Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան․ «Ալիեւը ցույց է տալիս իր արհամարհանքը եւ պահանջում, որ միայն ու միայն Ադրբեջանի կողմից պարտադրված պայմաններում իրականացվի, այսպես կոչված, բանակցային գործընթացը»

Հուլիս 19,2024 20:20

Հայաստանի առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում խոսելով փաշինյանների ընտանիքի եվրոպական զբոսաշրջության եւ Ալիեւի հետ Լոնդոնում չկայացած հանդիպման մասին, ասաց․ «Մենք գիտենք, որ այդ նույն ինքնաթիռում պետական բյուջեից ծախսված գումարներով էլի բավականին շատ  մարդ է եղել։ Դա վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի եւ նրա տիկնոջ կողմից արհամարհանք է երեք միլիոն վարչապետների, արհամարհանք է ամբողջովին հայ ազգի, հայության եւ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ։

Եվ հեծանվով շրջագայությունը, նոր կոստյում ցուցադրելը, դրանք բոլորը նախաբան էին, որ պետք է հանդիպում կայանա Լոնդոնում Ադրբեջանի՝ ամբողջովին լկտիացած նախագահի հետ։ Եվ հենց այդ նախագահ Ալիեւը, ինչքան ինձ է հայտնի, հրաժարվել է հանդիպումից։ Հարց է ծագում, ինչո՞ւ։

Ես անդադար կրկնում եմ մի քանի տխուր, մինչեւ անգամ՝ դաժան իրողություններ, որի հետ, կարծես թե, Հայաստանի բնակչության մի մասը չի ուզում համաձայնել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված, այսպես կոչված, եռակողմ հայտարարությունը ինքնագոհ Ալիեւը համարում է որպես «հայրենական պատերազմում» հաղթանակած եւ Հայաստանին կապիտուլյացիա պարտադրած կողմ։

Եվ ես կցանկանայի, որ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, թե որն է տարբերությունը կապիտուլյացիայի պայմանագրի եւ խաղաղության պայմանագրի միջեւ, անպայման տեղեկանան, որ միջազգային պրակտիկայում կան կապիտուլյացիայի հայտնի դեպքեր․ 1940 թվականի Ֆրանսիայի կապիտուլյացիան Գերմանիայի առջեւ եւ 1945 թվականին Գերմանիայի կապիտուլյացիան հաղթող կողմերի առջեւ։

Երկու դեպքում էլ հաղթող կողմը պարտադրում էր մյուս կողմին իր պայմանները։ Մասնավորապես, զինաթափել բանակը։ Դուք գիտեք, որ գլխավոր հրամանատարի՝ Նիկոլ Փաշինյանի, հրամանով զինաթափել են Արցախի պաշտպանության բանակը։ Ես հասկանում եմ բոլոր քաղաքական գործիչներին եւ մասնագետներին, որոնք չեն ուզում անդրադառնալ ու ավելի մանրամասնել այդ դեպքերը։ Բայց այն, ինչ որ բոլորին հայտնի է, եկեք այսօր մենք հստակեցնենք։ Այո, գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի հրամանով զինաթափվել է Արցախի պաշտպանության բանակը, որն ընդհանուր միասնական անվտանգությունը ապահովող ռազմավարության մեջ դիտարկվում էր հենց որպես բնականոն մաս այն դեպքերում, երբ վտանգ կա։ Տվյալ դեպքում Ադրբեջանը  ցեղասպանական ագրեսիա  է գործել։ Ու այդ դեպքերի համար Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միասնական անվտանգության պայմաններից մեկը եղել է այն, որ գլխավոր հրամանատարը գործող վարչապետն է։

Ի՞նչ է արել Ալիեւը։ Նա զինաթափել է բանակը, պահանջել է, որ հրաժարվեն ամբողջ այդ տարիների, եթե չասեմ, մեկ դարից ավելի, Արցախի ազատագրության պայքարից։ Եվ դրա մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին իր համաձայնությունը տվել եւ ստորագրությունը դրել է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որն այդ իրավունքը եւ լիազորությունը չունի։ Այսինքն, Ալիեւը դրանից հետո այդ անձնավորությանը եւ Հայաստանը, որի անունից խոսում է այդ անձնավորությունը, ընկալում է որպես կապիտուլյացիայի հետ համաձայնած կողմ։

Դրանից հետո երկար ու բարակ խոսել խաղաղության պայմանագրի կամ բանակցությունների մասին, ավելորդ է։ Եկեք առերեսվենք դաժան իրողության հետ։ Հայաստանը ներկայացնող բոլոր բարձրաստիճան անձանց եւ իրեն «հայրենական պատերազմում» հաղթած կողմի  բոլոր ներկայացուցիչների հանդիպումները չեն ընթանում որպես բանակցություններ երկու հավասար կողմերի միջեւ։ Խիստ հակառակը․ Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է այս կամ այն պայմանը։ Եվ դա տեղի է ունենում ՀՀ իշխանությունների կողմից քաղաքացիների կոպիտ շանտաժի պայմաններում:

Հայաստանն այսօր այնպիսի իրավիճակում է, որ Ալիեւը կարող է հանդիպել, բայց ցույց է տալիս իր արհամարհանքը եւ պահանջում է, որ ամբողջովին միայն ու միայն Ադրբեջանի կողմից պարտադրված պայմաններում իրականացվի, այսպես կոչված, բանակցային գործընթացը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031