Քիչ առաջ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում (նախագահող դատավոր Վահագն Մելիքյան) ավարտվեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը։ Նիստը դռնփակ էր։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Դավիթ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց՝ դատավոր Վահագն Մելիքյանի հետ որևէ ազգակցական կապ չունի։ Այնուհետև տեղեկացրեց՝ քննիչն իր բանավոր դիրքորոշումը ներկայացնելիս ի տարբերություն այն գրավոր տեքստի, որ իրենց ձեռքի տակ էր, վերահաստատեց, որ վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածը ոչ թե առավոտյան ժամը 07․00-ից երեկոյան ժամը 19։00-ն են պահանջում, այլ երեկոյան 19։00-ից առավոտյան 07․00։ Ցերեկը Դավիթ Սարգսյանն՝ ըստ քննիչի միջնորդության կարող է ազատ լինել, տնից դուրս գալ․ «Մենք մեր դիրքորոշումը ներկայացրինք, որ կտրականապես դեմ ենք միջնորդությանը։ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ երկու օր առաջ կայացված ենթադրում էր, որ չի կարող առհասարակ վարչական միջոց վերահսկողություն կիրառվել, եթե դատարանն այդպես կարծեր, ոչ թե ամբողջությամբ կբավարարեր բողոքը պաշտպանական կողմից ներկայացվող, այլ մասնակի կբավարարեր, բայց մենք նաև անդրադարձանք քննիչի կողմից ներկայացվող այն կոնկրետ սահմանափակումներին, ցույց տվեցինք դրա և գործի հանգամանքների միջև որևէ կապի բացակայությունը»։
Նշենք, որ դատարանը որոշումը կհրապարակի ժամը 21։00-ին։
Ռուբեն Մելիքյանն ասաց՝ ողջունելի էր, որ քննիչը դատական վարույթի ընթացքում իր դիրքորոշումը հստակեցրեց ու նշեց․ «Այն իշխանությունները, որոնք իսկապես դատական իշխանության մասին են մտածում, պետք է մի հարցի շուրջ մտածեն՝ նորմա՞լ է արդյոք, որ այս միջնորդությունները ձևակերպվում են՝ որպես զրոյից բերված միջնորդություններ՝ առանց նախորդ դատական ակտերի հետ որևէ կապի։ Մեր համոզմամբ ոչ, որովհետև հիմքերը նույնն են, փաստական տվյալները նույնն են, հետևաբար պետք է նաև ողջամիտ ջանասիրությունը հիմնավորվի, որ այս ընթացքում իսկապես գործ են արել և մյուս բոլոր հետևանքները»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ