Փաստաբան Սերգեյ Հարությունյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները ԲԴԽ-ի կողմից դադարեցնելուն՝ ասաց․ «Բազմիցս նշել եմ․այն դատավորները, որոնք փորձում են ինչ-ինչ ձեւերով հաճոյանալ եւ դուր գալ իշխանություններին, միեւնույն է, վտանգված են, որովհետեւ իշխանությունների համար կարեւոր չէ՝ դատավորը ծառայե՞ց, ի՞նչ աստիճանի ծառայեց։ Նրանք խոցելի են եւ յուրաքանչյուր պահի, ինչը ցույց տվեց Աննա Դանիբեկյանի դեպքը, կարող են հայտնվել աշխատանք չունեցողների կարգավիճակում։
Իշխանության գալուց ի վեր ներկայիս վարչախումբը ամեն կերպ փորձել է դատական իշխանությունը՝ դատարանները, գրպանել եւ իրենցով անել։ Հիշում ենք․ «վնգստացող դատավորներ», ահաբեկում դատավորների նկատմամբ, դատարանների շրջափակում, քրեական գործերի հարուցում, երբ դատավորը իշխանությունների համար ոչ ցանկալի որոշում, վճիռ էր կայացնում, հայտնվում էր կալանավայրում։
Ինչ տեղի ունեցավ Աննա Դանիբեկյանի պարագայում, կարծում եմ, արդարացի էր։ Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ մենք հիշում ենք՝ ինչ ժամանակահատված էր։ Երկրորդ նախագահն այդ ժամանակահատվածում գտնվում էր անազատության մեջ եւ ինչպիսի մթնոլորտ էր այդ դատական նիստերի ժամանակ։
Պարզ էր, որ որքան էլ փորձեր, միեւնույն է, չէր գնահատվելու։ Ես վստահ եմ․այն դատավորները, որոնք իշխանահաճո չէին եւ ԲԴԽ-ի կողմից անհիմն, ապօրինի կերպով հեռացվեցին, եվրոդատարանի միջոցով վերականգնվելու են։ Բայց չեմ կարծում, որ դա կլինի նաեւ Դանիբեկյանի պարագայում։
Կարդացեք նաև
Սա թող նաեւ դաս լինի մյուս դատավորներին, իրավապահ համակարգի մյուս աշխատողներին, որոնք ապօրինի գործողություններ կատարելով ամեն կերպ փորձում են ծառայել ներկայիս վարչախմբին եւ պատճառաբանում-արդարանում են, թե տուն, երեխա են պահում, աշխատանքը կկորցնեն։
Նորից մենք հանգում ենք նրան, որ ներկայիս վարչախմբի, հատկապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար չկան մշտական յուրայիններ։ Կարող է կախիչի համար վիրավորել, ստորացնել, հետո պաշտոն փոխել, կարող է մարդկանց նախարարի բարձր պաշտոն տալ, հետո ուղարկել տնային կալանքի։ Պատժել այն մարդկանց, որոնք ուղն ու ծուծով նվիրված էին իրեն ու ծառայում էին։ Հետեւաբար, թող սա դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր սահմաններն անցնում են․ լինի պատգամավոր, նախարար, դատավոր, քննիչ, թե դատախազ։ Այդպիսիք պետք է գիտակցեն, որ իրենց արածներով որքան էլ փորձեն հաճոյանալ, միեւնույն է, իրենք իրավական դաշտից դուրս են, երբ որ անհիմն, ապօրինի գործողություններ են կատարում միայն հաճոյանալու համար։ Եվ յուրաքանչյուրը կարող է հայտնվել Դանիբեկյանի իրավիճակում։
Նիկոլի խոսքը՝ «վնգստացող դատավորներ», կարելի է ասել, բոլոր դատավորների արժանապատվությանը կպնել էր։ Դրանից հետո գտնվեցին իրոք արժանապատիվ մարդիկ, որոնք իրենց դիրքորոշումը, պահվածքը լիարժեք ցույց տվեցին։ Կրկնում եմ, այդ դատավորները վերականգնվելու են Եվրոպական դատարանի կողմից, անգամ մինչեւ իշխանափոխությունը։ Բայց հարցն այն է, թե այդ դատավորները կցանկանա՞ն աշխատել այս մթնոլորտում, երբ ԲԴԽ-ն, որը լիարժեք դարձել է մահակ դատական իշխանության վրա ճնշումներ իրականացնելու, մարդկանց ահաբեկելու»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ