Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ «ծանր փոխզիջումների» մասին է խոսում ԱՄՆ-ը

Հուլիս 20,2024 13:30

«Հայաստանի իշխանությունը ոչ թե մոռացության է մատնում վերադարձի հարցը, այլ շատ հստակ նպատակադրումով իրականացնում է նատուրալիզացիայի քաղաքականություն` ամեն կերպ դրդելով Արցախի մեր հայրենակիցներին ստանալ ՀՀ քաղաքացիություն եւ չբարձրացնել վերադարձի հարց»,-«Առավոտի» զրուցակիցն է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը:

– Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի հարցը «մոռացության» է մատնվում, որովհետեւ ՀՀ իշխանությունն է այդպես վարվում։ Տեղահանված արցախցիները նաեւ արտագաղթի ճամփան են բռնել։ Իրական հնարավորություններ կա՞ն արցախցիների՝ Արցախ վերադարձի համար, ո՞ր պարագայում դրանք իրագործելի կլինեն։

– Հայաստանի իշխանությունը ոչ թե մոռացության է մատնում վերադարձի հարցը, այլ շատ հստակ նպատակադրումով իրականացնում է նատուրալիզացիայի քաղաքականություն` ամեն կերպ դրդելով Արցախի մեր հայրենակիցներին ստանալ ՀՀ քաղաքացիություն եւ չբարձրացնել վերադարձի հարց: Ավելին, նույնիսկ Արցախից բռնագաղթածներին հումանիտար աջակցության ծրագրերն աստիճաբար փորձում են դարձնել ավելի լայն` ՀՀ քաղաքացիներին վերաբերող:

Իսկ վերադարձի իրավունքը մեր հայրենակիցների անքակտելի հիմնարար իրավունքն է, որն ուղղակի անթույլատրելի է չբարձրաձայնել: Ավելին` քանի դեռ ապահովված չլինեն վերադարձի համար իրական անվտանգության երաշխիքներ, Արցախյան հիմնախնդիրը լուծված համարվել չի կարող: Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք: Բաքուն պետք է Արցախի հայկական բնակչությանն իրական անվտանգության երաշխիքներ տրամադրի եւ պայմաններ ստեղծի արժանապատիվ ու անվտանգ իրենց հայրենի հողի վրա ապրելու համար:

– Տարբերակ կա՞ երբեւէ ելակետային իրավիճակին  վերադառնալու եւ հարցն այդ կետից լուծելու, քանի որ Ադրբեջանն, ըստ էության, արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները։

– Ցավոք սրտի, այսօրվա իրավիճակը, արդեն փոփոխված իրականությունը, հնարավորություն չեն տալիս 2020թ. պատերազմից առաջ, կամ պատերազմի ընթացքում արված առաջարկներին, քննարկված տարբերակներին վերադառնալ եւ դրա հիման վրա կարգավորում պատկերացնել: Ավելին, նույնիսկ նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարության դրույթներն այսօրվա իրավիճակից շատ ավելի լավ պայմաններ էին ենթադրում հայկական կողմերի համար, քան այն իրավիճակը, որ ստեղծվեց Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականության եւ Հայաստանի իշխանությունների զիջողականության հետեւանքով: Այսօր Արցախը հայաթափված է, Հայաստանի տարածքները օկուպացված, իսկ Ալիեւը շարունակում է նոր զիջումներ պահանջել Հայաստանից: Առաջնային խնդիր պետք է լինի այդ զիջումների անիվը կանգնեցնելը, Արցախի հայկական բնակչության խախտված իրավունքների վերականգնման հարցն օրակարգ բերելը, ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից դուրս բերելը, ինչպես նաեւ, օր առաջ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին տուն վերադարձնելը:

– Աշնանը տարածաշրջանը խաղաղ չի լինելու, քանի որ գերտերությունների հավակնությունները կարծես վերջնական փուլ են մտնում. Ադրբեջանը` տնտեսական գործոններից ելնելով, հաջող խաղարկում է իր շահերը, Վրաստանն աշխարհաքաղաքական ուղղություն է փոխում, Հայաստանում հեծանիվ են քշում ու զվարճանում. ի՞նչ սպասել։

– Էսկալացիայի վտանգը մշտապես պահպանվում է, քանի որ Ադրբեջանը երբեւէ չի «պատժվել» ուժի կիրառման համար, ավելին` կարողացել է մարսել ուժի կիրառման արդյունքները եւ օրակարգ թելադրողի դերում հանդես գալ: Այսօր էլ ցանկացած նոր պահանջ առաջ քաշելիս՝ սպառնում է ուժ կիրառել: Իսկ արտաքին դերակատարները թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով չեն խոչընդոտում դրան, ավելին` հաճախ դրդում են Հայաստանին գնալ զիջումների: Ամենամեծ խնդիրն այն է, որ գլոբալ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային վերաձեւումների ու ցնցումների այս բարդ փուլում, Հայաստանը հստակ չի սահմանում իր շահերը, օրակարգն ու նպատակները, այլ փորձում է այսրոպեական դիվիդենդներ քաղաքել` խաղալով ուժային կենտրոնների հակասությունների վրա: Իսկ Հայաստանի իշխանությունը մեկ խնդիր է հետապնդում` հնարավորինս երկարեցնել իր իշխանությունը: Որպես հետեւանք` Հայաստանի շահերը մանրադրամ են դառնում արտաքին խաղացողների ձեռքերում եւ Հայաստանը միայն նորանոր մարտահրավերների է բախվում:

– Ի՞նչ «ծանր փոխզիջման» մասին է խոսում ԱՄՆ-ը՝ վերջին՝ ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի շրջանակներում կայացած հանդիպումներից հետո. իշխանությունը լուռ է, ընդդիմության համոզմամբ՝ խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է:

Ի դեպ, խաղաղության հասնելու ճանապարհին «դժվարին փոխզիջումների» մասին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը խոսել էր նաեւ անցած տարի օգոստոսին՝ Արցախի վրա ադրբեջանական ռազմական ագրեսիայից մեկ ամիս առաջ։ 2023-ի սեպտեմբերին Արցախը հայաթափվեց, իսկ արդեն այս տարի Հայաստանը Ադրբեջանին վերադարձրեց Բաքվի պահանջած 4 գյուղերը ու չնայած հայտարարված առաջընթացին՝ արդեն երկու տարի բանակցվող խաղաղության պայմանագիրը դեռ իրականություն չի դարձել։

– Հրապարակային որեւէ հստակեցում չի եղել, թե ի՞նչ փոխզիջման մասին է  խոսքը, ուստի ենթադրությունները հիմնվելու են մինչ այդ արված հրապարակային հայտարարությունների եւ առկա գործընթացների վրա: Նախ հարկ է նշել, որ այս իրավիճակում ԱՄՆ-ի կողմից նման հավասարեցված մոտեցումը, բոլոր կողմերից ծանր փոխզիջումների անհրաժեշտության մասին խոսելը, ավելի քան արհեստական է, որովհետեւ վերջին տարիներին Հայաստանը միայն զիջում է ու զիջում, իսկ Ադրբեջանի ախորժակը որեւէ կերպ չի նվազում: Նման մոտեցումն ավելի է բացելու Ադրբեջանի ձեռքերը` առաջ տանելու Հայաստանին զիջումներ պարտադրելու իր քաղաքականությունը:  Զիջումների բովանդակության մասին խոսելիս չի բացառվում, որ իսկապես խոսքը կարող է, այսպես կոչված, միջանցքին վերաբերել, քանի որ վերջին շրջանում ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ ԱՄՆ-ն շահագրգռված է կոմունիկացիաների հնարավորինս արագ բացմամբ եւ ՌԴ-ին շրջանցող ուղիների գործարկմամբ: Խոսքը կարող է վերաբերել նաեւ ադրբեջանական «Արեւմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի թեզին, այսինքն` Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բնակեցմանը: Այս հարցը Ադրբեջանը հավասարեցնում է Արցախ հայերի վերադարձին եւ որեւէ հակադրության չի արժանանում պաշտոնական Երեւանից: Այս շարքը կարելի է շարունակել: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի կողմից նոր զիջումները չեն բերելու խաղաղության, այլ ընդամենը մեծացնելու են Բաքվի ախորժակը:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031