Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում միտում կա, որ արգանդի մարմնի քաղցկեղը կանանց քաղցկեղածին պաթոլոգիայում կզբաղեցնի երկրորդ տեղը. Արթուր Բոյաջյան

Հուլիս 20,2024 12:00

«Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ արգանդի պարանոցի քաղցկեղն աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում կանանց քաղցկեղածին պաթոլոգիայում, մինչդեռ Հայաստանում այս խնդիրը ներկայումս երկրորդն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո»,-ասում է ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Արթուր Բոյաջյանն ու միաժամանակ ընդգծում, որ Հայաստանում միտում կա, որ առաջիկայում արգանդի մարմնի քաղցկեղը կզբաղեցնի երկրորդ տեղը։

Բժիշկը հարցազրույցում անդրադարձել է նաև կանացի սեռական օրգանների քաղցկեղի առաջացման պատճառներին, բուժման մեթոդներին, պետության ֆինանսավորմանն ու քաղցկեղից հետո հղիանալու հնարավորությանը։

-Կանացի սեռական օրգանների քաղցկեղն արդյոք այլևս երեխա չունենալու դատավճի՞ռ է: Ո՞ր տեսակի քաղցկեղի դեպքում է հնարավոր բուժումներից հետո երեխա ունենալ։ Ի՞նչ ճանապարհով։ 

-Ո՛չ, դատավճիռ չէ։ Շնորհիվ ժամանակակից հետազոտությունների և վիրահատական մոտեցումների՝ հնարավոր է վաղ ախտորոշել չարորակ ուռուցքները, և եթե պացիենտը դիմում է վաղ փուլում` հնարավոր է երեխա ունենալ։ Օրինակ՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքում, վաղ փուլերում, երբ ուռուցքը փոքր է 2սմ-ից և տարածված չէ՝ այս դեպքում մենք հեռացնում ենք արգանդի պարանոցը, որից հետո պացիենտների մոտ 70 տոկոսը, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, կարողանում են հղիանալ։ Սակայն այս դեպքում արգանդի պարանոցի բացակայությունը մեծացնում է վիժման և վաղ ծննդաբերության ռիսկը, և, իհարկե, տվյալ դեպքում ծննդալուծումը կատարվում է կեսարյան հատումով։ Ցանկանում եմ ընդգծել, որ պետք է գոնե 1-2 տարին մեկ հետազոտվել, որպեսզի քաղցկեղը չդառնա դատավճիռ։

-Կանացի սեռական օրգանների քաղցկեղի ո՞ր տեսակներն են առավել տարածված Հայաստանում։

-Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ արգանդի պարանոցի քաղցկեղը 4-րդ տեղն է զբաղեցնում կանանց քաղցկեղածին պաթոլոգիայում։ Հայաստանում այս խնդիրը երկրորդն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Հայաստանում կանանց մոտ առավել տարածված քաղցկեղը կրծքագեղձի քաղցկեղն է և տարեկան 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվում։ Իսկ կանացի սեռական օրգանների դեպքում` առաջին տեղում արգանդի պարանոցի քաղցկեղն է, հետո արգանդի մարմնի քաղցկեղը, այնուհետև ձվարանների քաղցկեղը։ Հայաստանում միտում կա, որ արգանդի մարմնի քաղցկեղը կզբաղեցնի երկրորդ տեղը։ Այս միտումը պայմանավորված է նրանով, որ ներկայում բավական վաղ միջոցառումներ են կատարվում պապ, սքրինինգ թեստերով արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ախտորոշման համար։ Վերջին տվյալներով արգանդի մարմնի և արգանդի պարանոցի քաղցկեղի տարածվածության ցուցանիշները հավասար են։ Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում արգանդի մարմնի քաղցկեղը երկրորդ տեղն է զբաղեցնում։

-Որո՞նք են կանացի սեռական օրգանների քաղցկեղի կանխարգելման քայլերը։ 

-Վերջին տարիներին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի ծրագիր է կազմել, որի նպատակն է վերացնել արգանդի պարանոցի քաղցկեղ հիվանդությունը։ Այդ ծրագրով 15 տարեկան աղջիկների 90 տոկոսը պետք է պատվաստվեն, կանանց 70 տոկոսը սքրինինգային հետազոտություն պետք է անցնեն, ինչպես նաև արգանդի պարանոցի ցանկացած հիվանդություն ունեցող կանանց գոնե 90 տոկոսը պետք է բուժում ստանա։ Իսկ ընդհանուր առմամբ, կանխարգելման համար պետք է խուսափել սեռական վարակներից, գոնե 3 տարին մեկ պապ թեստ հանձնել, իհարկե մեծ դեր ունի չծխելն ու առողջ սննդակարգը։

-Աբորտը կամ սեռական կյանքով չապրելը կարո՞ղ են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ 

-Չծննդաբերող կանանց մոտ կրծքագեղձի չարորակ ուռուցքի առաջացման հավանականությունն ավելի բարձր է, քան ծննդաբերած կանանց մոտ։ Սակայն չկա որևէ ապացույց, որ հղիության արհեստական ընդհատումը բարձրացնում է, օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործակիցը, բայց միևնույն ժամանակ կան կարծիքներ, որ եթե աբորտը կատարվում է մինչև 18 տարեկան հասակում կարող է նպաստել կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը։ Կա նաև ձևավորված կարծիք, որ հաճախակի աբորտները հանդիսանում են արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն։ Սա բացատրվում է նրանով, որ արգանդի պարանոցի ցերվիկալ խողովակը աբորտի ժամանակ ենթարկվում է մեխանիկական վնասման, որն էլ իր հերթին նպաստում է բորբոքային պրոցեսների առաջացմանը, սրանք էլ նպաստում են քաղցկեղի առաջացմանը։ Այս թեմայով բավական հետազոտություններ կան կատարաված ԱՄՆ-ում և Եվրոպայում։

-Որո՞նք են կանացի սեռական օրգանների քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները։

-Պատճառները բազմազան են, մեծ դեր ունի մարդու պապիլոմավիրուսը, սեռավարակները, որոշ հորմոնալ դեղորայքները, գենետիկ նախատրամադրվածությունը, ծխելը, ճարպակալումը, շաքարային դիաբետը, ՄԻԱՎ-ը, վաղ սեռական կյանքով ապրելը, հաճախակի սթրեսային իրավիճակները, և սեռական օրգանների հաճախակի բորբոքային հիվանդությունները։ Բայց պետք է նշեմ, որ արգանդի վզիկի քաղցկեղի ժամանակ 80 տոկոսից ավելի առաջացման հիմնական պատճառը մարդու պապիլոմավիրուսն է՝ հատկապես 16, 18 շտամները։

-Ի՞նչ տարբերակով է հնարավոր կանխել մարդու պապիլոմավիրուսային վարակի առաջացումը։

-Գարդասիլ պատվաստանյութը կանխում է ՄՊՎ-ի հետևանքով քաղցկեղի առաջացումը։ Հայաստանում 13 տարեկանից սկսած կարելի է աղջիկներին պատվաստել, այսինքն՝ մինչև սեռական կյանքով զբաղվելը։ Պատվաստումը կատարվում է երեք փուլով, իսկ որոշ երկրներում նաև տղամարդկանց են պատվաստում Գարդասիլով՝ սեռական օրգանների քաղցկեղը կանխելու նպատակով։

-Հայաստանում լայն տարածում գտավ այն տեսակետը, թե Գարդասիլը վնասակար է աղջիկ երեխաների վերարտադրողական օրգանների համար։

-Ապացուցված դեպք չկա, որ Գարդասիլով պատվաստվելը կարող է անպտղություն առաջացնել։ Ցանկացած դեղորայք կարող է ունենալ կողմնակի ազդեցություն՝ սրսկման տեղում ցավ, կարմրացություն, ալերգիկ ռեակցիաներ։ Վերջին տասը տարվա մեջ ամբողջ աշխարհում բավականին մեծ թվով պատվաստումներ են կատարվել և ըստ ցուցանիշների՝ 1մլն 700 հազար պատվաստման դեպքում ունենում ենք 1 անաֆիլակտիկ շոկ, որը կարող է 1 մահվան պատճառ դառնալ։ Մինչդեռ տարեկան կտրվածքով ունենում ենք 600 000-ից ավելի քաղցկեղի նոր դեպք, որից 340 000-ը մահացու ելքով է ավարտվում։ Հետևաբար Գարդասիլով պատվաստումը լավագույն միջոցն է։

-Ժամանակակից բժշկությունն ի՞նչ այլ մեթոդներ է կիրառում կանացի սեռական օրգանների քաղցկեղը բուժելու համար։ Ե՞րբ է ցուցված վիրահատական միջամտությունը։

-Բուժման համար նախ ճիշտ ախտորոշել է պետք, այսօր մենք ունենք ժամանակակից հետազոտման մեթոդներ, որոնց շնորհիվ կարողանում ենք ճիշտ ախտորոշել խնդիրը, այդ մեթոդներից են կոլպոսկոպիան, մորֆոլոգիական հետազոտությունները, իմունոմորֆոլոգիական հետազոտությունը, սոնոգրաֆիան, ՄՌՏ-ն, այսինքն՝ մենք այս մեթոդների կիրառմամբ կաողանում ենք ճիշտ ախտորոշել և ընտրել բուժման ճիշտ մոտեցումը։ Չարորակ հիվանդություններն ունեն 4 փուլ: Կախված տեղակայումից և փուլավորումից՝ որոշում ենք, թե ինչ մոտեցում ցույց տալ տվյալ պացիենտին։ Բուժման մեթոդները տարբեր են, որոնց թվում են՝ ճառագայթային բուժումը, քիմիաթերապիան, վիրահատական միջամտությունը։

Օրինակ արգանդի պարանոցի քաղցկեղի սկզբնական՝ առաջին փուլում և երկրորդ փուլերի որոշ դեպքերում կատարվում է բավական բարդ վիրահատություն, որից հետո նշանակվում է ճառագայթային բուժում, եթե դրա կարիքը լինում է: Իսկ ուշ փուլերում՝ 3-րդ և 4-րդ փուլերի դեպքում, հիմնական բուժումը ճառագայթային բուժումն է զուգակցված քիմիաթերապիայի հետ։

-Քաղցկեղի բուժման ընթացքում ո՞ր միջամտությունները կամ հետազոտություններն է պետությունը ֆինանսավորում և բուժման ո՞ր հատվածն է ընկած պացիենտի ուսերին։

-Հաստատված քաղցկեղի դեպքում վիրահատական բոլոր միջամտությունները Հայաստանում կատարվում են անվճար՝ պետպատվերի շրջանակում։ Այսինքն՝ երբ հիվանդի մոտ ախտորոշվում է քաղցկեղ և նշանակվել է  վիրահատական բուժում՝ բոլոր հետազոտությունները, վիրահատությունը, դեղորայքային բուժումը կատարվում են պետպատվերի շրջանակում՝ անվճար։ Իսկ եթե խոսքը վերաբերում է քիմիաթերապիային՝ ապա այն կատարվում է համավճարի սկզբունքով, այսինքն՝ հաշմանդամության կարգ ունեցող պացիենտներին պետությունը տարեկան տրամադրում է 300․000 դրամ, իսկ կարգ չունեցողներին` 150․000 դրամ։ Սակայն, կան դեղորայքներ, որոնք թեպետ բավական թանկ արժեն, բայց տրամադրվում են անվճար, օրինակ, աբաստինը: Վերջերս ստացել ենք հերցեպտին, որը նույնպես պետության կողմից տրամադրվում է անվճար։ Եթե տվյալ պահին հիվանդանոցն ունի այդ դեղը, և պացիենտը կարիք ունի տվյալ դեղի՝ ապա այն տրամադրվում է անվճար։

Նարա Մարտիրոսյան

«Առավոտ» օրաթերթ
19.07.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031