Լրահոս
Օրվա լրահոսը

Շոլց․ Ամենամեծ նպատակը կլիներ խաղաղության փոխըմբռնման հասնելը մինչև Ադրբեջանում COP-ի անցկացումը. «Ա1+»

Հուլիս 19,2024 23:03

«Ա1+». Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Լոնդոնում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ունեցած մամուլի ասուլիսում կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած առանձին զրույցները։

Ըստ նրա, 2024 թվականը կարող է խաղաղության տարի դառնալ տարածաշրջանի համար և ամենամեծ նպատակը կլիներ խաղաղության փոխըմբռնման հասնելը մինչև Ադրբեջանում COP-ի անցկացումը։

«Այս տարին շատ կարևոր է տարածաշրջանի համար, այս տարին կարող է խաղաղության տարի դառնալ, եթե կողմերը վճռական և համարձակ քայլեր անեն իրար ընդառաջ։ Ես օգտվեցի հնարավորությունից` հորդորելով նրանց անել դա։ Եվրոպան կսատարի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն հաստատելու ճանապարհին, որը կլինի տևական և երկարաժամկետ լավ համագործակցություն կապահովի այս երկու երկրների միջև, որոնք հարևաններ են»,–ասել է նա։

Շոլցը, պատասխանելով այն հարցին, թե ինչ եզրակացություններ կարող է անել իր հանդիպումներից, երբ երկու երկրների հարաբերությունները դեռ լարված են, նշել է, որ կողմերն ինտենսիվ բանակցում են և, հաճախ, կառուցողական մոտեցմամբ։

«Արդեն բազմաթիվ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանային որոշ հարցերի, բնակավայրերի և գերիների վերադարձի վերաբերյալ։ Ինչ-որ բան իսկապես տեղի է ունեցել, և բոլորը, ում հետ ես խոսել եմ այստեղ, համարում են, որ վերջնական խաղաղության համաձայնագրին խոչընդոտող հարցերի ավելի քան 90 տոկոսը լուծված է: Ես բանակցություններից գիտեմ, որ վերջին տոկոսը երբեմն կարող է շատ բարդ լինել, բայց կարող եմ ասել, որ ավելի լավատես եմ, քան, օրինակ, անցյալ տարի։ Մենք միշտ սատարել ենք և պատրաստ ենք շարունակել դա, և երկու կողմերն էլ մեզ ընկալում են որպես լավ զրուցակից։ Օգտակար է, երբ կան մարդիկ, որոնք կարող են միավորել կողմերին

Ամենամեծ նպատակը բոլորի համար, իհարկե, կլիներ այն, որ սկզբունքորեն հնարավոր լիներ հասնել հիմնարար փոխըմբռնման մինչև Ադրբեջանում կայանալիք COP-ը։ Բայց, պետք չէ ժամանակից առաջ ընկնել, սակայն, կարծում եմ, որ նման հավակնություններ կան՝ դա լավ կլիներ»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031