես 70 տոկոսը Փաշինյանի քարոզչական թիմից են: Այդ թիմը խնդրո առարկա հոդվածում նկարագրված է այսպես. «Կառավարության անսքող հավանությամբ՝ մի քանի իշխանամետ լրատվամիջոցներ, փորձագետների հսկայական բանակ եւ մի քանի արբանյակային քաղաքական ուժեր սկսեցին անողոք PR արշավ՝ քարոզելու այն առասպելը, որ պատերազմն անխուսափելի էր, քանի որ այն ռուս-թուրք-ադրբեջանական դավադրություն էր՝ ընդդեմ Հայաստանի»:

Այս պարագայում ինձ հետաքրքրում է հետեւյալ հարցը՝ արդյոք այդ փորձագետներն իսկապե՞ս փորձագետներ են: Ինձ թվում է՝ ոչ: Որովհետեւ փորձագետը (քաղաքագետը) չի քարոզում, ոչ մի բան չի ցանկանում «վաճառել» հանրության վրա: Նա փորձում է բացատրել նույն հանրությանը (եւ ցանկալի է նաեւ՝ որոշում ընդունողներին) օրինաչափությունները, պատճառահետեւանքային կապերը՝ առանց «բարու» եւ «չարի» մանիքեական բաժանման: (Դա հատկապես կարեւոր է արտաքին քաղաքականության վերլուծության ժամանակ):

Իսկ քարոզը հիմնված է մարդկանց զգացմունքների հետ խաղալու վրա: Օրինակ, «ռուսը մեզ քցել ա» կենցաղային թեզի վրա: Անկախ նրանից՝ դա ճիշտ է, թե սխալ, դրա վրա չի կարելի կառուցել ո՛չ քաղաքականությունը, ոչ էլ, առավել եւս, քաղաքագիտությունը:

…Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ Հայաստանում իշխանությունը, մի կողմ դնելով իր ինֆանտիլ կրքերը, կկարդա քաղաքագետների (իսկական քաղաքագետների) վերլուծությունները եւ կփորձի անաչառ կերպով գնահատել նրանց փաստարկները, ոչ թե «քսի տա» իր «ֆեյքերի» ոհմակին, որը տարբեր երանգավորումներով կրկնելու է «du caxvac es rsin» մեղադրանքը: Այդ մակարդակի «փաստարկները» ժամանակակից իշխանամետ «քաղաքագիտության» հիմքն են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Օրինակ եթե իմ երեխան ուզենա դառնալ պրոֆեսիոնալ քաղաքագետ, այլ ոչ թե ջուր ծեծող, կամ սրա նրա շահերը պաշտպանող,ինչպես նա պետք է փող վաստակի,ով և ինչի համար նրան կվճարի։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031