Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր ուզածն ի՞նչ է, ժողովուրդ

Հուլիս 20,2024 12:30

Հայաստանի եւ Արցախի հետ տեղի ունեցածից հետո, թշնամական տանդեմը հրաշալիորեն օգտվում է Հայաստանի իշխանությունների պարապ վիճակից, օր օրի էլ ավելի է մեծացնում վախի ճնշումները, թելադրում իր կամքը, քանզի հստակ տեսնում է նաեւ, որ Հայաստանի ժողովուրդը լավ չի հասկանում իրավիճակի լրջությունը, քնից արթնանալու ոչ մի քայլ չի ձեռնարկում, կարծես կամաց-կամաց հարմարվում է ստեղծված վիճակին, այն է՝ լուռ սպասել եւ տեսնել, թե ի՞նչ է լինելու իր հետ, դարձյալ հավատալով, որ իշխանություն ունենք եւ դա նրա սուրբ գործն է: Սպասում է, թե իշխանությունն ի՞նչ է անելու, ի՞նչ հրահանգներ է տալու բանակին, ինչպես նաեւ ժողովրդին:

Էլ ի՞նչ լինի, որ այս ժողովուրդը վերջապես հասկանա, որ երկրի վիճակը ողբերգական է, էլ ժամանակ չկա, այն օր օրի ի վնաս Հայաստանի է աշխատում: Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ ճնշման շնորհիվ Հայաստանի իշխանություններից արդեն ստացել են երկրի տարածքների մաս-մաս հանձնման համաձայնությունը, ավելին՝ կարծում եմ, որ նրանց միջեւ արդեն կա տարածքների հանձնման փոխհամաձայնեցված գրաֆիկ, որից ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ ժողովուրդը տեղյակ չեն:

Ժողովուրդը չի էլ հասկանում, որ տեղի ունեցողն ի կատար է ածվում Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ: Բազմիցս է ասվել, որ ժողովուրդը դեռեւս իր համար հանգիստ ապրում է, կարծես ոչինչ չի պատահել, անհանգստանալու ոչինչ չունի …

Որքան էլ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից՝ ստեղծված աղետալի վիճակի վերաբերյալ, մշտապես եւ տարաբնույթ անհանգստացնող կոչեր է արվում ժողովրդին, սակայն ժողովուրդը համարյա չի արձագանքում, շարունակում է ապրել իր առօրյա կյանքով, չգիտես, հույսն ինչի՞ վրա դրած: Չեմ կարծում, որ այսքան բացատրելուց ու ասելուց հետո, ժողովուրդը չի հասկանում, թե ինչպիսի իրավիճակ է տիրում երկրում եւ ինչ կարող է տեղի ունենալ, այն էլ շատ արագ…

Չէ՞ որ ոչ վաղ անցյալում էր՝ ընդամենը 4 տարվա ընթացքում, ականատես եղանք, թե ինչեր տեղի ունեցան Արցախի եւ Հայաստանի հետ. Արցախի հայաթափում ու նրա կորուստ, իսկ Հայաստանի սուվերեն պետության որքա՞ն տարածքներ անցան Ադրբեջանի տիրապետության տակ, որոնք ժողովրդի այսպիսի պահվածքի դեպքում, երբեք ետ չեն բերվելու: Ասենք ավելին, այդ տարածքների թիվը գնալով շատ արագ կարող է ավելանալ եւ ավելի ընդարձակվել՝ ընդհուպ Հայաստանն ամբողջապես: Հետաքրքիր է, ի՞նչ ավելի կարեւոր գործ ունի այս ժողովուրդը, որ ուխտի ականջում քնել եւ ոչ մի քայլ չի անում, կարծես երկրում ամեն ինչ նորմալ է: Բա, եթե երկրին սպասվող այս արհավիրքի ժամանակ լուռ թառել եք տներում, չեք ուզում դուրս գալ, փորձել ինչ-որ բան փրկել, ապա դուք ընդհանրապես ինչի՞ եք ի վիճակի եւ ձեր ուզածն ի՞նչ է:

Անհասկանալի է, սրանից ավելի ի՞նչ վտանգ պետք է սպառնա մեր երկրին, որ նրանք քնած վիճակից դուրս գան ու վերջին ճիգով փորձեն պաշտպանել երկիրը: Մեր երկիրը՝ բացի մեր ժողովրդից, ուրիշ ո՞վ պետք է պաշտպանի: Ժողովուրդը կամ չի հասկանում, կամ իրեն չհասկացողի տեղ է դնում, գոնե այս վտանգավոր ժամանակներում, չի՞ գիտակցում, որ դա իր առաջին սուրբ գործն է եւ ամեն ինչ թողած, պետք է վայրկյան շուտ լծվի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ ոչինչ չխնայելով դրա համար: Հարց եմ ուղղում. նախ, եթե ավելի առաջանային ու ավելի կարեւոր գործեր ունեք, ապա ասացեք խդրեմ, դրանք ի՞նչ գործեր են եւ եթե վաղը թուրքն ամեն ինչ վերցրեց՝ իրենով արեց, ապա ո՞վ եւ ինչպե՞ս է անելու այդ նույն գործերը: Դուք վայրկյան անգամ մտածե՞լ եք այն մասին, որ հայրենիքը տալով, առաջին հերթին տալու եք հենց ձեզ՝ ողջ ընտանիքով, ունեցվածքով հանդերձ ու ձեզ շարունակ միակ հարցն եք տալու. իսկ էս շարժումը, որ ամիսներ շարունակ, տարբեր հարթակներից, տարբեր կերպ մեզ բացատրում էր, որ ժողովուրդ, տանը մնալով գործ չի լինի, դուրս եկեք տանից, մասնակցեք հայրենիքի փրկության շարժմանը, որով առաջին հերթին կփրկեք՝ նախ հենց ձեզ, ապա նաեւ հայրենիքը, այդ ժամանակ մենք ի՞նչ էինք մտածում, որ քայլ անգամ չէինք անում: Ու մեր փոխարեն ո՞վ պետք է քայլ աներ եւ փրկեր մեզ: Ժողովուրդ, ազգովի համախմբվեք ու փորձեք թուրքից փրկել հայրենիքը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031